Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարվել է, բայց խնդիրը շարունակում է օրակարգային մնալ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարվել է, բայց խնդիրը շարունակում է օրակարգային մնալ

Օգոստոսի 8-ին Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, սակայն այն շարունակում է ծխալ։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետարանը, համագործակցելով Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։

«Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել է շուրջ 30 միավոր տեխնիկա, որով իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանի օգոստոսի 10-ին տարածած տեսանյութում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է․ «Օգոստոսի 8-ի ուշ երեկոյան Նուբարաշենի խճուղին հարող տարածքում՝ աղբի տեղադրման վայրում, բռնկվել է հրդեհ բավական մեծ ծավալով՝ ընդգրկելով հարավային թևն ամբողջությամբ։ Ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, և օգոստոսի 9-ի լույս առավոտ արդեն կրակը մարված էր, բայց շարունակում էր ծխալ ամբողջ այս տարածքը։ Եվ ծուխը սկսեց տարածվել մայրաքաղաքի տարածքով։ Անմիջապես օգոստոսի 9-ի առավոտից Երևանի քաղաքապետարանի բոլոր ուժերով ձեռնամուխ ենք եղել ռեսուրսների մոբիլիզացիայի։ Միակ ճանապարհը փրկարար ծառայության հետ համաձայնեցված է՝ տարածքը հողի շերտով պատելն է, ինչը կարող է մարել ծուխը։ Մոբիլիզացվել է շուրջ 30 միավոր տեխնիկա, ինքնաթափեր և ամբարձիչներ, որոնք ապահովեցին վարչական շրջանի ղեկավարները։ Մինչև ուշ երեկո իրականացվել են հողի տեղափոխման աշխատանքներ։ Մեզ հետ այստեղ շուրջօրյա հերթապահում է փրկարար ծառայությունը, հսկայական հրդեհաշիջման աշխատանքներ են անում փրկարարները, հիմա էլ շարունակում են ջրով մշակել ամբողջ տարածքը՝ ծուխն ամբողջությամբ մարելու համար։ Այսօր առավոտից վերսկսվել են աշխատանքները, կշարունակվեն մինչև ծխի ծածկույթի ամբողջ վերանալը»։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն օգոստոսի 11-ին ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվությունը՝ օգոստոսի 1-10-ի համար, այդ թվում՝ անդրադարձել Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհին և մթնոլորտային արտանետումներին։

«Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Ամենից բարձր գերազանցում դիտվել է Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ:

Օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ։ Ամենից բարձր գերազանցումը դիտվել է կրկին Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ:

Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։

Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ․ առաջին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:

Նուբարաշենի աղբավայրի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն՝ օգոստոսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։

Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց. «Աղբավայրի խորքում առաջանում է մեթան գազ։ Մեթանն անցքերով դուրս է գալիս մակերևույթ։ Եթե այդ տեղում կա հրդեհի աղբյուր, լինի դա վառված լուցկի կամ արևի ճառագայթների անդրադարձ (ապակու միջոցով), բռնկվում է հողի մակերևույթը։ Բաց այրման ժամանակ ոչ միայն մեթանն է այրվում, այլև շրջակայքում գտնվող այլ նյութեր՝ օրգանական միացություններ, պլաստիկ նյութեր։ Դրանք մթնոլորտ են արտանետում վտանգավոր նյութեր, օրինակ՝ դիոքսիններ, որոնք քաղցկեղածին միացություններ են և տարածվում են օդում՝ ներթափանցելով մարդու շնչառական համակարգ և կարող են վնասել մարդու առողջությունը»։

Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծել համակարգային ձևով։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով նախատեսված է աստիճանաբար նվազեցնել օրգանական կենսամիացությունների տեղափոխումն աղբավայր, որը մեթանի առաջացման աղբյուրն է։ «Հայաստանում աղբի տեսակավորումը համակարգային չի արվում, այդ գործընթացը ոչ ոք չի վերահսկում։ Մարդիկ իրենց բոլոր կենցաղային մնացորդները միասին տեղափոխում են աղբավայր» ,- ասաց նա։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» և Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծ է մշակվել, որը կարող է մեղմել իրավճակը։ Նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրենսդրական փաթեթը նպատակ ունի Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է արտադրողների և ներմուծողների կողմից որոշ ապրանքատեսակների առաջացրած հատուկ թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծում և արդյունավետ գործունեության ապահովում։

Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ստեղծել Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ), որոնք կապահովեն ֆինանսական միջոցների հավաքագրման արդյունավետ և ինքնածախսածածկող տնտեսական մոդել, կկարգավորեն իրենց փոխհարաբերությունները արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանում թափոնների առանձին տեսակների կրկնօգտագործման, օգտահանման և վերամշակման արդյունքում կնվազեցվի աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալը։

«Նախագիծը նախատեսում է, որ որոշ թափոնների նկատմամբ պատասխանատվությունը պետք է կրի դրանք ներկրողը կամ արտադրողը։ Պետք է ստեղծվեն ընկերություններ, որոնք կղեկավարեն այդ թափոնների ամբողջ ճանապարհը՝ արտադրությունից մինչև վերամշակում»,- ասաց Ռոզա Ջուլհակյանը։ 

Փորձագետի կարծիքով՝ ներկայում ամենաիրական լուծումն աղբավայրը լայն հողի շերտով ծածկելն է, ինչպես պոչամբարների դեպքում է արվում՝ հողի վրա բուսականություն ցանելով և կանխելով հողի քայքայումը։ «Դա կնվազեցնի մթնոլորտային օդի աղտոտումը, բայց աղբը, հողի տակ մնալով, կարող է շարունակ աղտոտել ստորերկրյա ջրերը։ Նոր աղբավայրերի համար կարելի է կիրառել գեոմեմբրանային տեխնոլոգիաներ՝ ի սկզբանե հողի տակ մեկուսիչ շերտ դնելով։ Բայց ներկա իրավիճակում անհրաժեշտ են շտապ միջոցառումներ»,- ասաց նա։



Օգոստոս 12, 2025 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր