ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կլիմայի մասին» օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կլիմայի մասին» օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը սույն թվականի օգոստոսի 21-ի նիստում հավանություն տվեց «Կլիմայի մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին։

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ կլիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։

«Կլիմայի մասին» օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝

1)   ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն ՀՀ միջազգային պարտավորությունների և հանձնառությունների

2)   կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:

«Կլիմայի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝

  • կլիմայական քաղաքականության շրջանակը
  • կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում պետական, տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը
  • կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի կարգավիճակը
  • կլիմայական ֆինանսավորման մեխանիզմները
  • կլիմայական քաղաքականության կարգավորիչ գործիքները, չափումները, հաշվետվողականությունը և հավաստագրումը
  • կլիմայական քաղաքականության իրականացման շրջանակներում միջազգային համագործակցությունը
  • կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունը և մատչելիությունը
  • կլիմայական գիտությունների ոլորտում կրթությունը և գիտությունը
  • կլիմայական օրենսդրությունը խախտելու համար ինչպես նաև պատասխանատվությունը։

Օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի՝

  • երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման
  • դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի
  • ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման
  • հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման
  • այդ գործընթացների  համակարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման ու զարգացման
  • ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգացումների ուղղորդման համար:

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է՝

  • հստակ սահմանված կլիմայական նպատակներ և ոլորտային զարգացման քաղաքականություններում ներկառուցված կլիմայական նկատառումներ
  • պատշաճ սպասարկվող միջազգային հանձնառություններ
  • կլիմայական քաղաքականության ռազմավարական շրջանակ
  • հստակ սահմանված իրավասությունների և պարտականությունների շրջանակ
  • ներդրված նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ
  • ՋԳ արտանետումների, ստացված աջակցության և քաղաքականության իրականացման արդյունքների  հաշվառման ինստիտուցիոնալ համակարգ:

Կլիմայական քաղաքականության նպատակներն են ջերմոցային գազերի արտանետումների շարունակական կրճատումը և կլանիչների զարգացումը, կլիմայի փոփոխության նկատմամբ բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության հետևողական նվազեցումը:

«Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականին գույքագրված 25,814.53 Գգ CO2 համեմատ 1995 թվականին նվազել էր մինչև 7,270.48 Գգ CO2 համ.։ 2019 թվականի դրությամբ դրանք կազմում են արդեն 11,150.8 հազար տոննա CO2 համ., որից 64 տոկոսը առաջանում է Էներգետիկայի ոլորտից, գյուղատնտեսության ոլորտից կազմում է 18.8 տոկոս, արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում ոլորտից՝ 11.5 տոկոս, իսկ թափոնների ոլորտից՝ 5.6 տոկոս:

Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) համաձայն 2030թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Մինչև 2026 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախավորում է ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն 7 տոկոս մակարդակ: Եթե ջերմոցային գազերի արտանետումների աճի միտումները չզսպվեն, ապա արտանետումները համադրելի կլինեն նպատակադրվող կուտակային տնտեսական աճի մակարդակի հետ», - նշված է օրենքի նախագծում։

«Կլիմայի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պետք է փոփոխություններ և լրացումներ կատարվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»,  «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Կրթության մասին», «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքներում։

Օրենսդրական փաթեթը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝   «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԳ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի, ինչպես նաև ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան - խոստումից ազդեցություն» ծրագրի աջակցությամբ:

Օգոստոս 22, 2025 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր