

Գործադիրը ս․թ․ օգոստոսի 28-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» (WISE) 80,000,000 դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից.
- Ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում
- Գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում
- Ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում
- Ծրագրի կառավարում
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կլիմայի դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ բազմափուլ ծրագրային մոտեցման կիրառմամբ 10-ամյա ժամանակահատվածում իրականացվող ծրագիրը բաղկացած կլինի երկու փուլից, որը նպատակ ունի ուժեղացնել ինստիտուցիոնալ կարողությունները, հատկապես՝ ջրառ և ջրօգտագործող ընկերությունների և տեղական կառույցների կարողությունների զարգացման միջոցով, ապահովել ծառայությունների ֆինանսական կայունություն՝ սակագնային բարեփոխումների, ծախսերի փոխհատուցման և մասնավոր հատվածի ներգրավման խթանման միջոցով, օգտագործել տեղային և մասշտաբայնացման մեխանիզմներ՝ նախքան լայնածավալ ներդրումների իրականացումը և ստեղծել բարենպաստ միջավայր մասնավոր ներդրումների համար։
Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախորդ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է։ Նախատեսվում է համաֆինանսավորում նաև Զարգացման ֆրանսիական գործակալության /Agence Française de Développement (AFD) կողմից։
Սեպտեմբեր 01, 2025 at 13:25