

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապամոնտաժել է Բնության հուշարձան հանդիսացող Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ու առգրավվել այն։
Հիշեցնենք, որ օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, ըստ որի՝ բնության հուշարձանից մի քանի տարի շարունակ կատարվում է ապօրինի ջրառ։ «Արդեն 7 տարուց ավելի է՝ Գեղամա Լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից, որն, ի դեպ, 2022 թ-ից համարվում է բնության հուշարձան, կատարվում է ապօրինի ջրառ, որի արդյունքում լճի հայելու մակերեսը տարեցտարի փոքրանում է։ Այդ հարցով դեռ 2020-2021թթ․ անձամբ դիմել եմ Ռոմանոս Պետրոսյանին, ում ջանքերով նաև Աժդահակ և Կարմիր կատար լեռները ստացան հուշարձանի կարգավիճակ, սակայն իրավիճակը դրանից չի բարելավվել։ Գեղամա լեռնազանգվածում կա ընդամենը 3 խառնարանային լիճ, որից Արմաղանի լիճը բնական ճանապարհով ամեն տարի ցամաքում է, Կարմիր կատարն ապօրինի ջրառի միջոցով է ցամաքեցվում, իսկ հետո հերթը կհասնի Աժդահակին։ Եկեք միասին պաշտպանենք մեր լեռները, որ իրենք էլ մեզ պաշտպանեն» ,- նշված էր ահազանգի մեջ։
Տեսանյութին արձագանքած տեսչական մարմնից պաշտոնապես հայտնել էին, որ տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ։
Ս․թ․ սեպտեմբերի 1-ին տեսչական մարմինը հաղորդեց, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։ «Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։ Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սեպտեմբեր 02, 2025 at 16:38