Ինչպես պետք է Հայաստանը ներկայանա COP 17-ին՝ մասնագիտական աշխատաժողով Երևանում

Ինչպես պետք է Հայաստանը ներկայանա COP 17-ին՝ մասնագիտական աշխատաժողով Երևանում

2025թ․ հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Վաղ գործողությունների աջակցություն՝ «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» համատեքստում» դրամաշնորհային ծրագրի ավարտական աշխատաժողովը։

Ավարտական աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև մշակված ռազմավարության ներքո սահմանված ազգային նպատակներն ու թիրախները։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Եսոյանը։ 

Արամ Մեյմարյանը նշեց․ «Այս փոփոխվող աշխարհում կարևոր է, որ տնտեսական զարգացումը համահունչ դարձնենք բնապահպանությանը։ Այդ ժամանակ կարող ենք ավելի ցածր արժեքով ֆիանսավորում ներգրավել և որակ ստանալ մեր տնտեսության համար։ Գիտահեն մոտեցումները, գիտելիքը և փորձը շատ կարևոր են այս գործընթացում»։

Արմեն Եսոյանը նշեց․ «Ծրագրի արդյունքում մենք երկար աշխատանք ենք իրականացրել՝ ներգրավելով բազմաթիվ շահագրգիռ կողմերի։ Այս աշխատանքի հիմնական արդյունքի ստեղծման թիմը գիտական հանրույթն է։ Ունենք բավականին առողջ քննադատություններ։ Այդ թիմը համարում եմ մեր գրասենյակի ու նախարարության հետ աշխատող թիմ՝ կենսաբազմազանության պահպանության աշխատանքներում»։

Ծրագրի համակարգող Մարգարիտ Գասպարյանը նշեց, որ Ծրագրի գործողությունները մեկնարկել են 2024թ․ օգոստոսին։ «Կոնվենցիայի 15-րդ համաժողովի ընթացքում ընդունվել է կենսաբազմազանության գլոբալ շրջանակը և երկրների առջև ծառացել են նոր պարտավորություններ՝ համապատասխանեցնելու իրենց քաղաքականության շրջանակները, ռազմավարական նպատակները և թիրախներն այս նոր շրջանակին։ Ծրագրի հիմնական նպատակն է եղել տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմ երկրներին, որպեսզի իրենց ազգային ռազմավարությունները, գործողությունների ծրագրերը, ազգային թիրախները, մոնիթորինգի շրջանակները, ֆինանսական պլանավորումը համապատասխանեցնեն կենսաբազմանության գլոբալ շրջանակին»։

Ծրագիրն ունեցել է 4 փոխկապակցված բաղադրիչներ, որոնցից առաջինը թիրախավորել է ազգային ռազմավարության և գործողությունների կիրառումը, ծրագրի մշակումը ներառյալ ազգային թիրախները։ 2-րդ բաղադրիչը նպատակաուղղված է եղել մշտադիտարկման համակարգերի գնահատմանը և բարելավմանը։ 3-րդ բաղադրիչը քաղաքականության և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերանայման է ուղղված եղել։ 4-րդ բաղադրիչը թիրախավորել է կենսաբազմազանության ոլորտի ֆինանսական պլանավորումը։ 

Ծրագրի կենսաբազմազանության ավագ փորձագետ Արսեն Գասպարյանը ներկայացրեց Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (ԿԱՌԳԾ) ներքո սահմանված ռազմավարական նպատակներն ու ազգային թիրախները։

Նրա խոսքով՝ մշակված փաստաթուղթը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ ազգային մակարդակում իրականացման հիմնական գործիքն է։ «Այս գործիքը պետք է համապատասխանի առաջին հերթին կոնվենցիայի տեսլականին, առաքելությանը, երկարաժամկետ նպատակներին և 23 գլոբալ թիրախներին։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Կենսաբազմազանության ազգային ռազմավարություն գործողությունների ծրագիրը համապատասխանի այն ակնկալիքներին, որոնք մեզնից ունեն նաև որպես կողմ ընդունող երկիր»,- ընդգծեց Արսեն Գասպարյանը։ 

Ռազմավարության ազգային տեսլականով մինչև 2050թ․ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը պահպանված է, օգտագործվում է կայուն, իսկ դեգրադացված էկոհամակարգերը վերականգնված են և ապահովում են մարդկանց բարեկեցության համար անհրաժեշտ էկոհամակարգային ծառայությունները:

Փաստաթուղթն ունի 5 ռազմավարական նպատակ, 30 ազգային թիրախ և 110 գործողություն։

Ռազմավարական նպատակներն են․

  • Պահպանել Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի գենետիկ և տեսակային բազմազանությունը, բարելավել վտանգված տեսակների բնապահպանական կարգավիճակը։ 
  • Վերականգնել և պահպանել էկոհամակարգերի ամբողջականությունը, փոխկապակցվածությունը և կայունությունը։ 
  • Ապահովել կենսաբազմազանության կայուն օգտագործումը, էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների արժևորումը, պահպանումը և վերականգնումը։
  • Երաշխավորել գենետիկական ռեսուրսներից և թվային հաջորդականություններից ստացվող դրամական և ոչ դրամական միջոցների արդարացի բաշխումը՝ հասանելիությունը տեղական համայնքների և այլ շահառուների համար։
  • Ապահովել ֆինանսական նյութատեխնիկական և մարդկային անհրաժեշտ ռեսուրսները կենսաբազմազանության պահպանության և ծրագրով նախատեսված միջոցառումներ։ 

Անդրադառնալով ազգային թիրախներին՝ Արսեն Գասպարյանն առանձնացրեց նրանք, որոնց վրա կենտրոնացած է թե՛ ազգային, թե՛ միջազգային ռազմավարությունը։ «2-րդ թիրախի համաձայն՝ մինչև 2030թ․ 20 հազար հեկտար տարբեր դեգրադացված էկոհամակարգեր պետք է վերականգնվեն։ Այստեղ ունենք թե՛ անտառային էկոհամակարգեր, թե՛ ջրաճաճային, թե՛ արոտավայրերի վերականգնում։ Մենք բազային տվյալներ չունենք, չգիտենք, թե որ էկոհամակարգերն են դեգրադացված։ Մենք փորձել ենք առկա տվյալներով և հասանելիությամբ ստանալ որոշակի թվային ցուցիչներ, որովհետև մեզնից ակնկալվում է հնարավորինս չափելի թիրախներ ու գործողություններ ունենալ»։ 

Արսեն Գասպարյանի խոսքով՝ ռազմավարության ողնաշարը համաշխարհային համատեքստում մինչև 2030թ․ ցամաքային ու ջրային էկոհամակարգերի պահպանությունն է՝ դրանք 30 %-ի հասցնելու թիրախով։ Դրան պետք է հասնել լավ փոխկապակցված և արդարացիորեն կառավարվող բնության հատուկ պահպանվող տարածքների և տարածքային բնապահպանական այլ արդյունավետ միջոցառումների (OЕCM) միջոցով:

Նա անդրադարձավ էկոհամակաչգերի աղտոտվածության խնդրին։ «Շատ կարևորում ենք Սևանա լճի էկոհամակարգի աղտոտման խնդիրը։ Մինչև 2030թ. պետք է նվազեցնել Սևանա լճի ֆոսֆորով և ազոտով աղտոտվածությունն առնվազն 30 %-ով: Մեկ այլ թիրախով պետք է մինչև 2030թ․ նվազեցնել թունաքիմիկատներով, վտանգավոր քիմիական նյութերով և պլաստիկով աղտոտմամբ պայմանավորված ռիսկերը և բացասական ազդեցությունները Հայաստանի գետային էկոհամակարգերի և դրանց գործառույթների վրա»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Ռազմավարության թիրախներից է անտառային լանդշաֆտների դիմակայության բարձրացումը կլիմայի փոփոխության նկատմամբ։ «Ունենք նաև միջազգային պարտավորվածություն անտառային էկոհամակարգերի ստեղծման ու վերականգնման ուղղությամբ՝ մինչև 2030թ․ անտառապատ տարածքները հասցնել 12․9 %-ի։ Դա ամբիցիոզ թիվ է, բայց մենք փորձել ենք դրա սահմաններում ստանալ այն գործողությունները, որոնք կհամապատասխանեն մեր առաջնահերթություններին»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Ելույթներին հաջորդեցին պանելային քննարկումներ՝ նվիրված կենսաբազմազանության ռազմավարական պլանավորմանը և Հայաստանում COP17-ի նախապատրաստական գործընթացներին: «Կենսաբազմազանության ռազմավարական պլանավորում. COP17-ի նախապատրաստական գործընթացներ Հայաստանում» պանելային քննարկմանը մասնակցեցին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Արմեն Եսոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը և WWF-Հայաստանի փորձագետ Արամ Աղասյանը։

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ COP17-ը մեծ հնարավորություն է Հայաստանին՝ կենսաբազմազանության գլոբալ օրակարգը բարձրացնելու և Հայաստանի դերը միջազգային մակարդակում ամրապնդելու համար։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն լոգիստիկ տեսանկյունից (հյուրանոցներ, անվտանգություն, տրանսպորտ), այլև բովանդակային առումով՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը։ «Հայաստանը COP17-ի նախագահության ընթացքում չպետք է կենտրոնանա միայն ազգային խնդիրների, այլ ունենա գլոբալ օրակարգ, ներկայացնի համաշխարհային մոտեցումներ կենսաբազմազանության հարցում»,- ասաց նա՝ ընդգծելով հասարակության, ՀԿ-ների և մասնագիտական հանրույթի ներգրավումը Հայաստանը COP17-ին պատշաճ կերպով ներկայացնելու համար։

Համաձայնելով Ամիրխանյանի հետ՝ Արամ Աղասյանը նշեց, որ Հայաստանը պետք է ֆիքսի ոչ միայն հաջողությունները, այլև գլոբալ բնապահպանական խնդիրները, որոնք առկա են երկրում։ «COP17-ը հնարավորություն է ներկայացնելու գիտական և բնապահպանական ձեռքբերումները, և որ Հայաստանը ունի հարուստ կենսաբազմազանություն՝ հազարավոր տեսակներով»,- նշեց նա։ Ըստ Աղասյանի՝ COP17-ը կարող է լինել հնարավորություն միջազգային գործընկերության և ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար։

Մարի Չաքրյանը տեղեկացրեց, որ արդեն ձևավորվել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (COP17) կազմակերպման կոմիտե, որտեղ ընդգրկված են նաև ՀԿ-ներ՝ մասնակցային մոտեցումը ապահովելու համար։ «Իրականացվում են իրազեկման և մասնակցային գործընթացներ, այդ թվում՝ երիտասարդների և մեդիայի ներգրավմամբ։ Անհրաժեշտ է ճիշտ ընկալում ձևավորել մեդիայի և հասարակության մեջ, որպեսզի պարզ լինի, թե որն է Հայաստանի դերը որպես նախագահող երկիր, որը պետք է չեզոքություն պահպանի և որպես կոնվեցիայի կողմ երկիր»,- ասաց նա։ Մարի Չաքրյանի խոսքով՝ ներկայում ընթանում են բանակցություններ՝ հաղորդակցման ռազմավարություն մշակելու մասնագիտացված կառույցների հետ՝ արդյունավետ տեղեկատվական աշխատանքն ապահովելու համար։

Արմեն Եսոյանը նշեց, որ COP17-ը Հայաստանին կտա հնարավորություն բարելավելու մտածելակերպը բնապահպանական հարցերում։ «Համաժողովը կարող է դառնալ մասնագիտական հանրույթի մոբիլիզացման միջոց, որտեղ Հայաստանը կներկայացնի իր մասնագետների ներուժը միջազգային հարթակում։ COP17-ի հաջողությունը կախված է ծրագրերի պատշաճ իրագործումից և որակից։ Հայաստանը պետք է ցույց տա իր գիտական և նորարարական կարողությունները»,- ասաց նա։

Հոկտեմբեր 21, 2025 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր