

Հայաստանի տարբեր շրջաններում նոյեմբերի 21-ից սկսած գրանցվում են հրդեհների դեպքեր։ Պատկան մարմինները հրդեհի առաջացման պատճառները կապում են խոզանների, չոր տերևների այրման հետ։
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։ Նախնական տվյալներով այրվել էր Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվել է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ:
ՆԳՆ փրկարար ծառայության՝ նոյեմբերի 24-ի հաղորդագրության համաձայն՝ ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։
Նոյեմբերի 25-ի տվյալներով՝ մարվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածի երկու օջախների, Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում և Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում բռնկված հրդեհները։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ Պաշտպանության նախարարության ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
«Փրկարար ծառայությունը հիշեցնում է խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
-Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
-Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
-Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին հիշեցնում է, որ տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով: Խախտման դեպքում քաղաքացիներին տրվում է նախազգուշացում կամ նշանակվում 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200.000 դրամ տուգանք։
Լուսանկարը՝ Հանրային լրագրող Սիրանույշ Ավետիսյանի
Նոյեմբեր 25, 2025 at 15:57
