Նախազգուշացում․ Երևանում օդի աղտոտվածությունն աննախադեպ է

Նախազգուշացում․ Երևանում օդի աղտոտվածությունն աննախադեպ է

Նախազգուշացում․ Երևանում օդի աղտոտվածությունն աննախադեպ է՝ հասնելով Առողջապահության համաշխարարհայան կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի: Օդի աղտոտվածության մակարդակը կարելի է գտնել https://www.iqair.com/armenia/yerevan կայքում: Քաղաքում PM2.5, որը չափում է մասնիկային նյութի կոնցենտրացիան մկգ/մ³-ով, նոյեմբերի 26-ի դրությամբ կազմել է 118 մկգ/մ³: Քաղաքի որոշակի հատվածներում, այդ թվում՝ Առինջում, Բագրևանում և Պարույր Սևակ փողոցում, այս մակարդակը վերջին երեք շաբաթների ընթացքում բարձրացել է 440 մկգ/մ³-ից ավելի:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ-ն ահազանգել է և տվյալներն ուղարկել պատասխանատու պետական կառուցներին։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ:

«Հանրային առողջապահությունը, կարծես, վերահսկողությունից դուրս է մնացել։ Կյանքին սպառնացող աղտոտվածության մակարդակը պարզապես թվեր չեն։ Դրանք կապված են սրտանոթային և թոքային հիվանդություններից վաղաժամ մահացությունների աճի և ավելի մտահոգիչը՝ քաղցկեղի աճի հետ։ Չկան որևէ նախազգուշացնող հայտարարություններ, ցուցումներ», - իր մտահոգությունն է արտահայտում  կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մանվելյանը։

Մեր կողմից հավելենք, որ աղտոտման պատճառ կարող է լինել ոչ միայն տաք և սառը օդային հոսանքների տուրբուլենտության բացակայությունը, նաև այլ գործոններ: Մարդիկ ամենուրեք տերևներ են այրում, միաժամանակ, կրակի մեջ նետելով  տարաբնույթ առարկաներ, որոնց այրման հետևանքով առաջանում են առողջության համար վտանգավոր նյութեր։ Ավելին, Երևանում կան բազմաթիվ բաց հանքեր և քարի վերամշակման արտադրամասեր, որոնք նույնպես նպաստում են օդի աղտոտմանը:

Նոյեմբեր 26, 2025 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր