Ինչ կտա Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը համայնքին, իրազեկման հանդիպում Աբովյանում

Ինչ կտա Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը համայնքին, իրազեկման հանդիպում Աբովյանում

Էկոլուրն Արտադրողի ընդլայնված համակարգի (ԱԸՊ) վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում համայնքներում։

ԱԸՊ-ն Եվրամիությունում գործող երկարամյա համակարգ է, որը հատուկ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ որոշակի ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։ Ընկերություններն իրականացնում են հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում  Արտադրողի պատասխանատվության կազմակերպության (ԱՊԿ) միջոցով:

2025թ․ տարեվերջին Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» ենթածրագրի շրջանակներում  իրազեկման հանդիպում անցկացվեց Աբովյանի համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցեցին Աբովյանի համայնքապետարանի, Աբովյանի բազմագործառույթային պետական քոլեջի սաներ, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

Հայաստանում թափոնների ոլորտի խնդիրները, ԱԸՊ համակարգը, թափոնների կառավարման բուլղարական փորձը ներկայացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Նա ասաց, որ ՀՀ բնակավայրերում, ըստ փորձագիտական գնահատականների, տարեկան առաջանում է շուրջ 700․000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ առաջիկա տարիներին այս թիվը կարող է հասնել 820․000 տոննայի։ Գոյացող աղբը հիմնականում տեղափոխվում է շահագործվող աղբանոցներ, իսկ վերամշակվում է ընդհանուր թափոնների ընդամենը 5%-ը։

ԱԸՊ համակարգի ներդրմամբ համայնքների համար հնարավորություն կստեղծվի ձերբազատվել փաթեթավորման թափոնների որոշակի ծավալից, որոնք կուղղվեն վերամշակման և չեն ծանրաբեռնի ո՛չ համայնքային աղբամանները, ո՛չ համայնքային աղբավայրերը։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ մշակվել է ԱԸՊ մասին օրինագիծ, որը շրջանառված է www.e-draft.am կայքում։ Համապատասխան օրենսդրության ընդունման դեպքում համայնքները ևս պիտի իրենց դերակատարումն ունենան՝ տեսակավորեն թափոնները։

Վիկտորյա Բուռնազյանը հարց բարձրացրեց, թե ինչու Աբովյանում տեսակավորում չի իրականացվում։ Ի պատասխան՝ Աբովյանի համայնքապետարանի ներկայացուցիչները նշեցին տեսակավորման խնդիրները՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակ, տեսակավորված թափոնների թափոնատարի բացակակայություն, վերամշակող կազմակերպությունների բացակայություն։

Արձագանքելով ասվածին՝ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը նշեց․ «Այսօր Հայաստանում թափոնների վերամշակման իմաստով, երևի բացառությամբ մարտկոցների, մնացած ամեն ինչի վերամշակողները կան։ Եվ վերամշակողներն այսօր ունեն մաքուր հումքի կարիք։ Վստահ եղեք,  իրենք էլ պատրաստ են իրենց կարողությունները մեծացնել։ Հայաստանում ստվարաթղթի վերամշակման ամենախոշոր գործարանն է կառուցվել տարածաշրջանում՝ «Գրանդ մաստեր» ընկերությունը՝ Մասիս քաղաքում, որն ունի տարեկան 35000 տոննա վերամշակելու պոտենցիալ։ Այս պահին կարողանում է հավաքել մոտավորապես 10000 տոննա տարեկան, ևս 2000-3000 տոննա Վրաստանից է ներկրում թղթի թափոն։ Ապակու հետ կապված՝ «Սարանիստ»-ը մեր ամենալավ օրինակն է․ անսահման ընդունում է ապակու թափոնները։ Մետաղի դեպքում գրեթե ինքնակարգավորվում է շուկան։ Հաստատ իմացեք, ԱԸՊ-ի մասին որ խոսում ենք,  ամենալավ խթանն է լինելու ֆինանսական առումով։  Երբ այդ ֆինանսական հոսքը լինի, երբ նաև նոր խաղացողներ ի հայտ գան, կօգնեն համայնքներին այդ խնդիրները լուծելու հարցում»։

Տեսակավորման խնդրին անդրադարձավ նաև «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը։

Նա նշեց, որ աղբանոցի չառաջացման առաջին պայմանը թափոնների տեսակավորումն է․ «Եթե մենք ուզում ենք այսպիսի աղբանոց չառաջանա, մենք պետք է տեսակավորենք։ Երբ որ  թափոնները սկսում ենք տեսակավորել, գնում է վերամշակման, 2-րդ կյանք է ստանում։ ․․․Բայց մարդկանց հետ, բնակիչների հետ աշխատել է պետք։ Ես կարող եմ վերամշակման գործարանները ցույց տալ, քանի գործարան կա, ինչի խնդիր ունեն։ Մի քանիսը Աբովյանում է գտնվում՝ ապակու, թղթի, պլաստիկի»։ Նա նշեց, որ երբ ԱԸՊ համակարգը ներդրվելու դեպքում ստեղծվելիք արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը կնպաստի համայնքում թափոնների տեսակավորմանը։

Հնարավոր է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով Հրազդանի սանիտարական աղբավայրի տարածքում կառուցվի թափոնների տեսակավորման գործարան։ Այս մասին  ասաց «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։ Նա նշեց, որ նախատեսվում է ունենալ երեք հոսքագիծ՝ փաթեթավորման թափոնների, կանաչ թափոնների և շինարարական թափոնների համար։ Գործարանի համար ներդրումների ծավալը գնահատվել է 10 միլիոն եվրո։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 02, 2026 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր