Հրազդանի սանիտարական աղբավայրի գործարկմամբ Կոտայքում և Գեղարքունիքում պետք է փակվի շուրջ 25 աղբավայր

Հրազդանի սանիտարական աղբավայրի գործարկմամբ Կոտայքում և Գեղարքունիքում պետք է փակվի շուրջ 25 աղբավայր

2025թ․ ամռանից շահագործվում է Հրազդանի սանիտարական աղբավայրը։ Այն նախատեսված է սպասարկելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքի։ Այն շահագործում է այդ համայնքների կողմից հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի կողմից։ Աբովյանում Էկոլուրի կազմակերպած «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» թեմայով իրազեկման միջոցառման ժամանակ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը։

Աբովյանը համարվում է ՍՊԸ-ի հիմնադիր համայնքներից, սակայն այստեղ ընկերությունը կսկսի ծառայություններ մատուցել, ըստ Համբարձումյանի, 2026թ․ գարնանից։ 

Աբովյանի համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը նշեց, որ գոհ են Աբովյան քաղաքում գործող աղբահանության համակարգից։ Ցանկանում են վստահ լինել, որ նոր համակարգը կապահովի լավ ծառայություն։ «Կարո՞ղ եք երաշխավորել, որ մենք խնդիր չենք ունենա, և աղբը ժամանակին կտեղափոխվի, ու բնակիչները չեն դժգոհի։ Մեր համայնքի կոմունալ տնտեսությունն իդեալական է կազմակերպում այդ աշխատանքը, նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին մենք տեսնում ենք, որ գալիս են, աղբը տեղափոխում են, բնակչության դժգոհությունը չկա», - ասաց նա։

Սերգեյ Համբարձումյանը նշեց, որ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ն նաև Աբովյանի ընկերությունն է։ Իրավական առումով, եթե մինչև հիմա Աբովյանն իրականացնում է աղբահանությունն իր կոմունալ տնտեսության օղակի միջոցով, ինչ-որ իքս պահից իրականացնելու է մեկ այլ ընկերության՝ այսինքն  «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի միջոցով։ «Այսինքն՝  Աբովյանն այդ ամենի տերն է, և՛ խզում չի լինելու։ Աբովյանի կոմունալը շատ լավ աշխատում  է, մենք գիտենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ առնվազն այդ ցուցանիշը պահենք», - ասաց նա և ներկայացրեց այլ համայնքներում աշխատանքի փորձը։

Սերգեյ Համբարձումյանը նաև նշեց, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման շրջանակում համայնքների կոմունալ ծառայությունները 99-100 տոկոսով լուծարվում են։ «Գործառույթային առումով իրենց մոտ լիքը բան փոխվում է։ Սակայն կան գործառույթներ, որոնք համայնքապետարանն է իրականացնելու, ոչ մենք։ Մասնավորապես, շինարարական աղբը մենք չենք կարողանում տեղափոխել, որովհետև մեքենաները նախատեսված չեն դրա համար։ Համայնքին ենք խնդրում, որ շինարարական աղբը հավաքի։ Նաև խոշոր եզրաչափերի աղբը՝ սառնարաններ, բազմոցներ, դիմում ենք համայնքապետարաններին, որ իրենց հերթապահ մեքենաները հավաքեն։ Մենք դրանք ընդունում ենք աղբավայրի տարածքում։ Այսինքն՝ համայնքի կոմունալների որոշակի գործառույթներ շարունակվելու են, քանի որ կան առանձնահատկություններ, որոշ տեսակի թափոններ, որ մենք չենք տեղափոխում»,- ասաց նա։

Աբովյանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Աննա Չոբանյանը հարցրեց․ «Քանի որ բյուջե ենք կազմում, ե՞րբ եք գալու և այդ ներդրումն առաջին փուլով ինչքա՞ն է լինելու»։ Ի պատասխան Սերգեյ Համբարձումյանը նշեց․ «Ֆինանսական արժեքը քննարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, քանի որ ծառայության արժեքը, բնականաբար, համայնքների ծախսածից շատ է, բայց ՏԿԵՆ-ն ինչքան մասը կվերցնի իր վրա, դեռ քննարկվում է»։

Աբովյանի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման  արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում միասին դադարելու է գործել մոտ 25-30 աղբավայր։ Աղբավայրերի փակումն ավելի թանկ արժե, քան ստեղծումը։

Միայն Աբովյան համայնքը 2021թ․ համայնքային խոշորացման արդյունքում ժառանգություն է ստացել 4 աղբանոց։ Սակայն 2025թ․ տարեվերջի դրությամբ համայնքում գործել են 3-ը՝ Ջրաբերի, Արամուսի և Բալահովիտի աղբանոցները։  Դրանք չեն համապատասխանում սանիտարական նորմերին, ցանկապատված չեն, արգելափակոց չունեն, պարբերաբար այրվում են։

«Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ համայնք իր միջոցներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, չի կարող լուծել այդ աղբավայրերի փակման հարցը»,- ասաց Արմեն Սիմոնյանը։

Արձագանքելով՝ Սերգեյ Համբարձումյանն ասաց,  որ դեռ 2016թ․ վարկային միջոցների ձեռքբերման ժամանակ կառավարությունը նման պարտավորություն ստանձնել է, բայց ֆինանսական միջոցներ հատկացված չեն այս պահին։ «Ես այդ հարցը բարձրաձայնում եմ, բայց առաջարկում եմ նաև, որ մեր համայնքները գրություններով, տարբեր ձևերով ևս բարձրաձայնեն այդ խնդիրը», - ասաց նա։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանն ասաց, որ աղբավայրերի փակման համար Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ արտերկրից մասնագետ է հրավիրել գնահատելու, թե աղբավայրի փակումը համայնքին որքան գումար կարժենա։ «Յակոբեան բնապահպանական կենտրոնն այս պահին նման խորհրդատվական աշխատանք տանում է, օգնելու համայնքին»,- ասաց նա։

Խնդրի մասին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը հարց բարձրացրեց սույն թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ծրագրում են հին աղբավայրերը փակել դրամաշնորհային միջոցների, պետական և համայնքային միջոցների հաշվին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 03, 2026 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր