Հայաստանի հարավային սահմանակետ․ կլիմայական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները․ ՄԱՍ 4

Հայաստանի հարավային սահմանակետ․ կլիմայական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները․ ՄԱՍ 4

2025թ հոկտեմբերին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Մեղրիի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։ 

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Ագարակ քաղաքը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, և հանդիսանում է Հայաստանի միակ սահմանային անցակետն Իրան Իսլամական Հանրապետության հետ։ Քաղաքը հիմնվել է 1949թ․ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Այստեղ գործում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որտեղ աշխատում է բնակչության մեծամասնությունը։

Ագարակում վերջին տասնամյակներին նկատվում է օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների կրճատում։ Դա հանգեցնում է խմելու և ոռոգման ջրի սակավության՝ բացասաբար ազդելով բնակչության կենցաղային կարիքների և հողատարածքների ոռոգման հարցերի վրա:

«Երաշտային օրերը խոչընդոտում են գյուղատնտեսական արտադրությանը, նվազեցնում բերքատվությունը և առաջացնում հողի դեգրադացիա: Սաստիկ շոգերը լուրջ խնդիրներ են ստեղծում քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների համար: Ուժեղ քամիները ու կարկուտները լուրջ վնաս են հասցնում թե՛ այգեգործությանը, թե՛ շենք-շինություններին»,- ասաց Ագարակի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանը։

Նա ներկայացրեց Ագարակի առաջնահերթ կարիքները և դրանց հաղթահարման ուղիները.

  • Բնապահպանական վերահսկողության խթանում հանքարդյունաբերության ոլորտում և հողերի պահպանության միջոցառումների իրականացում:
  • Գյուղատնտեսության ապահովագրության ներդրում և աղետների վաղ ազդարարման ժամանակակից համակարգի ներդրում:
  • Ջրամբարի կառուցում և խմելու, ոռոգման ջրերի խողովակների արդիականացում՝ ջրախնայող համակարգերի ներդրմամբ:
  • Կանաչապատ տարածքների ավելացում։
  • Համայնքային շենքերի տանիքներին արևային ինքնավար կայանների տեղադրում:
  • Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում և գործող աղբավայրի կոնսերվացում, սանիտարական նոր աղբավայրի կառուցում:

Ագարակի հարևանությամբ է գտնվում Կարճևան գյուղը։ Գյուղում ընդամենը 77 տնտեսություն կա։ Բնակիչներն աշխատում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, նաև զբաղվում են այգեգործությամբ և մեղվապահությամբ։

Կլիմայի փոփոխության հետևանքով խնդիրներ են ի հայտ եկել այգեգործության ոլորտում։ Ամռան ամիսներին ջերմաստիճանը ստվերում հասնում է մինչև 40 աստիճանի, տեղումների նվազման պատճառով առաջացել են ոռոգման ջրի սուր խնդիրներ, բազմաթիվ հողակտորներ մնացել են անմշակ։ Ջրային ռեսուրսների սակավությունը ստիպում է ոռոգման նպատակով օգտագործել խմելու ջուրը, ինչը ծախսատար է և հասանելի չէ բոլորի համար։

«Կլիմայի փոփոխության առնչվող խնդիրները շատ են, ուստի անհրաժեշտ են համակարգված լուծումներ՝ փրկելու բնությունը և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները նվազեցնելու համար», - ասաց Կարճևանի վարչական ղեկավար Գարիկ Ջանյանը։

Նոյեմբեր 26, 2025 at 14:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր