«GEOPROMINING»-Ն ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՑ

«GEOPROMINING»-Ն ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՑ

«ԷկոԼուր»

Հրապարակում ենք Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ Սիլվա Ադամյանի՝ «Փորձագիտական աֆերա» վերնագրով նամակը, որը տարածվել է Դաշինքի (37 էկոլոգիական հասարակական կազմակերպություններ) եւ Burg.Forum ցանցերի միջոցով:

Հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքը, որ խոսվում է Geopromining Gold» ընկերության՝ Սեւանի ավազանի տարածքում ոսկու արդյունահանման գործարանի կառուցման նախագծի փորձագիտական գնահատականի փաստացի պատվերի մասին, որն ընկերությունն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կառույցների միջոցով:

«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ակտիվ մասնակցություն ունի  «Geopromining Gold» ընկերության փորձաքննության անցկացման հետ: Փորձաքննության մեջ մասնակցել են նաեւ թռչնաբանները: Փորձագետների սկզբնական ցուցակում ներկայացվել է կ.գ.դ. Մարտին Ադամյանի թեկնածությունը: Պարոն Ադամյանը ներկայացրել է իր բացասական փորձաքննությունը, որից հետո նրան տեղյակ են պահել, որ ինքն այլեւս չի մասնակցում այդ փորձաքննական խմբի աշխատանքներին: Փորձում եմ կռահել եւ հասկանալ,  որ «Geopromining Gold» ընկերության գործադիր տնօրեններից մեկը` մասնավորապես պարոն Միխաիլ Կուկուլյանը, քաջ ծանոթ էր իմ եւ Դաշինքի տեսակետին այս հարցով, եւ նաեւ գիտեր, որ Մարտին Ադամյանն իմ հայրն է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել Թեղուտի հանքավայրի հետ կապված անկախ փորձագետների խմբի աշխատանքներին: Հետեւությունները կարող եք ինքներդ անել:

Սիլվա Ադամյան՝
Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների
Դաշինքի համակարգող խմբի անդամ»:

ԷկոԼուր. «Ներկայացնում ենք նաեւ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի պատասխանը, որն ընդունվել է 2008թ. սեպտեմբերի 9-ին  «Geopromining Gold» ընկերության հետ հանդիպման արդյունքում»:

«Հայտնում ենք Ձեզ, որ Հասարակական Բնապահպանական Դաշինքը  05.09.2008թ. քննարկել է 28.08.2008թ. Սոտքում կայացած հանդիպումը եւ կայացրել է հետեւյալ որոշումը.

Դաշինքը պատրաստ է շարունակել համագործակցությունը  ընկերության հետ
•  Դաշինքը դեմ չէ, որ ընկերությունը սկսի  Արարատի ոսկու գործարանի եւ պոչամբարի համար նախատեսված բնապահպանական հետազոտությունները
• Դաշինքը ողջունում է ընկերության նախաձեռնությունը՝ Արարատի պոչամբարում իրականացնել բնապահպանական միջոցառումներ
• Սոտքի հանքավայրի շահագործման, հարստացուցիչ  ֆաբրիկայի կառուցման, հանքաքարի տեղափոխման եւ այլ հարցերի վերաբերյալ Դաշինքն ունի հստակ  դիրքորոշում՝ ընկերության գործունեությունը պետք է համապատասխանի «Սեւանա լճի մասին» օրենքին, եւ Սեւանա լճի ավազանում պետք է բացառել հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը»:

Փետրվար 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր