Շուշան Ստեփանյան, «Հետք»
Կառավարությունն հունիսի 11-ին Ազգային ժողով ներկայացրեց «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցեց, որ օրինագծում ամրագրված է կազմակերպությունների կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի եւ օգտագործվող բնական ռեսուրսների նկատմամբ ինքնահսկման նպատակը, խնդիրները, սկզբունքները:
Նախատեսվում է մոտ 30 կազմակերպություններում ներդնել ինքնահսկման մեխանիզմներ, որոնց նպատակն է լինելու կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության վնասակար ազդեցությունները եւ բնական ռեսուրսների գերշահագործումը:
Կազմակերպությունները, նախագծի՝ օրենքի ուժ ստանալուն պես, 18 ամսվա ընթացքում պետք է կազմեն ինքնահսկման ծրագիր, իսկ 30 ամսվա ընթացքում` ներդնել մեխանիզմը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ օրենքի նախագիծը տպավորություն է ստեղծում, թե այն որեւէ այլ երկրի օրենքից թարգմանություն է «եւ հաշվի առնելով շարադասական, խմբագրական առկա խնդիրները՝ տպավորություն է ստեղծվում, որ բարդ թարգմանության արդյունք է»: Պատգամավորը հարցրեց, թե որ երկրների փորձն են ուսումնասիրել, եւ արդյո՞ք ինքնավերահսկման մեխանիզմը չի նշանակում, որ «ձեռքներս լվանում ու հեռանում ենք»:
Նախարարը նախ պատասխանեց, որ նմանօրինակ օրենք գործում է Գերմանիայում, Անգլիայում, հետո էլ հավելեց, որ պատասխանատվության խնդիրներ չեն կարող առաջանալ:
Նույն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին էլ հետաքրքրեց, թե ինչպես է նախարարությունն, օրինակ, վերահսկելու օտար սեփականատեր «Պրոմայնինգ» ընկերությանը, ո՞րն է լավատեսության պատճառը:
«Այս մեթոդիկան մեզ հնարավորություն է տալու իմանալ, թե արդյո՞ք շարունակական բնույթ է կրել շրջակա միջավայրի աղտոտումը, ի՞նչ է տեղի ունեցել, ե՞րբ է համակարգը տեղեկացրել տնտեսվարողին, մեր հարցերն այս դեպքում դառնում են կոնկրետ, պահանջները` հստակ, իսկ Ձեր թվարկած ընկերություններում բավականին լուրջ նյութեր ենք հայտնաբերել` շուրջ 2-3 հարյուր միլիոնի, եւ ընթացք ենք տվել»,- պատասխանեց նախարարը:
Հունիս 11, 2009
