Վանաձորը ենթարկվում է Քարաբերդի ոսկու հանքի շահագործման ազդեցությանը

Վանաձորը ենթարկվում է Քարաբերդի ոսկու հանքի շահագործման ազդեցությանը

«Շուրջ երկու շաբաթ է Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի տարածքից ապօրինի կերպով հանքաքար է դուրս բերվում: Հանված հանքաքարը տարվում է Վանաձորի երկաթգծի կայարան, որտեղ հանքանյութն աղում և գնացքով տեղափոխում են Արարատի մարզ (խմբ.՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա)»,- ԷկոԼուրին ահազանգեցին Վանաձորի բնակիչները:

Հանքում իրականացվող պայթեցումները լսելի են Վանաձոր քաղաքում, իսկ երկաթգծի կայարանում տեղակայված աղացում կատարվող աշխատանքների հետևանքով փոշու ամպը տարածվում է մարզկենտրոնի վրա: «Երկու շաբաթ առաջ են սկսել հանքում աշխատանքներ իրականացնել: Վերջին օրերին ավելի ակտիվ՝ գիշեր-ցերեկ աշխատում են»,- ասաց Վանաձորի բնակիչ Գևորգ Վարդանյանը:  

Նա նշեց, որ Վանաձոր քաղաքից տեսանելի է այն սարը, որտեղ տեղակայված է Քարաբերդի ոսկու հանքավայրը: Տեղի բնակիչները նկատել էին հանքավայրի տարածքում բեռնատարների շարժը, հետո նաև՝ երկաթգծի կայարանի տարածքում դրանց կուտակումները: «Հարավկովկասյան երկաթուղու տարածքը վերցրել են վարձակալությամբ և տեղադրել իրենց աղացը: Քաղաքի կենտրոնական հատվածում բերում, հանքաքարը աղում են: Ոչ ոք չի պատկերացնում, թե հինգ տարի հետո քաղաքը ինչ վիճակում կհայտնվի: Նախորդ պայթեցման օրը նաև անձրև տեղաց. մեքենաների վրա կանաչ գույնի ցեխ էր եղել»,- նշեց նա:  

Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը պատկանում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ–ին: Դեռևս 2020թ. Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշել էր, որ այս ընկերությունը 2014թ. հետո որևէ աշխատանքներ չի իրականացրել հանքավայրի տարածքում: Իսկ 2016թ. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2016թ. վճռով այն ճանաչվել էր սնանկ, 2018թ-ից էլ սկսվել էր սնանկության գործընթացը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Քարաբերդի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի շահագործման համար 2012թ. տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչվի, քանի որ ընկերությունը շուրջ 7 տարի հանքարդյունահանում չի իրականացրել: 

Ըստ Վանաձորի բնակիչների՝ Քարաբերդի ոսկու հանքավայրում աշխատանքներ իրականացնողը «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ն է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված Մետաղական Օգտակար հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ 2021թ. մարտի 15-ի դրությամբ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» անվամբ ընկերություն ընդերքօգտագործման իրավունք չունի, իսկ Քարաբերդի ոսկու հանքավայրի արդյունահանման իրավունքը պատկանում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ին: 

Գևորգ Վարդանյանը նշեց, որ ներկայում հանքի շահագործման դեմ պայքարող բնակիչներն իրենց աշխատանքները տարանջատել են երկու խմբի, պատրաստվում են հանդիպել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: «Մի խումբը փորձում է իրավական դաշտում ճշտել արդյոք շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) թույլտվություն կա: Մյուս խումբը մոբիլիզացնում է այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն, թե ինչ է կատարվում քաղաքի կենտրոնական հատվածում: Եթե Լոռու մարզպետի հանդիպումից հետո աշխատանքները չդադարեցվեն կամ մարզպետարանը որպես տեղական ինքնակառավարման մարմին ինչ-որ գործողություն չձեռնարկեց, մեր միջոցներով, քաղաքի բնակիչներով դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները կփակենք ու կկասեցնենք այդ աշխատանքները»,- նշեց նա:



Մայիս 04, 2021 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր