«Իմ երեխային թունավորելու թույլատրելի սահման չկա». Բնակիչները դեմ արտահայտվեցին Ավանում ձուլարան կառուցելու ծրագրին

«Իմ երեխային թունավորելու թույլատրելի սահման չկա». Բնակիչները դեմ արտահայտվեցին Ավանում ձուլարան կառուցելու ծրագրին

Երևան քաղաքի բնակիչները դեմ արտահայտվեցին «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների՝ Ավան վարչական շրջանում ձուլման տեղամաս կառուցելու ծրագրին և հրաժարվեցին լսել նրանց փաստարկները: Բնակիչներն իրենց դիրքորոշումը հայտնեցին 2022թ. հուլիսի 28-ին ընկերության կողմից նախաձեռնված ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի երկրորդ հանրային լսումների ժամանակ:

Ընկերության ներկայացուցիչների պնդումներն այն մասին, որ նոր հայտով իրենք նվազեցրել են արտադրական հզորությունը 1800 տոննայից դարձնելով՝ 900 տոննա, լսումների մասնակիցների համար համոզիչ չէին: «Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ցանկացած գործունեություն ցանկացած ընկերություն սկսում է՝ հետագայում հզորություններն ավելացնելու ակնկալիքով: Հիմա դուք ասում եք՝ նվազեցրել ենք: Քանի՞ տարով: Ինչպես վստահ լինենք, որ դա ընդամենը խորամանկ քայլ չէ ձուլարանի կառուցման թույլտվությունը ստանալու համար»,- նշեց ներկաներից մեկը: 

Հովհաննես Նիկողոսյանը, ով ներկայացավ որպես նախագծի մշակող, ասաց, որ Առողջապահության նախարարության առաջարկով արտանետումների չափումներ են իրականացրել յուրաքանչյուր 50 մետր ազդեցության գոտու համար, դրանից հետո նախարարությունը որևէ առարկություն չի ներկայացրել նախագծի վերաբերյալ: Այս առնչությամբ վարչական շրջանի բնակիչները նշեցին, որ Երևան քաղաքն արդեն իսկ գերաղտոտված մթնոլորտային օդ ունի, և նոր աղտոտման աղբյուրի ստեղծումն էլ ավելի կսրի իրավիճակը: 

Գործունեության ազդակիր Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների անունից ելույթ ունեցավ թաղամասի համատիրության կառավարման խորհրդի անդամ Գարիկ Բադալյանը. «Դուք հիմա խոսում եք ոչ թե մեկ, այլ 5000 հոգու հետ: Ես լիազորված եմ ներկայացնելու այդ 5000 բնակչի կարծիքը, ովքեր դեմ են իրենց թաղամասի հարևանությամբ նման ձուլարանի կառուցմանը», - նշեց նա: Ընկերության ներկայացուցչի այն դիտարկմանը, թե արտանետումները թույլատրելի սահմաններում են լինելու՝ վերջինս արձագանքեց. «Իմ երեխային թունավորելու թույլատրելի սահման չկա»: Գարիկ Բադալյանը նաև նշեց, որ ձուլարանի կառուցումը բացասական կանդրադառնա Ծարավ Աղբյուրի թաղամասի բնակելի շենքերի շուկայական արժեքների վրա, ինչն իր հերթին կբերի բնակիչների կողմից վճարվող գույքահարկի նվազմանը: «Մենք մեր բնակարանները ձեռք են բերել քառակուսին մոտ 500 դոլար արժեքով, սակայն այժմ դրանք 1500 դոլարի սահմաններում են վաճառվում, ձուլարանի կառուցումը կարժեզրկի այդ թաղամասի բնակարանները: Մենք, ի սկզբանե ընտրելով այս թաղամասը, մեզ զրկել ենք մի շարք ենթակառուցվածքներից՝ դպրոց, մանկապարտեզ: Մեկ պատճառ կար դրա համար՝ մաքուր, չաղտոտված միջավայր ենք ընտրել: Եթե ձուլարանը ստեղծվի, մեր էկոլոգիան խախտվում է: Խախտվելու է այս թաղամասում ապրելու միակ պատճառը»,- ընդգծեց նա: 

Ձուլարանի կառուցման դեմ արտահայտվող բնակիչները նշեցին, որ դեռ նախորդ լսումների ժամանակ ընկերության ներկայացուցիչներին առաջարկել էին իրենց գործունեության համար նոր վայր փնտրել, որը հեռու կլինի բնակելի տարածքներից: «Ի՞նչն է ձեզ խանգարում վաճառել այդ տարածքը, և ավելի էժան գնով գտնել Երևանից 20 կմ հեռավորության վրա»,- նշեցին բնակիչները: Ի պատասխան ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ընտրված տարածքն արդյունաբերական նշանակության է: «Արդյունաբերական էր ճանաչվել դեռ Խորհրդային տարիներին աղի հանքի գործունեության համար, ոչ թե՝ ձուլարան կառուցելու»,- նկատեց մի բնակիչ: 

«Քոփփեռ» ՍՊԻ-ի ներկայացուցիչ Մանուկ Նիգոյանի՝ հավաքվածներին ընկերության գործունեության անվնաս լինելն «ապացուցող» լուսանկարներ ցուցադրելու փորձերն ապարդյուն անցան: Բնակիչները թույլ չտվեցին որևէ բան ցուցադրել՝ նշելով, թե ընկերությունը զուր ժամանակ է վատնում, և իրենք այդ գործունեությանը դրական կարծիք չեն տալու: 

Լսումների ավարտին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասաց, որ լսումների վերաբերյալ արձանագրություն կկազմվի և այնտեղ կնշվի, որ բնակիչները դեմ են, կներկայացվեն դիտողություններ, այդ թվում՝ քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից «ԷկոԼուրին» հայտնեցին, որ արձանագրությունը կազմվել է այդ տրամաբանությամբ, և ներառվել են լսումների ընթացքում բարձրաձայնված բոլոր դիտոությունները:  



Հուլիս 28, 2022 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր