Փարիզյան համաձայնագրի 193 կողմ երկրների ներկայիս կուտակային կլիմայական պարտավորությունների պայմաններում՝ 21-րդ դարի վերջին ջերմաստիճանի բարձրացումը կարող է հասնել 2,5 աստիճան Ցելսիուսի, հայտնում է ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ ջերմոցային գազերի արտանետումների ծավալները նվազում են, սակայն դանդաղ: Դա բավարար չէ արագ ընթացող գլոբալ տաքացումը կանխելու և թույլ չտալու, որպեսզի մինչև դարի վերջ ջերմաստիճանը չբարձրանա ավելի քան 1,5 աստիճան Ցելսիուսով: Մինչև 2030 թվականն արտանետումները կավելանան 10,6 տոկոսով՝ 2010 թվականի մակարդակի հետ համեմատած: Նախկինում ենթադրվում էր, որ այդ ցուցանիշը կհասնի 13,7 տոկոսի, սակայն այն հաջողվել է որոշակիորեն կրճատել:
ՄԱԿ-ի նախորդ զեկույցում նշված էր, որ ջերմոցային գազերի արտանետումները կշարունակեն աճել նաև 2030 թվականից հետո: Նոր հետազոտության հեղինակները հայտնում են, որ նման սցենարը կանխվել է, սակայն արտանետումների արագ կրճատում չի սպասվում։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդը 2018 թվականին հայտարարեց, որ մինչև 2030 թվականն արտանետումները պետք է կրճատվեն 45 տոկոսով՝ 2010 թվականի համեմատ: Այս տարի, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, նույն փորձագետները նշում են, որ արտանետումները պետք է կրճատվեն 43 տոկոսով:
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը վերլուծել է Փարիզյան համաձայնագրի 193 կողմ երկրների ազգային պլանները կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Կուտակային նրանց բաժին է հասնում 2019 թվականին ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 94,9 տոկոսը:
Անցյալ տարի Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում բոլոր երկրները համաձայնեցին վերանայել և ամրապնդել իրենց կլիմայական ծրագրերը: Սակայն միայն 24 երկիր կատարեց իր խոստումները։
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ շատ երկրներ ներկայացրել են դարի կեսերին զրոյական արտանետումների անցման ծրագրեր: 2050 թվականին այդ երկրներում ջերմոցային գազերի արտանետումները կարող են լինել մոտ 68 տոկոսով ավելի ցածր, քան 2019 թվականին, եթե բոլոր ռազմավարությունները լիարժեք և ժամանակին իրականացվեն:
Այս տարվա նոյեմբերի 6-ից 18-ը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը հորդորեց պետություններին օգտվել այդ իրադարձությունից՝ վերանայելու և ամրապնդելու իրենց կլիմայական պլանները:
Լուսանկարը՝ ՄԱԿ/Դիկինսոն
Հոկտեմբեր 27, 2022 at 14:21