Երասխում կառուցվում է մետալուրգիական գործարան

Երասխում կառուցվում է մետալուրգիական գործարան

Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան:

«Երասխում կառուցվում է 70 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

Երասխում մետալուրգիական գործարան է կառուցում «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ն: 2023թ. մարտի 3-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել ընկերության՝ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվությանը (ՇՄԱԳ): 

Ըստ հաշվետվության՝ գործարանի տարեկան արտադրողականությունը 108 հազար տոննա է, իսկ աշխատանքներում ներգրավվող աշխատակիցների քանակը կսահմանափակվի 250-ով:  

Գործարանը կառուցվում է սահմանագոտում՝ Նախիջևանի Ինքավար Հանրապետության սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա և կզբաղեցնի 1,5 հա տարածք, որը նախկինում օգտագործվել է որպես պահեստարան: Գործարանում կարտադրվեն ամրաններ և աղացների համար գնդեր։ Մետաղի ձուլումը իրականացվելու է ինդուկցիոն (էլեկտրական) վառարաններում։ Ձուլման ընթացքում ավելացվող նյութերի արդյունքում կստանան պահանջվող որակի պողպատի մակնիշներ՝ Fe-415, Fe-500, Fe-550։

Արտանետումներ

Գազերը, փոշին մաքրելու համար նախատեսվում է ներդնել ասպիրացիոն համակարգ և գազամաքրման երկու փուլ, որը թույլ կտա մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունները հասցնել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների։ Կտեղադրվի նաև 33-35 մ բարձրությամբ գազերի արտանետման խողովակ: Ինդուկցիոն վառարաններից արտանետվող գազերում փոշու պարունակությունը կկազմի 0,5-1,0 գ/խմ։ Եթե անհրաժեշտ լինի տեխնոլոգիական գործընթացում պարբերաբար իրականացնել թթվածնով փչահարում՝ փոշու պարունակությունը վառարանից դուրս եկող գազերում հասնելու է մինչև 5գ/խմ։ Արտանետվող գազերը կարող են պարունակել նաև ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։ Գազերի մաքրման համար նախատեսվում է տեղադրել թաց սկրուբեր, որը թույլ կտա լրացուցիչ մաքրել գազերը փոշուց և ազատվել գազատեսակ աղտոտող նյութերից։

Ջուր

Ըստ փաստաթղթի՝ գործունեության ենթակա տարածքում բացակայում են ստորերկյա ջրերը: Իսկ ամենամոտ ջրագրական միավորը Վեդի գետն է, որից ունեցած հեռավորությունը ավելի քան 20 կմ է: Տեխնիկական ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել հորատանցքից, իսկ խմելու ջուրը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Տեխնիկական կարիքների համար ջուրը կծախսվի վառարանի և կատալիզատորի հովացման համար։ Հովացումը նախատեսվում է իրականացնել FL-250 մակնիշի հովացման կայանի օգնությամբ՝ 13,7խմ/ժամ արտադրողականությամբ։ Շրջանառու ջրի համար նախատեսվում են 5 ռեզերվուարներ՝ յուրաքանչյուրը 172 խմ տարողությամբ։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8 խմ: Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանը աշխատում է լրիվ շրջանառու համակարգով։ Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական ինքնավար կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ:

Թափոններ 

Ըստ հաշվետվության՝ գործունեության ընթացքում առաջացած թափոն է դիտարկվում սև մետաղաջարդոնի ձուլման արդյունքում առաջացած խարամը: Տարեկան 108 հազար տոննա արտադրողականության դեպքում կառաջանա 1620 տոննա խարամ: Վառարանի խարամը նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով՝ կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում:

Մյուս թափոնը յուղոտված լաթերն են, որոնք առաջանում են յուղոտված մակերեսների, ձեռքերի, սարքավորումների սրբման և մաքրման արդյունքում: 



Հունիս 06, 2023 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր