Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, փոշու արտանետումները, օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով 2023թ. հուլիսի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը հանդիպել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Քննարկմանը կարևորվել է շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի, սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների ապահովումը, մատնանշվել անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարումը: Այն է՝ շինհրապարակները պարբերաբար ջրելը, սորուն նյութերը փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկելը, շինհրապարակները պարսպապատելը, շենքերն ու շինությունները համապատասխան բարձրության անթափանց թաղանթով ծածկելը, հղկման աշխատանքների ընթացքում օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր, տեխնոլոգիաներ և այլն։

Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ներկաներին առաջարկվել է ընդերքօգտագործումն ու շինաշխատանքները կազմակերպելիս օգտագործել նաև փոշեճնշող սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում, արագ և արդյունավետ կանխարգելում են մթնոլորտային օդ փոշու արտանետումը։

Հանդիպման ավարտին քննարկվել են շինարարներին հուզող հարցերն ու առաջարկները, հիշեցվել, որ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը շարունակում է մնալ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։

Հուլիս 04, 2023 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր