

Հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի փոշու պարունակությունը մթնոլորտային օդում մի շարք վարչական շրջաններում զգալիորեն գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 1.1-ից մինչև 4.7 անգամ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝
Կենտրոն վարչական շրջանում գերազանցումը կազմել է 1.1-2.4 անգամ, Արաբկիր վարչական շրջանում` 1.1-2.9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.9-4.7 անգամ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3.4 անգամ:
Ամենաբարձր աղտոտվածությունն արձանագրվել է հոկտեմբերի 9-ին․
- Նոր Նորք վարչական շրջանում՝ 0.70 մգ/խմ, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 4.7 անգամ
- Շենգավիթ վարչական շրջանում՝ 0.504 մգ/խմ, 3.4 անգամ բարձր նորմայից։
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ի ցուցանիշը մոտ 11 անգամ բարձր է եղել նախորդ օրվա տվյալից (0.045 մգ/խմ)։ Հաջորդող օրերին փոշու քանակը նվազել է, սակայն որոշ հատվածներում դեռ պահպանվել է բարձր մակարդակ։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույն ժամանակահատվածում հիմնականում եղել է թույլատրելի սահմաններում։ Միայն Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին արձանագրվել է ցուցանիշի բարձրացում՝ նախորդ օրվա համեմատ 1.7 անգամ, որից հետո նույնպես գրանցվել է նվազման միտում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երևանում ընդհանուր առմամբ չի գերազանցել սահմանային թույլատրելի քանակները, սակայն Շենգավիթում հոկտեմբերի 9-ին գրանցվել է նկատելի աճ՝ մինչև 0.043 մգ/խմ՝ գրեթե երկու անգամ բարձր հոկտեմբերի 8-ի ցուցանիշից։
Գետնամերձ օզոնի քանակությունը 2025թ-ի հոկտեմբերի 8-12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
Միևնույն ժամանակ, Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքներում տեղադրված պասիվ նմուշառիչները հոկտեմբերի 5-12-ը ցույց են տվել ծծմբի երկօքսիդի գերազանցումներ 1.7–3.2 անգամ։ Նմանատիպ, թեև ավելի թույլ գերազանցումներ արձանագրվել են նաև Քանաքեռ-Զեյթուն (1.1 անգամ),Նոր Նորք (1.4 անգամ), Էրեբունի (1.2-2.1 անգամ), Շենգավիթ (1.1-1.6 անգամ), Կենտրոն (1.4 անգամ), Աջափնյակ (1.4 անգամ) վարչական շրջաններում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։
Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։06-ին։
Հոկտեմբեր 13, 2025 at 18:09
