Շենգավիթի բնակիչները դեմ արտահայտվեցին էպօքսիդային պրեպրեգների արտադրության նախաձեռնությանը

Շենգավիթի բնակիչները դեմ արտահայտվեցին էպօքսիդային պրեպրեգների արտադրության նախաձեռնությանը

Նոյեմբերի 18-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կողմից Մանանդյան փողոցի 33/27 հասցեում՝ նախկին «Հայէլեկտրո» գործարանի տարածքում նախատեսվող էպօքսիդային պրեպրեգների արտադրության առաջին հանրային լսումը։ Բնակիչները, բնապահպանները, Երևանի ավագանու ներկայացուցիչները և անձամբ վարչական շրջանի ղեկավարը դեմ արտահայտվեցին խիտ բնակեցված թաղամասում քիմիական նյութերի կիրառմամբ արտադրության տեղակայմանը։

Ըստ ընկերության՝ նախատեսվում է արտադրել տարեկան շուրջ 400 000 քմ էպօքսիդային պրեպրեգներ՝ ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա։ Նախագծող՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ ներկայացուցիչ Վռամ Թևոսյանի (1990-1991 թթ. Բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ) փոխանցմամբ՝ գործունեությունը ծավալվելու է փակ հոսքագծով՝ փակ շինության ներսում, արտադրական կեղտաջրեր չեն լինելու, իսկ արտանետումները կազմելու են տարեկան 1.248 կգ էպիքլորհիդրին և 6 կգ կախված մասնիկներ։ Դրանց որսման համար ֆիլտրեր չեն նախատեսվելու, քանի որ, ըստ նախագծողի, դրանք քիչ են և անորսալի։
Նախագծողը նշեց, որ սանիտարապաշտպանական գոտին արտանետման աղբյուրից 50 մետր է՝ համարելով այն «պլաստմասսայից և սինթետիկ խեժերից արտադրանքի րտադրություն (մեխանիկական մշակում)» գործունեության տեսակ ։ Սակայն Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կադաստրային տվյալների հիման վրա արձանագրեց, որ անգամ 50 մետր հեռավորության  պահանջի դեպքում ընկերության հողամասի սահմանագծից մինչև բնակելի գոտի հեռավորությունը կազմում է ընդամենը 38 մետր, և սահմանային նորմը չի պահպանվում նաև փողոցի երկու կողմերում։ Նշվեց նաև, որ արտանետման աղբյուրից հաշվարկ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարությունների կողմից հաստատված սանիտարապաշտպանիչ գոտու նախագիծ, ինչն այս փուլում դեռ առկա չէ: Աշխարհագրագետ Լևոն Գալստյանը արձագանքեց, որ ընկերության ներկայացրած հայտի վերնագրի և սանիտարապաշտպանիչ գոտները սահմանող իրավական ակտին հղում արած «պլաստմասսայից և սինթետիկ խեժերից արտադրանքի րտադրություն (մեխանիկական մշակում)» գործունեության տեսակը միմյանց չեն համապատասխանում և սանիտարապաշտպանական գոտին, իր կարծիքով, պետք է լինի 1000 մետր։

Փաստաթղթային անհամապատասխանությո՞ւն, թե՞տարընթերցում. «0 թափոն»-ից մինչև 11 տոննա վտանգավոր թափոն

Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ արտադրության հարևանությամբ գտնվում են բնակելի շենքեր, «Շենգավիթ» բժշկական կենտրոնն ու ծննդատունը, մանկապարտեզ, ինչպես նաև՝ բացօթյա մարզումների համար նախատեսված մարզադպրոց, որտեղ ամեն օր հարյուրավոր երեխաներ են մարզվում։

Մատնանշվեցին փաստաթղթային անհամապատասխանություններ. նախնական ծանուցագրում նշված էր «0 թափոն», մինչդեռ լսումների ընթացքում հայտարարվեց ավելի քան 11 տոննա վտանգավոր թափոնների, մասին։ Թաոնները հիմնականում լինելու են 3-րդ և 2-րդ դասի վտանգավորության, դրանք նախատեսվում է հանձնել լիցենզավորված կազմակերպություններին։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, լսելով անհամաձայնությունները, նշեց, որ որպես Շենգավիթի բնակիչ՝ կիսում է քաղաքացիների մտահոգությունները։

«Կողմնակից եմ, որ նման արտադրությունները լինեն բնակելի տարածքներից դուրս։ Ես ձեզ հետ եմ»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։

Ռիսկեր, թափոններ և առողջության վրա ազդեցության գնահատման բացակայություն

Լսումներին մասնակցում էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «ԷկոԼուրի» փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, ովքեր ևս բարձրաձայնեցին ինչպես տեխնիկական, այնպես էլ ընթացակարգային և իրավական խնդիրներ։

Ռոզա Ջուլհակյանն ընդգծեց էպօքսիդային խեժերի և հատկապես կարծրացուցիչների (պոլիամիններ, այդ թվում՝ արոմատիկ միացություններ) վտանգները՝ նշելով, որ դրանք ավելի վտանգավոր են, քան հիմնական խեժերը՝ անկախ օգտագործման քանակից: Նա հարցականի տակ դրեց նաև արտանետումների հաշվարկները՝ նշելով, որ դրանք պետք է վերահաշվարկվեն հայաստանյան նորմատիվներով, և որ 80–150°C տաքացումը չի բացառում վտանգավոր արտանետումներն ու գոլորշին։

Որպես հիմնական բնապահպանական խնդիր՝ փորձագետն առանձնացրեց տարեկան 11 տոննա թափոնները, որոնց կառավարումը պահանջում է
թափոնների անձնագրեր, պատշաճ պահպանում փակ տարաներում և հատուկ վերապատրաստված անձնակազմ։ Նա նաև հարցեր բարձրացրեց սանիտարապաշտպանիչ գոտու հիմնավորման վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեխանիկական վերամշակման 50 մետր գոտին չի համապատասխանում քիմիական գործընթացների ռիսկերին։

«Շենգավիթում բազմաթիվ չբնակեցված տարածքներ կան՝ կոմունալ-արտադրական ենթակառուցվածքներով ու պահեստային գոտիներով։ Եվ եթե ընկերությունն ասում է՝ «մեզ այստեղ է հարմար», մենք եկել ենք հարցեր տալու և պատասխաններ ստանալու»,- ասաց Ռոզա Ջուլհակյանը։

Վիկտորյա Բուռնազյանն իր ելույթում շեշտեց, որ ծանուցումից պարզ է դառնում՝ նախատեսվողը ՇՄԱԳ «Ա» կատեգորիայի վտանգավոր գործունեություն է, և հենց այս փուլում է համայնքը տիրապետում որոշիչ ձայնի իրավունքին։

«Այստեղ մենք լսում ենք, որ սա անվտանգ է, թափոնները տեղափոխվելու են, արտանետումներ չեն լինելու։ Բայց բոլոր ռիսկերին մենք կարող ենք ծանոթանալ ՇՄԱԳ փորձաքննության փուլում, որտեղ արդեն համայնքը որոշիչ ձայն չի ունենալու։ Հենց այս փուլում է, որ բնակիչները պիտի որոշում կայացնեն»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Հայաստանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական բացերի վրա՝ նշելով, որ փորձաքննության ընթացքում չեն իրականացվում ո՛չ գումարային (կումուլյատիվ) ազդեցության գնահատում, ո՛չ էլ մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննություն։ 

«Տարբեր տարածքներ կան, որոնք բնակելի գոտիներից հեռու են։ Այնտեղ նախաձեռնեք, մենք էլ ենք կողմ, որ տնտեսությունը զարգանա՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա նվազագույն ազդեցությամբ։ Փոխե՜՛ք տարածքը, և այդ դեպքում նոր համայնքը թող մտածի՝ համաձայնություն տա՞լ, թե ոչ»,- եզրափակեց Վիկտորյա Բուռնազյանը։

SLAPP ճնշումների մտահոգություն

Հանրային լսման ընթացքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և այլ քաղաքացիներ բարձրացրին նաև բիզնեսի կողմից լրատվամիջոցների ու ակտիվիստների դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) կիրառման խնդիրը։ Անդրադառնալով  SLAPP (Strategic Lawsuit Against Public Participation) երևույթին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց Հայաստանում բիզնեսների կողմից քննադատների դեմ դատական հայցերի պրակտիկան և հակա-SLAPP օրենսդրության անհրաժեշտությունը՝ եվրոպական դիրեկտիվների համատեքստում։

Հատկանշական է, որ լսումներից օրեր առաջ«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Կոգանը դատարան դիմելու նախազգուշացմամբ հերքման պահանջ էր ուղարկել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ և «Քաղաքացու ձայն» հարթակին՝ կապված «ՌԱՅԴԵՆԱ» ընկերության նախատեսվող գործունեությանն առնչվող հրապարակման հետ։ 

Ներկաներից Մերի Պողոսյանը և Օլեգ Դուլգարյանը  հարցրին նախաձեռնողներին՝ արդյո՞ք ընկերությունը պատրաստ է հարգել հանրային քննադատությունը և չօգտագործել իրավական ճնշման գործիքներ։

Հնչեցին կարծիքներ, որ ընդունելի կլիներ, եթե ընկերությունը պարզաբանումներ ուղարկեր՝ հստակեցնելով վիճարկվող տեղեկությունները և պատասխանելով տեխնիկական հարցերին։ Սակայն, դեռևս չսկսած իր գործունեությունը, ընտրել է սպառնալիքների և լռեցման մարտավարությունը:

«Հարց է առաջանում՝ եթե գործարանը բացվի, և բնակիչներն սկսեն բողոքել հնարավոր ազդեցությունների դեմ՝ արդյո՞ք նույն գործիքը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ։ Էլ չխոսենք աշխատողների մասին»,- ասաց Մերի Պողոսյանը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պահանջելու են հարցը չանցկացնել ավագանու նիստում՝ որպես «չզեկուցվող», այլ դնել բաց քննարկման։ Հանրային լսման արձանագրությունն ու կարծիքները կներկայացվեն Երևանի ավագանուն՝ համաձայնություն տալու կամ մերժելու որոշում կայացնելու համար։

Օրենքով սահմանված կարգով շահագրգիռ հանրությունը կարող է նաև գրավոր դիտողություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարան ([email protected])՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊ ընկերության մասին

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 2-ին, բաժնետերերն են Ռուբեն Դիշդիշյանը (51%), Դմիտրի Կոգանը (24.5%) և Ալեքսանդր Շլեյնիկովը (24.5%)։ ՀՀ կառավարությունը 2026 թ. օգոստոսի 27-ի N 1283-Ա որոշմամբ ընկերությանը տրամադրել է 35 անուն հումքի և սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։

 

Նոյեմբեր 20, 2026 at 01:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր