Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ որևէ լուծման չենք հասել, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել. ՇՄ նախարար

Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ որևէ լուծման չենք հասել, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել. ՇՄ նախարար

«Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ որևէ որոշում, որևէ լուծման գնալու, որևէ քաղաքական որոշում կայացնելու շեմի չենք հասել, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և օբյեկտիվ իրականությունը վեր չի հանված»: Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանը մարտի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի կազմակակերպած Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:  Նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ պետության այս վիճակում և պետության զարգացման ընդհանուր պոտենցիալի իրացման առումով նա պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից է:

«Ամուլսարի խնդիրն այս պահին առկախված է՝ պայմանավորված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի առկայությամբ: Ես մի քանի անգամ խոսել եմ, որ ինքս մեծապես հղվելու եմ քրեական գործի հանգուցալուծման արդյունքներին: Եթե այնպիսի օբյեկտիվ իրողություններ վեր հանվեն, որոնք կասկածի տակ դնեն թե՛ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, թե՛ մյուս ինստիտուցիոնալ փաստաթղթերը, թույլտվությունները, որոնք թույլ են տալիս տնտեսվարողին շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, այդ դեպքում ես իմ լիազորություների և իրավասությունների շրջանակում կմիջամտեմ: Եթե նման օբյկետիվ իրականություն գոյություն չունի, և բոլոր փաստարկները, այդ թվում՝ ՇՄ նախարարության կողմից մի շարք փաստերի քննվելուց հետո պարզի, որ որևէ օբյեկտիվ խանգարող փաստ և հանգամանք գոյություն չունի, ապա ՇՄ նախարարությունը ինստիտուցիոնալ առումով որևէ գործիքակազմ և իրավասություն չունի միջամտելու: Հայաստանում այսօր մեկ տասնյակ հանքավայր է շահագործվում, և բոլոր հանքավայրերում էլ ունենք բավական ակնառու խնդիրներ, իրենց գործունեության արդյունքում առաջացած սուր բնապահպանական խնդիրներ, և այսօր, ցավոք, վերահսկողական ինստիտուտները, պետական պատկան մարմիններն իրենց կարողություների և գործիքակազմի շրջանակում որքան էլ որ հակազդում և վարչարարություն են իրականացնում, խոշոր հաշվով չենք կարողանում ոլորտում բեկումնային փոփոխություններ կատարել»,- ասաց նախարարը:

«Ես թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես այս ոլորտի պաշտոնյա որքան փորձել եմ ուսումնասիրել փաստաթուղթը, ռիսկերը, բնապահպանների կողմից վեր հանված մտահոգությունները, խոշոր հաշվով Ամուլսարի հանքարդյունահանման նախագիծը, կանխարգելիչ միջոցառումներն ու այն տեխնոլոգիաները, որոնք նախատեսվում է կիրառել և ծրագրի կազմման մեջ ներգրավված մասնագետների ու փորձագիտական շրջանակների, նաև վերջին շրջանում մեր հարցադրումներին ուղղված պատասխանները բավական ներկայանալի են: Ինձ հույս է ներշնչում այդ հանգամանքը: Եվ եթե ունենանք հավուր պատշաճի պետական վերահսկողություն, և եթե չլինի այնպիսի օբյեկտիվ իրականություն վեր հանված քրեական գործի վարույթով, որ հստակ խնդիր առաջանա կասեցնելու շահագործումը, ապա տնտեսվարողը պետք է շահագործի այդ հանքավայրը»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը: Փաստաթղթային փորձաքննության իրականացման համար լիբանանյան ընկերությանը ՀՀ կառավարության կողմից վճարվել է 450,944 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Այդ եզրակացության հրապարակումից հետո առաջ քաշվեց Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հարցը, որն առկախվեց: ՀՀ ՇՄ նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրեց պետական լիազոր մարմինների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ELARD և TRC  կազմակերպությունների դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի վերաբերյալ: Այդ փաստաթղթում 13 կետով ներկայացրեցին Ամուլսարի ծրագրում առկա բացթողումներն ու թերությունները, այդ թվում փաստաթղթի 13-ում մասնավորապես նշված է. «Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N439 Ն որոշման պահանջների»:

Այդ փաստաթղթով առաջարկվեց հանձնարարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեսչական ստուգումներ անցկացնել, ինչը ևս տեղի չունեցավ:



Մարտ 03, 2021 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր