2025 թվականի սկզբից Ամուլսարի հանքում պետք է սկսվեն աշխատանքները. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

2025 թվականի սկզբից Ամուլսարի հանքում պետք է սկսվեն աշխատանքները. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

«Կարծում ենք, որ 2025 թվականի սկզբից Ամուլսարի հանքում պետք է սկսվեն աշխատանքները, և նվազագույնը վերջին եռամսյակում պետք է տեղի ունենա արդյունահանում և արտահանում», - հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Այս տարի պլանավորում ենք և այդ շրջանակում էլ կունենանք 3 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում: Հաջորդ տարի 5,7 տոկոս է պլանավորված: Մեր ջանքերն ուղղված են նրան, որ նախ պետք է զարգանա հանքարդյունաբերությունը, և հանքարդյունաբերության ոլորտում տենդենցները զարգացման են գնում, բայց նաև Ամուլսարի հանքի բաղադրիչը պետք է ավելանա: Շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք ավելի լավ աշխատել, ավելի արագ և ավելի շուտ, որ ոչ թե հոկտեմբերի սկզբից սկսվի արդյունահանումը, այլ սեպտեմբերից կամ օգոստոսից: Մենք կանխատեսում ենք, որ արդյունաբերական և տնտեսական աճի մակարդակներն ավելի բարձր կլինեն, և նաև տնտեսական աճի մակարդակն ավելի բարձր կլինի», - ասել է Գևորգ Պապոյանը։

Իսկ լրագրողների հետ զրույցում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի ընթացքի վերաբերյալ Գևորգ Պապոյանը նշել է․ «Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք մենք: Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա, այսինքն, որոշակի պրոցես կա վարկավորման, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար»։

Նշենք, որ ՀՀ կառավարության ս.թ. հոկտեմբերի 24-ի որոշմամբ Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի՝ ՀՀ կառավարությանը 12,5 % բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը 2024 թվականի նոյեմբերի 1-ից հետաձգվեց մինչև դեկտեմբերի 30-ը՝ «գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով»։ Անդրադառնալով այս որոշմանը՝ Գևորգ Պապոյանը նշեց․ «Բոլորը իրար հետ փոխկապակցված գործընթաց է, այսինքն, մենք՝ ինքներս, պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում՝ և այդ հարցը, մեկ փաթեթով: Այդտեղ առանձնահատուկ բան չկա»:

Նոյեմբեր 01, 2024 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր