

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սույն թվականի փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման հարցին։ Գևորգ Պապոյանը դեռ 2024 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 միլիոն դոլար, որից 100 միլիոն դոլարն առկա է, իսկ մնացած 150 միլիոն դոլարն ուզում են վերցնել հայաստանյան բանկերից, և այստեղ որոշակի պետական աջակցության ակնկալիք կա։
«Հիմա գործընթացը շատ ակտիվ փուլում է։ Կան առանձին հատվածներ, որոնք բանակցային են, մասնավոր հատվածն է, բնականաբար, բանակցում։ Ամեն ինչ գնում է նրան, որ վարկավորումը տեղի է ունենալու։ Իմ տպավորությամբ՝ խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են։ Սկզբից կունենանք շինարարության, հետո՝ արդյունահանման փուլ։ Պլանավորում ենք, որ հոկտեմբերից արդեն արդյունահանում տեղի ունենա։ Նաև տնտեսական ցուցանիշների մեջ ենք կանխատեսում, որ վերջին եռամսյակը պետք է ավելի լավը լինի՝ նաև պայմանավորված այդ հանգամանքով», - ասաց Գևորգ Պապոյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ֆինանսավորման գործընթացը ձգձգվում, նախարարն ասաց․ «Ինչպե՞ս կարող է 150 միլիոն դոլար վարկավորումն արագ ու հեշտ տեղի ունենալ։ Բնականաբար, բարդ գործընթաց է»։
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ռիսկերին՝ նա ասաց․ «Ցանկացած հանքարդյունաբերական ձեռնարկություն ինչ-որ չափով բնապահպանական հետևանքներ ունենում է։ Ոնց կարող է հանք շահագործվել և դա չունենա, ընդ որում, աշխարհի բոլոր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում։ Խնդիրն այլ է․ մենք հիմա ինչպիսի խնդիրներ ենք դնում հանքերի առաջ, և արդյոք այդ հանքերը պետք է համապատասխանեն այդ խնդիրներին, թե՝ ոչ։ Նույն Ամուլսարի դեպքում՝ այնպիսի բարձր բնապահպանական ստանդարտ է դրված, նույն ԶՊՄԿ-ի դեպքում՝ հենց հիմա իրենք բանակցում են գերմանական հայտնի ընկերության հետ, որը պետք է ներդնի համապատասխան վերահսկողական համակարգ, բնապահպանական համակարգ և այլն, որոնք արդեն իսկ բավական բարձր վիճակում գտնվող բնապահպանական ռիսկերի կառավարման համակարգը պետք է բարձրացնել այսօրվա գործող նորմերի ամենաբարձր համակարգին։ Պետության հորդորով, պետության դրած կանոնների միջոցով է դա տեղի ունենում։ Եթե մենք կանոններ ենք սահմանում, ստիպված պետք է գնան, այդ ներդրումներն անեն, որպեսզի համապատասխանեցնեն իրենց թափանցիկությունը, իրենց բնապահպանական նորմերը այդ կանոններին»։
Փետրվար 07, 2025 at 14:27