Դերենիկ Մալխասյան, 7or.am
Տպավորություն է ստեղծվում, թե հայրենի կառավարությունը Շիրակի մարզն ընտրել է որպես փորձադաշտ իր գլոբալ, մասշտաբային և, բնականաբար, միջազգային նախագծերի իրագործման համար: Գյումրիում տեխնոքաղաքի հիմքերը դնելուց հետո ՀՀ կառավարությունը լծվել է ևս մեկ մասշտաբային և միջազգային նախագծի իրագործմանը, այն է՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում գտնվող Արփի լիճը վերածել «Արփի լիճ» ազգային պարկի, որը դառնալու է նաև միջազգային տուրիստական կենտրոն՝ դրան բնորոշ ենթակառուցվածքներով:
Ըստ կառավարության կանխատեսումնների՝ այս ծրագիրը պետք է դրականորեն անդրադառնա տարածաշրջանի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Ծրագրի «PR»-ն այս անգամ իր վրա էր վերցրել ոչ թե այդ գործի վարպետ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այլ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Կառավարության նախատեսածի համաձայն՝ Շիրակի մարզի Ղազանչի գյուղում կառուցվելու է հյուրերի այցելության կենտրոն, իսկ ահա Բերդաշեն համայնքը վերածվելու է հիմնական տուրիստական կենտրոնի, որտեղ կառուցվելու են, բնականաբար, միջազգային չափանիշներին համապատասխան հանգստյան տներ: Իսկ տարածաշրջանի գյուղական համայնքները, Արամ Հարությունյանի հավաստմամբ, ընդամենը մի քանի տարի հետո ականատես են լինելու կոնկրետ գործերի, ինչն էլ իր հերթին բարեկեցության աղբյուր է դառնալու տարածաշրջանի բնակիչների համար: Ճիշտ է, նախարարը չի նշել՝ մի քանի տարի ասվածը առաջիկա հարյուրամյակի՞ մեջ է տեղավորվում, թե՞ ավելի կարճ է:
Կառավարության այս հերթական ամպագորգոռ նախաձեռնությունը տպավորիչ կլիներ, եթե չլիներ մի բայց, այն է՝ միջազգային տուրիստական կենտրոն հասնելու ճանապարհները: Ճանապարհների վիճակը բնութագրելու համար միայն նշենք, որ ընդամենը 40 կմ ճանապարհահատվածն անցնելու համար կպահանջվեն մոտ երկուսուկես ժամ և մեծաքանակ ավտոպահեստամասեր: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարը, իր հավաստմամբ, մեծ հաճույքով է այցելելու տարածաշրջան.
-Ես բազմաթիվ անգամներ եմ այցելել այստեղ, և ամեն անգամ հաճույքով եմ այցելում, սակայն համաձայն եմ, որ ճանապարհները պետք է կարգավորվեն,-հայտարարել է նախարարը՝ ավելացնելով, սակայն, որ ինքն էկոտուրիզմը հենց այսպես էլ պատկերացնում է՝ բարձրանալ-իջնել, սար բարձրանալ, ծառ տեսնել:
Նկատենք, որ վերոհիշյալ ճանապարհները հաճույքով անցնելու համար առանվազն պետք է մազոխիստական հակումներ ունենալ կամ վերին աստիճանի «էքստրիմալ» լինել:
Տեղյակ չենք՝ մեր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները մազոխի՞ստ են, թե՞ գերէքստրեմալ, սակայն ոմանց հաճույք պատճառող միջհամայնքային ճանապարհները իսկական դժբախտություն են տեղի բնակիչների համար: Գյումրիից ընդամնեը 20-50 կմ հեռավորության վրա գտնվող շատ գյուղական համայնքներ աստիճանաբար դատարկվում են նաև ճանապարհների անհասանելիության պատճառով։ Օրինակ, Գյումրից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Բաշգյուղ հասնելու համար կպահանջվի մոտ մեկ ժամ:
Իսկ մարզի հյուսիսյանի շրջաններում, որտեղ «Արփի լիճ» ազգային պարկ են ստեղծում, մարդիկ երեխաներ ունենալը ծրագրում են ըստ տարվա եղանակների, որպեսզի հնարավոր լինի հղի կանանց հիվանդանոց հասցնել, կամ գոնե ճանապարհին ծննդաբերելիս (ինչը հաճախակի է պատահաում այս կողմերում) եղանակները բարենպաստ լինեն, և մայրն ու նորածինը չմահանան 20-30 աստիճան ցրտի ու հակասանիտարական պայմանների պատճառով:
Նկարագրված իրավիճակը միայն մի փոքր մասն է Ամասիայի և Ղուկասյանի տարածաշրջանի բնակիչների «էքստրեմալ» կենցաղից. շարքը կարելի է շատ երկար թվարկել:
Հունիս 16, 2010
