Տեղի ունեցավ Գերմանիայի և Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի վերաբերյալ մեկնարկային աշխատաժողովը

Տեղի ունեցավ Գերմանիայի և Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի վերաբերյալ մեկնարկային աշխատաժողովը

2022թ. մայիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից նախաձեռնած Ազգային մեկնարկային աշխատաժողովը՝ նվիրված «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի մեկնարկին:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: «Տարիների ընթացքում բնության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով ունենք մի իրավիճակ, երբ որոշ կենդանատեսակներ հայտնվել են վտանգման եզրին: Այս համատեքստում էկոլոգիական միջանցքների ստեղծման ծրագիրը կարևոր է, քանի որ այն նպաստեց կենդանատեսակների ավելացմանը և դրանց ապահով տեղաշարժին բնության հատուկ պահպանվող տարածքների միջև: Բնապահպանական խնդիրները վերազգային խնդիրներ են և պահանջում են միջազգային աջակցություն: Վստահ եմ, որ բոլորի ջանքերը և փորձառությունը մեկտեղելով՝ մենք կկարողանաք այս ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչել»,- ասաց նա:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի զարգացման համագործակցության և մամուլի հարցերով կցորդ Յակոբ Ցիգլերը նշեց, որ Գերմանաիայի կառավարության համար գերակա է բնության համակարգերի պահպանությունը: «Էկոհամակարգերի օգտագործումը վնաս է հասցնում բնական միջավայրին: Մենք պետք է հաղթահարենք այն բազմակողմանիության, տարբեր երկրների ու հաստատությունների միջև համագործակցութան շնորհիվ՝ թե՛ համաշխարային, թե՛ տարածաշրջանային մասշտաբով: Այս մոտեցումը կօգնի ոչ միայն էկոհամակարգերին, այլև՝ գյուղական բնակչությանը՝ հավասակշռություն ստեղծելով բնության և մարդկանց միջև»,- նշեց նա:

Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ կարողացել են նախագծել նորարարական նախագիծ, որ նշանակալի ներուժ ունի: «Մենք փորձում ենք համակցել բնության պահպանությունը տնտեսության աճին գործնական եղանակով, որպեսզի այն իմաստալից լինի տեղի բնակչության համար: Պահպանվող տարածքներում բնակվող գյուղացիները կարող են գումար վաստակել այն լադշտաֆներից, որտեղ ապրում են, տնտեսապես կայուն եղանակով՝ առանց ոչնչացնելու իրենց տնտեսական գործունեությամբ: Տեղի բնակիչները, հյուրատների սեփականատերերը, զբոսավարները և արվեստագետները կկորաղանան ուսուցանվել և բարելավել տուրիստական ենթակառուցվածքը»,- նշեց նա:

Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ղեկավար Ֆրանկ Մյորշլն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի համար՝ հատկապես ունենալով առաջին փուլի արդյունքները: «Էկոմիջանցքի ծրագրի առաջին փուլի ծրագրի համար իրապես մեծ ջանք գործադրվեց և այն հաջող մոտեցում էր, որը նպաստում է համայնքներում լադշաֆտների պահպանմանն ու հնարավորություն ընձեռում տեղական նախաձեռնությունների համար»,- ասաց նա:

Ծրագրի առաջին փուլի շահառու Զանգակատուն բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանը խոսեց ծրագրի՝ իրենց բնակավայրի զարգացման վրա ունեցած ազդեցության մասին: «Մեր բնակավայրն ունի հարուստ կենսաբազմազանություն, և կենդանիները բնակատեղիների պահապանությունը երբևիցե ընդգրկված չի եղել որևէ զարգացման ծրագրի մեջ: 2018թ. ընգրկվեցինք էկոմիջանցնքերի խթանման ծրագրի մեջ, որի արդյունքում ստացանք 166 հազար 500 եվրո գումար, որը մինչ այսօր ծախսվում է ոչ միայն բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար, այլև՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված ծրագրեր են իրականացվում»,- նշեց նա:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց երկու ծրագրերի ընդհանուր նկարագիրը, դրանց փոխկապակցվածությունը միմյանց և տարածաշրջանում իրականացվող այլ միջազգային ծրագրերի հետ: «Կովկասը WWF-ի համար ունի մեծ առաջնահերթություն, որովհետև ունի մեծ կենսաբազմազնություն, և միևնույն ժամանակ այդ կենսաբազմազանությունը վտանգի տակ է տարբեր ռիսկերի պատճառներով, ինչպես օրինակ՝ անօրինական որսը, հանքարդյունաբերությունը, ապօրինի անտառահատումները, կլիմայի փոփոխությունը: Շատ կարևոր է այս ամբողջը հաշվի առնել մեր մոտեցումների և նախագծերի ժամանակ: Ծրագրերի կապակցվածությունը նախ կենսաբազմազանությունն է, բնության պաշտպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և տեղի բիզնեսի կողմից եկամուտ ստանալու հնարավորությունը»,- նշեց նա:

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը ներկայացրեց էկոմիջացնքների ծրագրի հիմնական գաղափարն ու ծրագրի առաջին փուլի արդյունքները: «Մենք չեք կարող պահպանել վայրի բնությունը՝ ստեղծելով բնության հատուկ պահպանվող տարածքներ, չենք կարող ամբողջ երկրով մեկ ազգային պարկեր ստեղծել: Պետք է ունենալ այլընտրանքային մոտեցումներ: Այդ միջանցքերն անցնում են համայնքային հողերով, և մենք ներգրավում ենք բնակչությանը կենսաբազմազանության պահպանության գործընթացում»,- ասաց նա: Ըստ նրա՝ ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 16 բնակավայրերում:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանն անդրադարձավ «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագրին՝ ներկայացնելով հիմնական գաղափարը: «Ընդհանուր գաղափարը հետևյալն է՝ բարելավել բնակչության կենսամակարդակը, կայուն օգտագործել բնական ռեսուրսները, մեղմել կլիմայի փոփոխությունը, գյուղական եկամուտները բազմազան դարձնել: Այդ նպատակներին հասնելու համար տղամարդիկ և կանայք պետք է ստեղծեն բնապահապանական տեսանկյունից ընդունելի պրոդուկտներ, ծառայություններ և հնարավորություններ:  Երկրորդ արդյունքը՝ զարգացնել գյուղական տնտեսությունը տարբեր մակարդակներում՝ ներառեկով բնական ռեսուրսներ»,- նշեց նա: Այս ծրագրով շահառու են 6 գյուղական համայնքներ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից:

Կարեն Մանվելյանն իր հերթին ընդգծեց, որ այս ծրագրերի միջոցով ցույց է տրվելու, որ հնարավոր է համատեղել տնտեսության զարգացումը բնության պահպանության հետ: «Գաղափարը մեկն է՝ եթե մենք կարողանանք կայունացնել կենդանական և բուսական աշխարհի ապրելավայրերը թիրախային գյուղերում, դա կբերի տեսակների շատացմանը, որը լրացուցիչ խթան կլինի զբոսաշրջիկների այցերի համար: Կգան, որ այդ կենդանիներին տեսնեն: Դրա հետ մեկտեղ էկոհամակարգերի կայուն կառավարումը կբերի կայուն հիմք համայնքների կողմից բնական ռեսուրսներն օգտագործելու համար, և, իհարկե, եթե ավելանա զբոսաշրջիկների քանակը, պետք է գյուղացին պատրաստ լինի այդ զբոսաշրջիկներին ընդունել, ունենալ համապատասխան պայմաններ: Զբոսաշրջիկների այցելությունն էլ կբերի ներդրումներ այդ համայնքներում»,- ասաց նա:

Վերոնշյալ երկու ծրագրերն իրականացվում են WWF-Հայաստանի կողմից: «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ֆինանսավորումը կազմում է 4.500.000 շվեյցարական ֆրանկ (CHF): Այս ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս:

Մայիս 07, 2022 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր