

Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գինեգործ, «Կրիա» գինու գործարանի գործադիր տնօրեն, հիմնադիր Տաթևիկ Գաբրիելյանն «Էկոլուրին» պատմել է հայրենիք վերադառնալու, սեփական հողի վրա բիզնես հիմնելու և գյուղը զարգացնելու իր երազանքի մասին:
Տաթևիկը շատ էր ուզում դառնալ գինեգործ ու էկոլոգիապես մաքուր արտադրության օրինակ ծառայել իր բնակավայրում: «Իրական գինեգործության մեջ մտա 2009թ., երբ տեղափոխվեցի Շվեյցարիա սովորելու: Այնտեղ էլ սկսեցի աշխատել այգիներում, և հասկացա, թե ինչ ջանք ու եռանդ է պետք գինի արտադրելու համար»,- ասաց նա: Հենց այնտեղ էլ ստացավ գինեգետի մասնագիտությունը, ինչը գինեգործի ու տեխնոլոգի համադրումն է:
Հայաստան վերադառնալու մտահղացման հեղինակը ամուսինն էր՝ Ժան Պոլը: «Երկուսս էլ լինելով մասնագետ՝ միշտ երազել ենք մեր սեփական այգիներն ունենալ: Եվ ավելի լավ տեղ, քան Հայաստանը, չէինք կարող պատկերացնել: Այստեղ հնարավորությունները մեծ են, հետաքրքիր նոր սորտեր ենք հայտնաբերում, շատ հետաքրքիր գինիներ ենք արտադրում և, միանշանակ, Հայաստանն էր մեզ համար առաջին տեղը, որ սկսենք մեր սեփականը»,- նշեց Տաթևիկ Գաբրիելյանը:
2020թ. ամուսիններով ձեռնամուխ եղան գործարան հիմնելու աշխատանքներին: Այսօր ունեն 6 հեկտար այգի, որից 3-ն իրենց ընտանիքին պատկանող այգիներն են: «Մեր փիլիսոփայության մեջ է պահպանել բնությունը և ավելի ծաղկեցնել այն: Դրա համար մենք վերցրել ենք ևս 3 հեկտար խորհրդային շրջանի հին այգիներ և վերականգնել դրանք: Վերածնվել են այդ այգիները»,- ասաց Տաթևիկը:
Բացի իրենց պատկանող այգիներից՝ օգնում են նաև համագյուղացիներին սպառել խաղողը: «Բացի մեր սեփական խաղողից, նաև մթերում ենք հարևանների խաղողները, և փորձում իրենց ուղղորդել դեպի էկոլոգիապես մաքուր խաղողագործություն: Մեր նպատակն է «Վերնաշեն» բրենդի որակը բարձրացնել: Դրա համար արտադրում ենք նաև «Փոքր կրիա» գինիները, որոնք շատ ավելի մատչելի են և հասանելի են հանրությանը: Այն մեր հարևաններից գնված խաղողից արտադրված գինին է:
«Կրիա» անվան ընտրությանն անդրադառնալով՝ Տաթևիկը նշեց. «Անվանումը խորհրդանշում է երկարակեցություն, իմաստություն: Ընդհանրապես բոլոր ազգերում այն դրական կենդանի է համարվում: Մեզ բավականին տիպիկ է, որովհետև մենք փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում: Արդեն իսկ Եղեգնաձորի քոլեջից ուսանողներ են գալիս մեզ մոտ փորձի փոխանակման նպատակով»:
Բիզնեսի կայացման գործում Տաթևիկի ընտանիքին աջակցել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը։ Վերնաշենը LILA ծրագրի շահառու բնակավայրերից է: «Գինեգործության հետ մեկտեղ որոշեցինք նաև տուրիզմ զարգացնել: Ունեինք շատ հյուրեր: 2024թ. որոշեցինք ավելի պրոֆեսիոնալ աշխատել այդ ուղղությամբ: LILA ծրագրի աջակցությամբ բացել ենք գինու համտեսի սրահ այգիներում, որտեղ մարդիկ կվայելեն մեկ բաժակ «Կրիայի» գինին, գողտրիկ բնության հետ կհաղորդակցվեն և նաև համեղագույն գյուղական ընթրիք կհամտեսեն»,- նշեց նա:
Այս առումով LILA ծրագիրը նպաստում է Վերնաշենում գինեգործության մշակույթի ու էկոտուրիզմի զարգացմանը:
Ծրագրի շրջանակում Տաթևիկը նաև մեկնել է Մոլդովա մասնակցելու զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով կազմակերպված հանդիպումներին: «Բավական հետաքրքիր գիտելիքներ ստացանք այդ այցից: Համագործակցությունը շարունակվում է: Մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսների, որը կօգնի մեզ ավելի հանրահայտ դառնալ»,- ասաց երիտասարդ գինեգործը:
Վերնաշենում գինի արտադրելու առանձնահատկությունների մասին խոսելիս՝ ընդգծեց տեղի կլիմայի յուրահատկությունը. «Գտնվում ենք 1450 մ բարձրության վրա, բավական բարձրադիր գոտում ենք գինեգործության համար և դա մեզ տալիս է էլ ավելի հետաքրքիր ու էլեգանտ գինիներ: Եթե մինչև 2008-2009թթ. նույնիսկ գրքերում գրված էր, որ մինչև 1450 մ բարձրության վրա են խաղող պատրաստում, տնկում, հիմա այդ ամենը փոխվել է՝ կլիմայական փոփոխությունից ելնելով: Մարդիկ էլ ավելի բարձրադիր գոտում են փորձում խաղող տնկել, որովհետև բարձրադիր գոտիներում ավելի է հեշտանում իր հետ աշխատանքը, քան ցածրադիր գոտիներում, որտեղ խաղողը շատ ավելի արագ է շաքարայնությունը հավաքում և չի կարողանում այդ ամբողջ պենոլային պաշարը հավաքել»:
«Կրիա»-ի գործարանում արտադրում են սպիտակ, վարդագույն, կարմիր գինիներ: «Բազմազան սորտեր ունենք՝ կարմիրներից՝ արենի, սև խարճի, թոզոտ, մովուզ, Հակոբի որդի, իսկ սպիտակներից՝ չիլար, ոսկեհատ, խաթուն խարջի, սպիտակ արենի, մսխալի: Կան սորտեր, որոնք հանրությանը դեռևս ծանոթ չեն»,- նշեց Տաթևիկը: Գինիները սպառում են հիմնականում Երևանում՝ մատակարարելով մասնագիտացված գինու խանութներին և ռեստորաններին, արտահանում են Ռուսաստանի դաշնություն և Էստոնիա, առաջիկայում հայկական գինին կհայտնվի նաև ամերիկյան շուկայում:
Տաթևիկն անդրադարձավ նաև իրենց գործունեությանը և մարզի գյուղատնտեսությանը սպառնացող ռիսկերին: «Ռիսկերից մեկը հանքի բացումն է, որն արդեն 14 տարի է՝ մեզ հանգիստ չի տալիս: Թեքսարում (խմբ.՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայր) փորձում են հանք բացել, ինչը բացասաբար կանդրադառնա գինեգործության և խաղողագործության վրա: Հողում կան բավական քանակով ծանր մետաղներ, և հանքի բացումն էլ ավելի կշատացնի դրանք: Բոլորիս էլ հայտնի է, որ հանքն անկառավարելի է, և հայտնի չէ, թե ինչ մեծ խնդիրներ կառաջացնի մեզ համար: Մենք փորձում ենք հարգել բնությունը, չենք օգտագործում սինթեզված պեստիցիդներ, հերպիսիդներ, և այլն: Գինին էլ պատրաստում ենք հնարավորինս բնական և փորձում էկոլոգիապես լավ արտադրանք ստանալ:
Ունենք մեծ ռիսկեր: Ջրի մեջ կարող են թափանցել կապար, տարբեր ծանր մետաղներ, որոնք կանցնեն գինուն: Բոլորիս էլ հայտնի է, որ երբ դու արտահանում ես գինի, այն շատ լուրջ սպեկտրային անալիզների է ենթարկվում: Հայտնաբերելով դրանում որևէ ծանր մետաղ, դու այլևս չես կարող քո արտադրանքն արտահանել»,- նշեց նա:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Դեկտեմբեր 09, 2024 at 11:39