«Մեր լեռները» սպորտային ճամբար՝ գյուղական ու կինոքվեստներով. նոր մոտեցում արկածային տուրիզմում

«Մեր լեռները» սպորտային ճամբար՝ գյուղական ու կինոքվեստներով. նոր մոտեցում արկածային տուրիզմում

 

Տավուշի մարզում զբոսաշրջիկներն ու լեռնային արշավների սիրահարներն այսուհետ կարող են հայկական կինոարվեստի գոհարների կինոհրապարակներում հայտնվել, անցնել 20-րդ դարի հայկական կինոարտադրության հետքերով, վերապրել ֆիլմերի ամենից հիշարժան պահերը, հաղորդակցվել գյուղական առօրյայի ամենատարբեր ճյուղերին:
 


Գաղափարի հեղինակը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի խորհրդի անդամ, արշավորդ Էդգար Նավասարդյանն է, ով Գոշ բնակավայրում 2019թ. հիմնել է «Մեր լեռները» սպորտային ճամբարը:  
 


Նա, հայտնաբերելով գյուղում մի մեծ ժայռաբեկոր, ձեռք է բերում հարակից տարածքը ու դրա շուրջ ստեղծում արկածային տուրիզմի նոր հայեցակարգ: «Տավուշի մարզն ինձ համար ասոցացվում է բնության, կանաչի հետ: Այստեղ ամեն ինչ շատ մաքուր է: Ես արմատներով Տավուշից եմ՝ պապիկս Բերդից է: Մանկությանս մի մասն անցել է Տավուշում: Երբ եկա այստեղ՝ վերադարձա իմ մանկություն»,- Էկոլուրի հետ զրույցում ասաց նա:
 


Գաղափարի զարգացման համար Էդգարը ձեռք է բերել մարզասարքեր, վրաններ, կառուցել խարույկատեղի, խոհանոց ու վրանատեղի: «Տարածքի անունը եկել է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից: Փորձում ենք կապել մարդկանց լեռների հետ: Այստեղ կազմակերպում ենք դասընթացներ, հին հայկական բակային խաղեր ու քվեստներ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղի բնակիչների համար, ինչպես նաև «թիմբիլդինգներ» կազմակերպությունների համար: Մեր խաղերում պարտադիր կոմպոնենտ է ժայռամագլցումը: Տարեցտարի ինչ-որ մի կոմպոնենտ ենք ավելացնում, մագլցման քարը մշակել ենք: Սանհանգույց, խոհանոց, ճաշարան ու խարույկատեղի ենք կառուցել: Նախագիծը սկսել է շնչել: Այստեղ գալիս են թե՛ մարզվելու, թե գիշերակացի նպատակով»,- ասաց նա:


«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի աջակցությամբ Էդգար Նավասարդյանը մտադիր է ընդլայնել իրենց կարողությունները՝ նպաստելով գյուղի զարգացմանն ու ներգրավելով գյուղացիներին զբոսաշրջության ոլորտում: «Այս ծրագրի աջակցությունը շատ կարևոր էր մեր ռեսուրսն ու գործիքակազմը մեծացնելու համար»,- ընդգծեց նա: 2024թ. որպես ծրագրի շահառու՝ «Մեր լեռները» սպորտային ճամբարի հետ կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, ինչի շրջանակներում ճամբարը տեխնիկապես վերազինվել է ժամանակակից սարքավորումներով՝ արկածային փորձառությունն ավելի գրավիչ դարձնելու նպատակով։ «Գարնանը մտադիր ենք ձմեռային տաղավար կառուցել, նոր բեմ-խարույկատեղի: Քվեստների կազմակերպման համար անհրաժեշտ գործիքակազմն անհրաժեշտ է թարմացնել»,- իր ապագա պլանների մասին կիսվեց Էդգար Նավասարդյանը:
 

Անդրադառնալով գյուղում առկա խնդիրներին՝ նշեց. «Գյուղում շատ խնդիրներ կան: Մենք փորձում ենք դրանք լուծել՝ գյուղացիներին ներգրավելով աշխատանքների մեջ թե՛ որպես արշավային ուղեկցորդներ, թե որպես գյուղմթերքի մատակարար: Որքան ենթակառուցվածքները զարգանում են, այնքան խթանում են գյուղացու ավելի լավ ապրելակերպին: Մենք օգտվում ենք իրենց ամենագնաց մեքենաներից, վարձում իրենց որպես խոհարար, ճամբարի սպասարկման տարբեր աշխատանքներում ներգրավում: Օգնության մյուս ուղղությունն էլ մեր կողմից ստեղծված գյուղական քվեստներում նրանց ներառելն է, ինչը ենթադրում է հյուրընկալություն իրենց տներում: Քվեստի մասնակիցները գյուղացիների ռեսուրսից կօգտվեն: Դա կլինի հավաբուն, կով կթել, ցախ կտրել, երկանքով ձավար աղալ կամ խնոցուց օգտվել: Մենք գյուղացիներին այդ ամենի համար վճարում ենք»:

«Մենք ենք մեր սարերը» ֆիլմի ոգին այս միջավայրում ամենուր է: Էդգար Նավասարդյանն իր գործընկերների ու համախոհների հետ Հայաստանի զբոսաշրջության համար յուրահատուկ ուղղություն է գտել: Ճամբարի հյուրերը կինոքվեստների մասնակից կարող են դառնալ: Դեռևս մեկ կինոքվեստ ունեն՝ հիմնված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի վրա:
 

«Կինոքվեստներ կարող են լինել տարբեր գյուղերում, բայց նախնական թիրախը Խաշթառակ գյուղն է, որտեղ Հենրիկ Մալյանը Հրանտ Մաթևոսյանի համանուն վեպի հիման վրա նկարահանել է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը: Պետք է գտնենք ֆիլմի կինոհրապարակները քվեստի հուշումների միջոցով: Հետագայում այդ նույն խաղը կանենք նաև Ահնիձորում, Գոշում: Մտադիր ենք այլ մարզեր գնալ այլ ֆիլմերի հետքերով, ինչպես նաև գյուղական տուրիզմը տարբեր գյուղերում անել: Կինոն բերում է կինոյի պատմություն, մշակույթի մաս է: Իսկ գյուղական քվեստներում ներառելու ենք հուշահամալիրները: Ունենք զբոսավարներ, ովքեր քվեստի շրջանակներում պատմելու են նաև հուշահամալիրների մասին, հանձնարարությունները ու փորձությունները լինելու են նաև մշակութային հարցերի շուրջ»,- ասաց նա:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Փետրվար 13, 2025 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր