

Մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության միջազգային օրը, Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի շրջակա անտառներ բաց թողնվեց կովկասյան ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակ։ Նրանց վրա տեղադրված ռադիովզկապները թույլ կտան ռենջերներին ու էկոպարեկներին հետևելու կենդանիների տեղաշարժին` ապահովելու նրանց անվտանգությունը։

Եղջերուները բերվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից»։ Կենդանիները վայրի բնություն արձակվեցին WWF-Հայաստանի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Մինչ այս ևս 13 եղջերու է բաց թողնվել Դիլիջանի անտառներ։

Եղջերուների բացթողնման արարողությունից հետո «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) Դեբետ բնակավայրի Սմարթ կենտրոնում տեղի ունեցավ կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված պաշտոնական միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP 17 համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպանը, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ ու լրագրողներ։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ նախարարության կողմից իրականացված աշխատանքները։ «Իշխանի 39 հազար մանրաձուկ բաց թողեցինք Սևանա լիճ, ազնվացեղ եջերուների 9 առանձնյակ՝ Հայաստանի բնություն։ Եվ սրանք շարունակական գործընթացներ են։ Վերջին 3 տարում շուրջ 600 հազար իշխանի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ։ WWF-Հայաստանի հետ համագործակցությամբ էլ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուների թիվը հասավ 22-ի»,- ասաց նախարարը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշեց․ «Կենսաբազմազանության COP 17-ը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպիսի կենսաբազմազանություն ունի Հայաստանը։ Կենսաբազմազանությունը միայն բնապահպանական խնդիր չէ։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու տնտեսական սեկտորի հետ, որն ունի ուղիղ ազդեցություն կենսաբազմազանության վրա։ Անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտն ունի ազդեցություն էներգետիկայի և շրջակա միջավայրի վրա։ Այսօր մենք ականատես եղանք եղջերուների բացթողման գեղեցիկ արարողությանը, և հույս եմ փայփայում, որ այս կենդանիները կբազմանան այստեղ ու ապահով միջավայրում կլինեն»։

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը նշեց․ «Մենք խնդիր ունենք իրազեկելու ոչ միայն մեր գործընկերներին, այլ նաև հանրությանը, որ բնության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության առաջին շահառուները մենք ենք՝ մարդիկ, և մենք պարտավոր ենք պատասխանատվություն կրել այն իրադարձությունների համար, որենք տեղի են ունենում մեր շրջապատում։ Մենք պարտավոր ենք վերագնահատել այն աշխատանքները, որոնք արել ենք, հասկանալ բացթողումները, որոնք ունենք, և արձանագրել այն հաջողությունները, որոնք մինչ այս ունենք։ 2026թ․ հյուրընկալելու ենք COP 17-ը, որը լինելու է, թերևս, կարևորագույն միջոցառումներից մեկը Հայաստանի պատմության մեջ։ Եվ ամենակարևորն այն է, որ մենք ոչ միայն հյուրընկալելու ենք, այլ նաև ստանձնելու ենք նախագահողի կարգավիճակը։ Եվ շատ հարցեր, որոնք աշխարհում քննարկվում են կենսաբազմազանության ոլորտում և, առհասարակ, շրջակա միջավայրի ոլորտում, մենք պարտավորվածություն ենք ունենալու առաջ մղել»։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը ներկայացրեց «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ «Բնության համաշխարհային հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ 2013թ-ից իրականացնում է վերաբնակեցման ծրագիրը։ 2018թ․ 3 առանձնյակ նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Առաջին բացթողումը եղել է 2022թ․՝ 3 առանձնյակ։ 2024թ․ բաց է թողնվել ևս 10 առանձնյակ։ Առաջին 2 խմբաքանակը բաց է թողնվել մեր կողմից՝ «Դիլիջան» ազգային պարկում։ Այնտեղ է գտնվում «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»։ Այս տարի որոշվեց Եղեգնուտի անտառային հատվածում բաց թողնել կենդանիներին, քանի որ այս տարածքը ևս հանդիսանում է եղջերուների բնական միջավայր։ 1950թ․-ից ի վեր բնության մեջ առանձնյակներ չեն հանդիպել և ծրագրի նպատակն է վերականգնել տվյալ տեսակի պոպուլյացիան, և լիահույս եմ, որ կենդանիների բնական վերարտադրությունը կդիտենք մոտ ապագայում»,- ասաց Լևոն Աղասյանը։

Նա ընդգծեց, որ իրենց կողմից իրականացված աշխատանքները բացթողնման առումով չեն ավարտվում, դրան հաջորդում են գիտական և մոնիթորինգային աշխատանքներ։ Լևոն Աղասյանը նաև նշեց, որ Եղեգնուտում WWF-Հայաստանը Էկոմիջանցնքերի ծրագրի շրջանակում ստեղծել է 35 հազար հա տարածք՝ համայնքային բնապահպանական տարածք։ Այնտեղ կան խնամակալներ, և Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել հետագա պահպանության աշխատանքներ։
Մայիս 23, 2025 at 15:27
