«Գյուղում ասում են՝ Նարե ջան, արի, հլը մի հատ գրի, էլի, գուցե խնդիրը լուծում ստանա»․ Հանրային լրագրողների ցանցը՝ համայնքի բնակիչների ձայնը լսելի դարձնելու միջոց

«Գյուղում ասում են՝ Նարե ջան, արի, հլը մի հատ գրի, էլի, գուցե խնդիրը լուծում ստանա»․ Հանրային լրագրողների ցանցը՝ համայնքի բնակիչների ձայնը լսելի դարձնելու միջոց

www.aravot.am, Տաթև Հարությունյան

«Գյուղում ասում են՝ Նարե ջան, արի, հլը մի հատ գրի, էլի։ Գյուղի մեծերից գյուղի պատմության մասին եմ հարցնում, վիդեոներ եմ անում, գրում եմ գյուղի խնդիրների մասին, օրինակ՝ բուժկետի խնդրի մասին եմ բարձրաձայնել, որ ունենք բանիմաց բուժքույր, բայց չունենք բժշկական պարագաներ, մի փոքր վագոն-տնակ է, որ մեր Գայան տյոտյան այդտեղ բուժզննումներ է անում»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց հանրային լրագրող Նարե Ղազարյանը։

15-ամյա Նարե Ղազարյանը ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքից է։ Նա Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում ստեղծված Հանրային լրագրողների ցանցի անդամներից է։ Մարցի մասին նրա պատրաստած նյութերն արժանացել են LILA ծրագրի կողմից կազմակերպված «Բնակավայրի լավագույնս ներկայացում» մրցույթի 2-րդ հորիզոնականի մրցանակին։

ԼԻԼԱ ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: ԼԻԼԱ ծրագիրը գործում է Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։ ՀՀ Լոռու մարզում ծրագրի շահառուներն են Թումանյան խոշորացված համայնքի Մարց, Ահնիձոր, Լոռուտ, Դսեղ բնակավայրերը, Փամբակ խոշորացված համայնքի Եղեգնուտ, Մարգահովիտ և Դեբետ բնակավայրերը։

Նարեն պատմեց՝ իրեն միշտ հետաքրքրել է բնապահպանությունը, ու երբ «Էկոլուրը» հյուրընկալվել է իրենց դպրոցում, ծանոթացել են, պատմել ծրագրի մասին, ու հենց այդ պահին մտածել է՝ սա հնարավորություն կտա ներկայացնել իմ գյուղի խնդիրները և դրանց լուծում տալ․ «Ամեն մեկին բախտ չի վիճակվում, որ այսպիսի հնարավորություն ունենա։ Այժմ նաև ՄԻՊ-ին եմ ներկայացրել մեր գյուղի ճանապարհի խնդիրը։ Ճանապարհը մինչև գյուղի սկզբնամասն է կառուցված, ՄԻՊ-ի նամակում գրել եմ, որ խնդրում ենք՝ այս հարցը բարձրացնել, որ ճանապարհը մինչև գյուղի կենտրոն լինի։ Կողքի հինգ գյուղերի ճանապարհները մինչև գյուղի կենտրոն է սարքված, դպրոցի ճանապարհն էլ է ասֆալտապատված։ ՄԻՊ-ին ուղղված նամակում գրել եմ, որ երեխաներն այժմ ցեխոտ են դպրոց գնում, մտածում են՝ մեր գյուղն ինչո՞վ է պակաս, որ այդ ճանապարհը չունենա։ Երեխաների իրավունքներն են խախտվում, մտածում են՝ ուրեմն մյուս գյուղերի երեխաներն ավելի լա՞վն են, քան իրենք, որ ստիպված են ցեխոտված գնալ դպրոց, քանի որ ճանապարհ չունեն։ Բա չէ՞ որ դա երեխաների մեղավորությունը չէ։ Մեր գյուղի ճանապարհի կողքի երկաթե սյուներն էլ չկան։ Մնացած գյուղերինը կա, մերը՝ չկա։ Արդեն երկու տարի է այս վիճակն է։ Ինչ ճանապարհը սարքվել է, արդեն երկու վթար է եղել ձմռանը»։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մեր նպատակն էր, որ տեղում՝ համայնքներում, մարդիկ ներկայացնեն իրենց խնդիրները, կյանքն ու առօրյան։ Սա նպաստեց իրենց ձայնը տեղերում լսելի դարձնելուն, նաև տուրիզմի զարգացմանը։ Այսօր մենք ունենք Հանրային լրագրողների ցանց, ինչպես մենք ենք ասում ՝ նրանք իրենց գյուղերում դարձել են մեր աչքերն ու ականջները։ Իրենք ներկայացնում են իրենց գյուղը, գյուղական կյանքը»։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF Հայաստան) ներկայացուցիչ, ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրա Երիցյանն էլ ասաց․ «Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ շուկայի զարգացման և բնապահպանական բաղադրիչ։ Նախատեսված էր նաև համագործակցություն «Էկոլուր ՀԿ»-ի հետ՝ ծրագրի շահառու բնակավայրերում հանրային լրագրողների ցանցի ստեղծում։  Ունենք Հանրային լրագրողների ձայնը անվանմամբ ֆեյսբուքյան խումբ, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում հանրային լրագրողները։ Իրականացվել են մեդիա տուրեր, հանրային լրագրողների համար «Էկոլուր» ՀԿ-ն երկու դասընթաց է անցկացրել։ Հուսով ենք, որ ծրագրի ավարտից հետո ևս հանրային լրագրողների ցանցն ակտիվ կգործի»։

Հոդվածը պատրաստվել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից մայիսի 5-7-ը Սյունիքի մարզ այցելության շրջանակում՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի արդյունքները ներկայացնելու համար։

Հունիս 09, 2025 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր