Հյուրընկալության զարգացման հեռանկարները Լոռիում և Տավուշում

Հյուրընկալության զարգացման հեռանկարները Լոռիում և Տավուշում

cvmedia.am, Լուսինե Փարսադանյան

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մայիսի 21-22-ը Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ իրականացված երկօրյա մեդիա շրջայցի շրջանակում, լրագրողներն այցելեցին Տավուշի Ենոքավան, Գոշ, Լոռու Դեբեդ, Դսեղ ու այլ բնակավայրեր։ Մեդիա շրջայցի մասնակիցները ծանոթացան ծրագրի երկու բաղադրիչներով իրականացված ծրագրերին ու արդյունքներին։

«ԼԻԼԱ» ծրագրի համաֆինանսավորմամբ 2023թ․Գոշ գյուղում հիմնադրվել է «Արևի Գոշ» հյուրանոցը։ Մինչև այդ, այս բնակավայրում չկային հյուրանոցներ կամ գիշերակացի համար այլ պայմաններ։ Այդ պատճառով զբոսաշրջիկները գիշերակացի համար Գոշից վերադառնում էին Դիլիջան։

«Գոշ Արևի» հյուրանոցի հիմնական այցելուները բնահեն զբոսաշրջիկներն են, հիմնականում՝ քայլարշավորդները, արկածային զբոսաշրջիկները, ինչպես նաև՝ գաստրոզբոսաշրջիկները։ «Որքան զբոսաշրջիկները երկար են մնում Գոշում, այնքան ավելի շատ ծառայություններից ու փորձառություններից են օգտվում։ Ավելի շատ գումար են ծախսում, ինչն ազդում է բնակավայրի զարգացման վրա»,-ասում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից LILA ծրագրի տնտեսական բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը։

Հյուրանոցը այս պահին ապահովում է 8 աշխատատեղ տեղի բնակիչների համար։  Հյուրանոցի գործունեության արդյունքում համայնքը ևս շահում է, քանի որ զբոսաշրջիկները նաև օգտվում են համայնքում առաջարկվող մի շարք ծառայություններից, սպառում տեղի արտադրանքը։ «Արևի Գոշ» հյուրանոցում և «Հնոց» գաստրոբակում մատուցվող սնունդը հիմնականում ձեռք է բերվում տեղի արտադրողներից, ինչը ևս նպաստում է համայնքի տնտեսությունների զարգացմանը, հավելում է Ալլա Ղազարյանը։

Լրագրողների խումբը հաջորդիվ այցելեց Լոռու Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայր։ Ծրագրի աջակցությամբ Մարգահովիտում կառուցվել է մեկ ջրխմոց և 15 կՎտ հզորությամբ արևային կայան։ Գյուղի բնակիչների խոսքով՝ ջրխմոցի բացակայության պատճառով հեռագնա արոտներում խնդիրներ էին առաջանում, որոնք այժմ լուծվել են։

«Ջրխմոցի կառուցումը օգուտ է և՛ կենդանիներին, և՛ նպաստում է բնության ռեսուրսների կայուն օգտագործմանը»,-ասում է Մարգահովիտի բնակիչ Էմիլիա Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է արևային կայանի տեղադրմանը, ապա դրա շնորհիվ այժմ Մարգահովիտի բոլոր փողոցները լուսավորված են։ Արևային կայանից ստացված էներգիան ուղղվում է նաև վարչական շենքի և գյուղի մանկապարտեզի էներգամատակարարմանը։

Զբոսաշրջային բիզնեսով զբաղվելու գաղափարը Դավիթ և Լիլիթ ամուսինների մոտ ծնվել է 2019 թվականին։ Դեբետ գյուղի «Չամիչ» հյուրատունը նրանց է պատկանում։ Գյուղական փոքր տունը գնել ու հյուրատուն են դարձրել։ Յուրաքանյուր տարի մի նոր բան են ավելացնում։ Նրանք նույնպես ԼԻԼԱ ծրագրի շահառուներից են։ 

Ծրագրի աջակցությամբ ամուսինները կառուցել են նոր սրահ, որը ծառայում է և՛ որպես ռեստորան, և՛ որպես դասընթացների անցկացման վայր։ Դավիթ Կարմիրշալյանի փոխանցամբ, սրահի կառուցումը իրենց համար մեծ խնդիր է լուծել։

«Հյուրատան ռեստորանային մասում փակ տարածք չունեինք և ձմռան ամիսներին չէին կարողանում հյուրեր ընդունել։ Այժմ արդեն կարողանում ենք մինչև 70 մարդու հյուրընկալել։ Բացի այդ, սրահը մեզ համար նաև լրացուցիչ եկամտի աղբյուր է»,-ասում է հյուրատան սեփականատեր Դավիթ Կարմիրշալյան։

«ԼԻԼԱ» ծրագիրը շահառուների խումբ ունի նաև Լոռվա Դսեղ գյուղում։ Այստեղ  իրականացվել են՝ արևային կայանի, համայնքապետարանի տանիքի ջերմամեկուսացման և վերանորոգման, երկրորդ հարկի վերանորորգման, էլեկտրաարդյունավետ ջեռուցման համակարգի տեղադրման, մակատեղի և ջրխմոցի կառուցման աշխատանքներ։

«Այն գումարը, որը համայնքապետարանը իր միջոցներից պետք է ուղղեր նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, տնտեսել է և իրականացրել կապիտալ ծրագրեր։ Նման ծրագրերը նպաստում են համայնքի զարգացմանը և մեծ դեր ունեն համայնքի կյանքում»,-ասաց Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն աջակցել է նաև Դսեղում գտնվող՝  «Wow Glamping» հյուրատանը, «Լոռենի» թեյարանին:

Մեդիա շրջայցը շարունակվեց Եղեգնուտում։ Մեդիայի ներկայացուցիչներին այստեղ սպասվում էր տուրի ամենահետաքրքիր իրադարձությունը։ Նրանք մասնակցեցին Կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն բացթողնման արարողությանը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է դեռևս 2013 թվականին։

Մինչ օրս Դիլիջանի ազգային պարկի տարածքում 13 եղջերու է վերաբնակեցվել։ 2025 թվականի վերաբնակեցումն ունի պատմական նշանակություն՝ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադառնում են Լոռու մարզ, որտեղ ժամանակին լայնորեն տարածված են եղել։

Սա առաջին դեպքն է, երբ ազնվացեղ եղջերուները վերադարձվում են Լոռու բնություն։ Մինչ այդ, 2022 և 2024 թվականներին իրականացված երկու բացթողումների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում բնություն էր վերադարձվել ընդհանուր 13 եղջերու։ Այսպիսով, երկրում գտնվող ազնվացեղ եղջերուների ընդհանուր թիվը հասավ 22-ի։

Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։ Ֆինանսավորումն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Եղջերուների պոպուլյացիայի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գործող բազմացման կենտրոնում, որտեղ բերված առանձնյակների բուծման արդյունքում ծնված եղջերուները հետագայում արձակվում են բնություն։ Վերաբնակեցման հիմնական նպատակն է՝ Հայաստանի անտառային էկոհամակարգերում վերականգնել այս կարևոր տեսակն ու ապահովել նրա կայուն ապագան։

Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառումն ամփոփվեց COAF-ում, որտեղ ներկայացվեցին Հայաստանի առաջընթացը, տեսլականը և ռազմավարությունները՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև Հայաստանի՝ որպես 2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 համաժողովի հյուրընկալող երկրի ստանձնած պարտավորություններին։

Հունիս 09, 2025 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր