Էկոլուրի նոր տեսանյութը՝ «Արկածներ լեռներում․ Հայաստանի զբոսաշրջությունը նոր հայացքով»

Էկոլուրի նոր տեսանյութը՝ «Արկածներ լեռներում․ Հայաստանի զբոսաշրջությունը նոր հայացքով»

Էկոլուրը հրապարակել է իր նոր` «Արկածներ լեռներում․ Հայաստանի զբոսաշրջությունը նոր հայացքով» տեսանյութը։ 

Տարեցտարի Հայաստանում զարգանում է արկածային զբոսաշրջությունը, բացվում են նորանոր ծառայություններ, մշակվում են նորանոր փորձառություններ, կահավորվում արահետներ, որոնք Հայաստանն ավելի գրավիչ են դարձնում արկածային զբոսաշրջության սիրահարների համար։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի արկածային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Արուս Ներսիսյանի ղեկավարմամբ Վայոց ձորի մարզում «Արփա» բնապահպանական հիմնադրամը զարգացնում է էկոտուրիզմը համայնքում ու պաշտպանում բնությունը։ Հիմնադրամը որսագողության դեմ պայքարում է ոչ միայն վերահսկողության միջոցով, այլև ցույց տալիս տեղացիներին այլընտրանքային եկամտի հնարավորությունները՝ ամենագնացներով տուրեր, սննդի մատուցման ծառայություններ, արկածային էկոտուրիզմ:

Արենիում արկածային զբոսաշրջության համար նոր միջավայր է ստեղծվել՝ Սարենին, ուր մարդիկ կարող են մասնակցել ժայռամագլցման, քարանձավային տուրերի, քայլարշավների ու մեդիտացիաների, ինչպես նաև հանգստանալ: Գաղափարի հեղինակը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Անտուան Անանյանն է, ով իր կյանքը նվիրել է լեռներին և Հայաստանում լեռնագնացության ու արկածային տուրիզմի զարգացմանը։

Լոռու մարզի Դսեղ բնակավայրում տեղակայված «ՎԱՈՒ Գլեմփինգ» վրանային հյուրանոցն արկածասեր ու բնասեր մարդկանց համար լավագույն համադրությունն է։ Այստեղ կարելի է վայելել անտառն ու կենդանիների ընկերակցությունը, զբաղվել ձիավարությամբ։ 

 Տավուշի մարզում՝ Ենոքավանում, տեղակայված է Օկոն հանգստի գոտին՝ յուրահատուկ մի միջավայր, որը ստեղծվել է տեղի բնակիչների ջանքերով։ Այստեղ զբոսաշրջիկներին առաջարկում են հանգստի ակտիվ տեսակներ, ինչպես՝ քայլարշավներ լեռնային արահետներով ու գեղատեսիլ կիրճերի երկայնքով։ Իրենց հաջողության մասին պատմում է Սիրանույշ Ավետիսյանը։

Գոշ բնակավայրում Էդգար Նավասարդյանը ստեղծել է «Մեր լեռները» սպորտային ճամբարը, որն առաջարկում է արկածային տուրիզմի և բնապահպանական կրթության յուրահատուկ փորձառություն տարբեր տարիքի մարդկանց համար։

Հայաստանի տարբեր մարզերից այստեղ են գալիս սովորելու կողմնորոշվել տեղանքում, ամրացնել վրաններ, խարույկի վրա ճաշ պատրաստել և ամենակարևորը՝ սովորել ապրել բնության հետ ներդաշնակ և հոգ տանել նրա մասին: 

Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։



Հուլիս 14, 2025 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր