

2026թ․ հոկտեմբերի 18-30-ին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ ՀՀ կառավարությունը 2025թ․ սեպտեմբերի 11-ի նիստում հավանության տվեց համապատասխան որոշման նախագծին։
Ըստ որոշման՝ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Մատուցվող ծառայությունները կարժենան 5,775․0 միլիոն դրամ, որը կտրամադրվի միանվագ՝ կանխավճարի տեսքով։ Այդ գումարից 3,000․0 միլիոն դրամը կհանդիսանա 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Ընկերության կողմից մատուցված ծառայությունների վճար, իսկ 2,775․0 միլիոն դրամը՝ հետագա 6 տարիների ընթացքում 200 օր ՀՀ կառավարության հայտերի հիման վրա՝ որպես միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման կանխավճար։
Որոշման հիմնավորման համաձայն՝ Կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ղեկավարած պատվիրակությունը 2025թ․ մարտի 3-6-ը այցելել է Երևան, ինչի շրջանակներում, ի թիվս COP17-ի նախապատրաստման այլ հարցերի, քննարկվել է նաև համաժողովի անցկացման վայրի ընտրության հետ կապված հարցը։ Համաձայն Շումեյքերի կողմից ստացված գրության՝ COP17-ի անցկացման համար գնահատման չափանիշներին առավել համապատասխանել է «Մերիդիան» էքսպոկենտրոնը, որտեղ նախատեսվում է կատարել տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքներ (առանց կահավորման), տրվել են լուծումներ COP 17 միջոցառման կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերման համար։
Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հայաստանում COP 17 միջոցառումները «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի «Մերիդիան» էքսպոկենտրոնում կազմակերպման ծախսերը նախնական և մոտարկված հաշվարկներով կազմելու է շուրջ 25 միլիոն դոլարին համարժեք դրամ: Նշված գումարի ձևավորման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ AutoCAD ծրագրի միջոցով ստեղծված նախնական աշխատանքային ֆայլերը։
Տարածքի շինարարության, վերանորոգման, կառուցման և բարեկարգման (առանց կահավորման) համապատասխանեցման աշխատանքները հատկացված գումարի (5775.0 միլիոն դրամ) շրջանակներում չավարտելու դեպքում՝ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ն կդիմի ՀՀ կառավարությանը 5 միլիոն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ 6 տարի 6 ամիս ժամկետով տրամադրելու համար՝ տարեկան փաստացի 1% տոկոսադրույքով։
Ըստ հիմնավորման՝ եթե նախորդ փուլերով հատկացված գումարները չբավարարեն աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ապա «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ն աշխատանքներն ավարտելու նպատակով պարտավորվում է իր ֆինանսական միջոցներից ներդնել մինչև 5 միլիոն դոլարին համարժեք դրամ։
Սեպտեմբեր 11, 2025 at 16:06