

Հայտնի են Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացման օրերը։ Միջազգային բնապահպանական համաժողովի հյուրերին Հայաստանը կհյուրընկալի 2026թ. հոկտեմբերի 18-30-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով նաև COP17-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն է։
«2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը կդառնա Կենսաբազմազանության գլոբալ կենտրոն. հայտնի են #COP17-ի անցկացման օրերը։
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը մեր երկիրը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ #COP17-ը` համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի։
Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար»,- գրել է նա:
Հուլիս 21, 2025 at 10:42
