Մինսկում ավարտվեց ԵԱՏՄ Էկոխորհրդի երկօրյա աշխատանքը․ քննարկվեցին կենսաբազմազանության պահպանման, էկոլոգիական կրթության հարցերը և հասարակական կազմակերպությունների դերը

Մինսկում ավարտվեց ԵԱՏՄ Էկոխորհրդի երկօրյա աշխատանքը․ քննարկվեցին կենսաբազմազանության պահպանման, էկոլոգիական կրթության հարցերը և հասարակական կազմակերպությունների դերը

2025 թվականի դեկտեմբերի 17-18-ին Մինսկում կայացավ Եվրասիական տնտեսական միության երկրների Միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի (Էկոխորհուրդ) ընդլայնված նիստը։ Միջոցառումը տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության Ազգային գիտությունների ակադեմիայի Նախագահության շենքում։ Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ներկայացուցիչները։

Խորհրդի ստեղծման նախաձեռնողը և հիմնական կազմակերպիչը հանդիսացավ «Եվրասիական տարածքի առաջատար գիտակրթական ծրագրերի կենտրոն «Եվրազիմուտ»» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը։ Նիստը նշանավորեց Էկոխորհրդի անցումը կազմակերպչական ձևավորման փուլից դեպի ակտիվ նախագծային գործունեություն։

Առաջին աշխատանքաային օրը մեկնաարկեց Խորհրդի նախագահ Ա․ Վ․ Կիլչևսկու ողջույնի խոսքով։ Պլենար նիստի կենտրոնական թեման ԵԱՏՄ երկրների կենսաբանական բազմազանության պահպանման արդիական հարցերն էին։ Զեկույցներով հանդես եկան Միության բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները, ինչն ընդգծեց էկոլոգիական մարտահրավերների ընդհանրությունը և համատեղ ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։

Այնուհետ քննարկումները շարունակվեցին կլոր սեղանների ձևաչափով։ Փորձագետները դիտարկեցին համատեղ էկոլոգիական գրականության պատրաստման և հրատարակման հարցերը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դերը էկոլոգիական կրթության և երիտասարդության էկոլոգիական իրազեկման գործում։

ԵԱՏՄ Էկոխորհրդի հայաստանյան անդամ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի  ներկայացուցիչ Քրիստինա Տեր-Մաթևոսյանը նիստին մասնակցեց առցանց ձևաչափով։ Իր ելույթում նա ներկայացրեց «Էկոլուր»-ի փորձը և Հայաստանում հանրային լրագրողների ցանցի գործունեությունը։ Իր ելույթի ընթացքում Քրիստինա Տեր-Մաթևոսյանն առաջարկեց ԵԱՏՄ Էկոխորհրդի հարթակում ձևավորել էկո-լրագրողների ցանց։

2025թ․ Էկոխորհրդի գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ նախագահ Ա․ Վ․ Կիլչևսկին։ Էկոխորհրդի նոր նախագահ ընտրվեց Ղրղզստանի Հանրապետության Ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրախմատովը։

2026թ․ համար Էկոխորհրդի հաստատված աշխատանքային ծրագիրը նախատեսում է․

  • միասնական էկոլոգիական գրականության ստեղծում,

  • կենսաբազմազանության պահպանման հարցերով մշտական աշխատանքային խմբի հիմնադրում,

  • փորձնական անդրսահմանային բնապահպանական-ճանաչողական երթուղու հայեցակարգի մշակում,

  • ԵԱՏՄ առաջին Երիտասարդական բնապահպանական ֆորումի կազմակերպման աջակցություն,

  • հիմնական նախագծերի իրականացման համար ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ աշխատանքի ակտիվացում։

Դեկտեմբերի 18-ին Էկոխորհրդի աշխատանքը շարունակվեց Բերեզինյան կենսոլորտային արգելոցի տարածքում։ Կայացավ շրջայց արգելոցի տարածքում։ Կազմակերպվեց կլոր սեղան՝ հատուկ պահպանվող բնական տարածքներում գիտական և բնապահպանական զբոսաշրջության զարգացման հարցերով, ինչպես նաև ընդունվեց ամփոփիչ բանաձև, որով ամրագրվեցին Մինսկում մշակված որոշումները։

Էկոխորհրդի ընդլայնված նիստը ցույց տվեց հինգ երկրների գիտական և հասարակական համայնքների պատրաստակամությունը՝ համատեղ աշխատելու էկոլոգիական խնդիրների լուծման, էկոլոգիական գրագիտության ամրապնդման և տարածաշրջանում կայուն բնօգտագործման զարգացման ուղղությամբ։

Դեկտեմբեր 22, 2025 at 22:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր