

Սույն թվականի փետրվարի 16-19-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի կունենա ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի աշխատանքների իրականացման օժանդակ մարմնի (SBI) 6-րդ հանդիպումը։ SBI-ը կարևոր դեր է խաղում Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի առաջընթացի գնահատման գործում:
SBI6-ին կներկայացվի COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացը։
COP17-ի համատեքստում կքննարկվեն հետևյալ հարցերը․
- կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) թարմացման և իրականացման առաջընթացի վերանայում՝ համաձայն 2025 թվականի վերջնաժամկետի;
- պարտքի կայունության և կոնվենցիայի իրականացման միջև կապի գնահատում և կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների վերանայում;
- KM-GBF նպատակների ուղղությամբ առաջընթացի գլոբալ վերանայման շրջանակի պատրաստում, որը պետք է ավարտվի COP17-ում։
SBI6-ին մասնակցելու համար Հռոմ կգործուղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Ըստ նախարարության՝ նախատեսված է հանդիպում ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարի և գործադիր մարմնի հետ՝ մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցերի շուրջ քննարկումների նպատակով։
Փետրվար 16, 2026 at 17:46
