«COP17-ին կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար»․ ՀՀ ԱԳՆ տեղակալ

«COP17-ին կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար»․ ՀՀ ԱԳՆ տեղակալ

Փետրվարի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները, Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները։

«Մեր առաջնահերթություններն ընդգծում են շարունակականությունը, ներառականությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջկառավարական բնույթի և բազմաշահառու մասնակցության նկատմամբ հարգանքը։ Մենք պատրաստակամ ենք խթանել գործողություններին ուղղված քննարկումները, նպաստել Կողմերի և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ներգրավվածությանը և ապահովել Կոնվենցիայի ներքո իրականացվող տարբեր գործընթացների միջև համադրելիությունը, այդ թվում՝ գլոբալ վերանայման, մոնիթորինգի, իրականացման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ու իրավունքը կրողների դերին առնչվող գործընթացները։

Այդ և COP17-ի նպատակների իրականացման ուղղությամբ կայուն քաղաքական խթան ապահովելու նպատակով մենք կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: Գագաթնաժողովը կծառայի որպես COP17-ի քաղաքական հենասյուն՝ ամրապնդելով հավակնոտությունը, ապահովելով ռազմավարական ուղղորդում և հաղորդելով քաղաքական խթան՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ կայուն ու հետևողական առաջընթաց ապահովելու համար:

Կենսաբազմազանության վերաբերյալ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրի ներքո:

Այս գագաթնաժողովը հատկապես արդիական է։ Պարտավորություններից դեպի իրականացում անցումը պահանջում է շարունակական քաղաքական ներգրավվածություն ամենաբարձր մակարդակով` հատկապես հաշվի առնելով, որ Կողմերը ձեռնամուխ են լինում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայմանը։

Ավելին, առաջնորդների` ամենաբարձր քաղաքական մակարդակով համախմբման հիմնավորումը հստակ է, քանի որ կենսաբազմազանության կորուստը շարունակում է արագանալ՝ ունենալով լայնածավալ հետևանքներ պարենային անվտանգության, մարդու առողջության, կլիմայական դիմակայունության և կայուն զարգացման համար։ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման նախաշեմին բարձրագույն մակարդակով քաղաքական պատասխանատվությունը կենսական է լինելու։

Աշխարհաքաղաքական լարվածություններով, մրցակցային ճգնաժամերով և մասնատված առաջնահերթություններով բնորոշվող գլոբալ միջավայրում առկա է իրական վտանգ, որ կենսաբազմազանության օրակարգը կարող է հայտնվել առավել հրատապ քաղաքական ճնշումների ստվերում։ Հետևաբար, Առաջնորդների գագաթնաժողովը դիտարկվում է ոչ թե պարզապես տեսանելիության բարձրացման միջոցառում, այլ որպես գործիք` ուղղված համատեղ ուշադրության վերաիմաստավորմանը և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման ուղղությամբ բարձր մակարդակի առաջնորդութան ամրապնդմանը:

Առաջնորդների գագաթնաժողովը նպատակ չունի փոխարինել կամ կրկնօրինակել COP17-ի պաշտոնական բարձր մակարդակի հատվածը։ Այն ընկալվում է որպես Համաժողովի մեկնարկի լրացուցիչ քաղաքական հատված, որը կոչված է ապահովել ռազմավարական ուղղորդում և բարձրագույն մակարդակով քաղաքական ուշադրություն։

Գագաթնաժողովը կհամախմբի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների առաջնորդներին, նշանավոր գիտնականներին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ներգրավված հայտնի հասարակական գործիչներին։ Այս ձևաչափն արտացոլում է ՀՀ նախագահության հանձնառությունը ներառական գործընթացին՝ կապելով քաղաքական առաջնորդությունը գիտության, մշակույթի և բնապահպանների կենսափորձի հետ և այդպիսով ամրապնդելով կենսաբազմազանության պահպանման համատեղ պատասխանատվության գիտակցումը։

Այս հարթակը եզակի հնարավորություն կընձեռի ընդգծելու տարբեր քաղաքական ոլորտներում, այդ թվում՝ զարգացման պլանավորման, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկ, ենթակառուցվածքների և քաղաքային համակարգերում կենսաբազմազանության ինտեգրման կարևորությունը, ինչպես նաև խթանելու ոլորտային քաղաքականության ավելի սերտ համակարգումը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կեզրափակվի Քաղաքական հռչակագրի ընդունմամբ՝ վերահաստատելով կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կայուն կառավարման վերաբերյալ հանձնառությունները և ամրապնդելով կառավարությունների, մասնավոր հատվածի, բարեգործական կառույցների, գիտնականների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։ Հատկանշական է, որ այն նպատակ ունի ապահովել քաղաքական ուղղորդում՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար։

Առաջնորդների գագաթնաժողովի հայեցակարգը և արդյունքների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը պատշաճ ժամկետներում կշրջանառվեն շահագրգիռ կողմերին` այս կարևոր նպատակի իրականացման ուղղությամբ ներառական, թափանցիկ և համագործակցային մոտեցում ապահովելու նպատակով։

Հայաստանը COP17-ի իր նախագահությանը մոտենում է պատասխանատվությամբ և ներառականության նկատմամբ ամուր հանձնառությամբ։ Մենք կարծում ենք, որ COP17-ը պետք է ոչ միայն գնահատի համատեղ առաջընթացը, այլև ամրապնդի քաղաքական վճռականությունը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների համահունչ իրականացումը հետևողականորեն առաջ մղելու նպատակով։

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մենք ակնկալում ենք բոլոր պատվիրակությունների հետ սերտ համագործակցություն և ողջունում ենք ձեր դիտարկումներն ու առաջարկությունները Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ», - իր ելույթում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Փետրվար 19, 2026 at 11:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր