

Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը վտանգված է, ինչը պայմանավորված է մարդու գործունեությամբ։
Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի կյանքի պահպանման կարևոր նախապայմաններից է։ Կենսաբազմազանության պահպանությունը խիստ կարևոր է Երկիր մոլորակի բոլոր օրգանիզմների գոյության ու դրանց կողմից կենսական գործընթացների իրականացման համար։
Համաձայն Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական պլատֆորմի (IPBES) գլոբալ գնահատականի՝ շուրջ 1 միլիոն տեսակ կարող է հայտնվել ոչնչացման եզրին։ Բնության համաշխարհային հիմնադրամը 2024թ․ հրապարակել է «Կենդանի մոլորակի ինդեքս»-ի (Living Planet Index) հաշվարկը, հիմնված 5570 տեսակի և 41884 պոպուլիացիայի մշտադիտարկման վրա, և ցույց տվել, որ 1970-2020թթ․ ընթացքում գրանցվել է վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաների միջինում 73% անկում։ Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթղթում, որը հաստատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի N100-Լ հրամանով։
Հայաստանը, լինելով Կովկասի տարածաշրջանի մաս, ճանաչված է որպես աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, որն ունի ամենահարուստ, միաժամանակ վտանգված կենսաբազմազանություն։
Վերոնշյալ փաստաթղթի համաձայն՝ ՀՀ կենսաբազմազանության կորստի հիմնական սպառնալիքներն են․
1․ հանքարդյունաբերություն և այլ ծանր արդյունաբերության տեսակներ, խոշոր ենթակառուցվածքների կառուցում
2․ հիդրոէներգետիկա
3․ գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն
4․ անտառհատումներ
5․ ռեկրեացիա և զբոսաշրջություն, կենցաղային աղբոտում և աղտոտում
6․կենսառեսուրսների գերօգտագործում
7․ ինվազիվ տեսակների ազդեցություն
8․ ռազմական գործողություններ
9․ անտառային հրդեհներ
10․ հիվանդությունների և վնասատուների ազդեցությունը էկոհամակարգերի վրա
11․ կլիմայի փոփոխություն
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի բույսերի կարմիր գրքում (2010թ․) գրանցված է անոթավոր բույսերի շուրջ 452 տեսակ՝ ֆլորայի 11․89%-ը, սնկերի 40 տեսակ՝ սնկերի բիոտայի շուրջ 1%-ը։ Կենդանիների կարմիր գրքում գրանցված է անողնաշարավոր կենդանիների 155, իսկ ողնաշարավոր կենդանիների՝ 153 տեսակ։
2022թ․ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում ընդունվեց Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակը, որի նպատակն է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ կենսաբազմազանության կորուստը կանխելու համար:
Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի համաձայն, մինչև 2030թ-ն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։
Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030թ-ը։ Այս թիրախին հասնելու համար երկիրը կընդլայնի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը՝ հասցնելով Հայաստանի տարածքի 20 %-ին։ Նշենք, որ ներկայում այս տարածքները կազմում են 13․1%: Մեկ այլ միջոցառմամբ կստեղծվի առնվազն 1 կենսոլորտային պահպանավայր, որը կառաջադրվի ՄԱԿ կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի հաստատմանը»։
Հիշեցնենք, որ 2025թ․ Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում, հրապարակված «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության 2025-2030 թվականների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված էր 30% տարածքի պահպանություն։ Այդ թիրախին հասնելու համար նախատեսվում էր բնության հատուկ պահպանվող տարածքների մակերեսը հասցնել 16․6%-ի և ապահովել ՀՀ տարածքի առնվազն 13,3%-ի պահպանությունն այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումների (OECM) միջոցով, ինչպես նաև ստեղծել կենսոլորտային պահպանավայր։
Շարունակելի
Ապրիլ 18, 2026 at 13:01
