Անտոնիո Գուտերեշ․ «Մենք հիմա պետք է փոխենք ազդեցության, ուժի, իշխանության հարաբերակցությունը, որպեսզի կառավարությունները շատ ավելի մեծ հանձնառություններ ստանձնեն և ավելի հավատարիմ լինեն՝ պայքարելու կենսաբազմազանության կորստի դեմ»

Անտոնիո Գուտերեշ․ «Մենք հիմա պետք է փոխենք ազդեցության, ուժի, իշխանության հարաբերակցությունը, որպեսզի կառավարությունները շատ ավելի մեծ հանձնառություններ ստանձնեն և ավելի հավատարիմ լինեն՝ պայքարելու կենսաբազմազանության կորստի դեմ»
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի շրջանակում  COP17-ի Կապույտ գոտում կայացավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի համատեղ ասուլիսը:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մասնակցությամբ պաշտոնապես ներկայացրեց 2022 թվականին ստանձնած կենսաբազմազանության պահպանության գլոբալ պարտավորությունների կատարման առաջընթացի վերաբերյալ առաջին՝ «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը։

Ասուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իր հարցն ուղղեց նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Մոնիկա Երիցյանը։

«Կառավարություններին կոչ է արվում ավելացնել կենսաբազմազանության պահպանությանն ուղղվող ներդրումները, մինչդեռ տնտեսական և ֆինանսական համակարգերը շարունակում են խրախուսել այնպիսի գործունեության տեսակներ, որոնք հանգեցնում են կենսաբազմազանության կորստի։ Արդյո՞ք կենսաբազմազանության պահպանության հիմնական մարտահրավերը ֆինանսական միջոցների անբավարարությունն է, թե՞ մենք պարզապես անկարող ենք փոխել բնությանը վնասող տնտեսական մեխանիզմները։ Եվ ի՞նչ պետք է փոխեն իրենց մոտեցումներում կառավարություններն ու ֆինանսական ինստիտուտները, որպեսզի իսկապես հասնենք կենսաբազմազանության պահպանման նպատակին»։

«Էկոլուրի» հարցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատասխանեց․
«Ըստ իս՝ սա առանցքային հարց է։ Սա ազդեցության հարց է։ Հանքահումքային արդյունաբերության ազդեցությունը չափազանց մեծ է մինչ օրս։ Անտառներ ոչնչացնողները չափազանց մեծ ազդեցություն ունեն աշխարհի շատ տարածաշրջաններում։ Չափից շատ ձուկ որսացողները չափից շատ մեծ ազդեցություն ունեն մինչ օրս։ Չափից մեծ ազդեցություն ունեն աշխարհի շատ երկրներում, որովհետև նրանք տնտեսական իշխանությունն են պահպանում և շատ մեծ ազդեցություն ունեն քաղաքական իշխանության վրա։
Մեզ անհրաժեշտ է այդ իշխանական հարաբերությունները փոփոխել։ Եվ մենք ունենք դաշնակից։ Այդ դաշնակիցն այն փաստն է, որ իրավիճակը փոխվում է։
 
Տեսե՛ք, հանածո վառելիքի հարցը․ այսօր հանածո վառելիքն ավելի թանկ է, քան վերականգնվող էներգետիկան։ Դիտարկենք անվտանգությունն ու ապահովությունը․ Պարսից ծոցի, Սև ծովի իրադարձություններից հետո պարզ է դառնում, որ վերականգնվող էներգետիկան շատ ավելի ապահով է, քան հանքահումքային վառելիքը։
 
Աշխարհում փոփոխություններ կան, և մենք հիմա պետք է փոխենք ազդեցության, ուժի, իշխանության այդ հարաբերակցությունը, որպեսզի կառավարությունները շատ ավելի մեծ հանձնառություններ ստանձնեն և ավելի հավատարիմ լինեն՝ պայքարելու կենսաբազմազանության կորստի դեմ, և միևնույն ժամանակ, որպեսզի մենք կարողանանք բազմապատկել այն ռեսուրսները, որոնք այսօր հատկացվում են, և որոնցով ֆինանսավորվում է աջակցությունը կենսաբազմազանությանը։
 
Բերեմ ձեզ մեկ օրինակ։ Եթե մենք մեկ դոլար ենք հատկացնում մեկ նախագծի համար, եթե այդ մեկ դոլարը դնում ենք բազմակողմ զարգացման բանկի կապիտալում, այդ դոլարը 5-7-8 անգամ բազմապատկվում է, քանի որ զարգացմանն աջակցող բանկը կարողանում է մտնել շուկա և շուկայից գումարներ ներգրավել։ Դուք տեսել եք հատուկ փոխառության իրավունքների (SDR) ստեղծումը։ Եվ կան ճանապարհներ, որոնցով բազմակողմ զարգացման բանկերը բազմապատկում են առկա ռեսուրսները՝ ընդհանրապես որևէ բյուջեի համար ծախս չառաջացնելով։
 
Ուստի մենք պետք է այնպես անենք, որ եթե բազմակողմ միջազգային բանկերը ստանում են ավելի մեծ անդամավճարներ՝ ավելի փոքր ինքնարժեքով, նրանք կարողանան շատ ավելի մեծ ծավալի մասնավոր ֆինանսավորում ներգրավել, որով կաջակցեն կենսաբազմազանությանը՝ միայն սեփական վարկերը տալու փոխարեն։ Այսինքն՝ առկա ռեսուրսները բազմապատկելու տարբերակներ կան։
 
Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է, որ փոխվի ազդեցության և իշխանության վիճակը։ Եվ ես լավատես եմ, որ այդ իրավիճակը փոխվում է։ Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները, և դա անելու տարբերակներ կան։ Բյուրոկրատական համակարգերը բարդացնում են փոփոխությունը, երբեմն կառավարություններն են բարդացնում, բայց ինչն ակնհայտ է՝ ուշ թե շուտ մենք կհաղթենք»։
 
Ասուլիսին ներկայացված «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցն աշխարհում առաջինն է, որը գնահատում է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը։
2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով երկրները պարտավորվել են մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախների իրականացման միջոցով կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և ապահովել դրա վերականգնումը։ Սահմանված ժամկետի միջնամասում զեկույցն ուսումնասիրում է, թե որ ուղղություններով է արձանագրվել առաջընթաց, ներկայացնում է պարտավորությունների իրականացման գործում առկա բացերը և մատնանշում այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են առաջընթացն արագացնելու համար։
 
«Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը դիտարկում է 129 ազգային զեկույց, ավելի քան 160 խումբ ազգային թիրախ, կենսաբազմազանության ազգային ռազմավարություններ և գործողությունների ավելի քան 80 թարմացված ծրագրեր, ինչպես նաև՝ տեղեկատվության այլ աղբյուրներ։
 
Զեկույցում ամփոփված են փաստական տվյալներ այն մասին, թե ինչպես են երկրները Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած պարտավորությունները վերածում ազգային մակարդակով իրականացվող գործողությունների։
 
Զեկույցի արդյունքները փաստական հիմք կհանդիսանան Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 196 Կողմերի կողմից դրա իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համար, որը տեղի կունենա COP17-ի շրջանակում Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Վերանայումը կնպաստի գործողությունների արագացմանն ուղղված որոշումների կայացման և նոր նախաձեռնությունների, այդ թվում՝ առաջարկվող «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) մշակման համար, որը դեռևս ենթակա է բանակցությունների։

Հոկտեմբեր 16, 2026 at 00:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր