​Վայրի դեղաբույսերի պատասխանատու հավաք. Տավուշ գյուղի փորձը

​Վայրի դեղաբույսերի պատասխանատու հավաք. Տավուշ գյուղի փորձը

Երբ բնությունից վերցնելը վերածվում է բնությանը վերադարձնելու գործընթացի. «ՆՈՒՌԱ» նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեղական հավաքչությունը զուգակցվել բնության պահպանության հետ։

Հայաստանի լեռնալանջերին աճող ուրցը, դաղձը, մասուրը և երիցուկը դարեր շարունակ եղել են մեր սեղանի և դեղաբույսերի մի մասը։ Սակայն վայրի բույսերի հավաքը, երբ կատարվում է առանց կանոնների, վտանգ է դառնում հենց այդ բույսերի համար։ Արմատով հանված կամ ամբողջությամբ հնձված բույսը հաջորդ տարի այլևս չի աճում, իսկ տրորված ու աղտոտված տարածքը վերականգնվում է դանդաղ։ Տավուշի համայնքներից մեկում այս խնդրին փորձել են լուծում տալ՝ հավաքչությունը դարձնելով գիտելիքի վրա հիմնված և կառավարվող։

«Անտառից՝ արտադրություն, արտադրությունից՝ հետ դեպի անտառ» գաղափարը

«ՆՈՒՌԱ» (NURA) նախաձեռնությունը ստեղծվել է Տավուշի մարզի Տավուշ գուղի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչներ Հասմիկ Բաղդասարյանի ու Մերի Բաբասյանի ջանքերով՝ «Աշխարհացույց» կրթական հարթակի շրջանակում։ «ՆՈՒՌԱ»-ի փիլիսոփայությունը պարզ է. եթե բնությունից օգուտ ենք քաղում, պարտավոր ենք մեր վերցրածի մի մասը վերադարձնել նրան։ Այդ տրամաբանությամբ ստեղծվել է տեղական դեղաբույսերից թեյերի փոքր արտադրությունը, իսկ վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է համայնքի բնապահպանական խնդիրների լուծմանը։

Տավուշցի աշակերտները նախ քարտեզագրել են գյուղի բնությունը, ապա՝ հիմնել թեյի արտադրություն:
 
Սկսել քարտեզից
 
Նախաձեռնության առանցքը քարտեզագրումն է։ Նախքան հավաքչությունը պետք է իմանալ, թե որտեղ ինչ է աճում, որ տարածքն է հարուստ և որն է արդեն աղտոտված կամ վտանգված։ «Աշխարհացույց» կրթական հարթակում կատարված քարտեզագրման շնորհիվ գյուղի բուսականությամբ հարուստ և վտանգի տակ գտնվող գոտիները հաշվառվել են։ Վտանգված տարածքներում տեղադրված փայտե ցուցանակների QR-կոդով այցելուն բացում է այդ քարտեզը, այսինքն՝ տեղեկությունը հասնում է ուղիղ շահառուին՝ բնության մեջ գտնվող մարդուն։
 
Պատասխանատու հավաքի կանոնները
 
Նախաձեռնության ուղեցույցներում, որոնք հրապարակված են հայերեն և անգլերեն, կանոնները պարզ են ու կիրառելի ցանկացած մարդու համար.
  • հավաքել միայն բույսի անհրաժեշտ մասը, արմատը թողնել հողում,
  • չքաշել բույսը, ցողուններն ու ճյուղերը կտրել մաքուր և սուր մկրատով կամ դանակով,
  • ծաղիկների և պտուղների մի մասը թողնել բույսի վրա, որպեսզի այն կարողանա վերականգնվել,
  • չտրորել հարևան բույսերը, չփորել հողը և չվնասել բնական ծածկույթը,
  • հավաքել տարբեր տարածքներից, որպեսզի մեկ վայրի պաշարների վրա ճնշումը նվազի,
  • չթողնել աղբ և չփոխել տարածքի բնական տեսքը։

Վերադարձ բնությանը

Նախաձեռնության երկրորդ բաղադրիչը վերականգնումն է։ Դպրոցի պատուհանագոգին ստեղծված մինի-այգում աճեցվող սածիլները գարնանը կտեղափոխվեն բնության վնասված հատվածներ։ Այսպես փակվում է շրջանը. տեղական բույսերից՝ թեյ, թեյից՝ հասույթ, հասույթից և սածիլներից՝ վերականգնված տարածք։

Օգոստոսի 15-ից «ՆՈՒՌԱ»-ի սկսած դաշտային աշխատանքների արդյունքները նախ ներկայացվել են «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» մրցույթին, ապա նախաձեռնությունը ցուցադրվել է «Ագրո-Բերդ» միջդպրոցական մրցույթում։ 

Թիմը նախատեսում է ընդլայնել մինի-այգին։

Ինչո՞ւ է սա կարևոր

Նման նախաձեռնությունները կարևոր են ո՛չ թե մասշտաբով, այլ իրենց տրամաբանությամբ։ Դրանք ցույց են տալիս, որ.

  • տեղական բնական ռեսուրսը կարող է դառնալ եկամտի աղբյուր՝ առանց սպառվելու, եթե հավաքը կանոնակարգված է
  • էկոլոգիական գիտելիքն առավել արդյունավետ է, երբ տարածվում է պարզ ուղեցույցներով հենց տվյալ վայրում
  • բնության պահպանության խնդիրները կարելի է լուծել համայնքի ներսից՝ տեղացիների ձեռքով։

Նույն մոտեցումը կարելի է կիրառել Հայաստանի այլ շրջաններում ևս, որտեղ վայրի բույսերի հավաքն ավանդույթ է, բայց հաճախ՝ անկանոն և անվերահսկելի։

 

Հոկտեմբեր 20, 2026 at 20:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր