«ԿԱՆԱՉ ՍԵՐՈՒՆԴ» ՔԱՐՈՐԶԱՐՇԱՎԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»-Ի ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

FPWC

«Կանաչ սերունդ քարոզարշավ» կարգախոսի ներքո Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որը Երկրի օրվա համաշխարհային ցանցի ներկայացուցիչներից մեկն է Հարավային Կովկասում, շարունակում է Երկրի օրվան նվիրված միջոցառումների  շարքը: Այս տարի` ապրիլի 22-ին, ողջ աշխարհում տոնվում է Երկրի օրվա 40-րդ ամյակը:

Երկրի օրվան նվիրված միջոցառումների գործընկերը Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Կանաչ սերունդ» քարոզարշավի առանցքային միջոցառումն ապրիլի 22-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից այգում կայացած խորհրդանշական ծառատունկն էր: Հանդիսության ընթացքում, որն ուղեկցվեց «Ծաղկազարդ» երգչախմբի կենդանի ձայնակցությամբ, 95 ծառ տնկվեց` ի նշան հիշողության և հանուն խաղաղության:

Տնկիները բերվել են Արևմտյան Հայաստանից. ծառերի` Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյան Հայաստան ճամփորդությունը խորհրդանշում է սեփական հողի վրա հիմնովին հաստատվելու և գալիք սերունդների համար արժանավայել ապագա ապահովելու հայ ժողովրդի ամուր կամքը: 

Ծառատունկն ամփոփվեց «Հիշողության պուրակ» մակագրությամբ հատուկ ցուցանակի տեղադրմամբ:

Ելույթ ունեցան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ծիծեռնակաբերդի այգում կայացած միջոցառմանը մասնակցեցին ինչպես դեսպաններ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով` այս 95 ծառերը յուրատեսակ կենդանի կամուրջ են ստեղծում Հայաստանի Հանրապետության, Հայկական սփյուռքի և պատմական` Արևմտյան Հայաստանի միջև, որտեղ մեծաթիվ հայեր ենթարկվեցին ցեղասպանության:

«Ծիծեռնակաբերդը մի սրբատեղի է որտեղ մենք` հայերս, հիշում ենք մեր արմատները, բայց սա նաև մի վայր  է, որտեղ կարող ենք մեկտեղել մեր ջանքերը`մեր առջև ծառացած խնդիրների դեմ պայքարելու համար ուժ գործադրելու: Այս առումով մենք ցանկանում ենք նպաստել նաև Ծիծեռնակաբերդի տարածքի բնապահպանական վիճակի բարելավմանը` աջակցելով Թանգարանին` ստեղծելու ինքնատիպ մի տարածք, որը հնարավորություն կընձեռի բոլոր այցելուներին` տեղեկանալու, հիշելու և մեր ազգի ապագայի տեսլականը ձևավորելու»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Ծառատունկը խորհրդանշում է  նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային պատմական գիտաժողովի բացումը, որը կկայանա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 20-ից ավել հանրահայտ գիտնականների մասնակցությամբ:

Միջոցառման բոլոր մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց` իրենց խոհերն ու տպավորություններն արտահայտելու հատուկ նախատեսված հուշամատյանում: Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին  փակցրեց  «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեն:

Ապրիլի 22-ի խորհրդանշական ծառատունկն օրհնեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր տարածքով  ոչ միայն յուրահատուկ սրբատեղի է, այլև մեր քաղաքի կարևոր կանաչ գոտիներից մեկը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և այնտեղ գտնվող Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` իր ռազմավարական առանձնահատուկ նշանակությամբ, մշտապես կարիք ունի առավել հոգատար և նպատակային վերաբերմունքի: Հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ սկսում է կայուն և շարունակական  համագործակցություն`  նպատակ ունենալով ապագայում աջակցել Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի բնապահպանական ծրագրերին: Հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի արդեն հուշահամալիրի տարածքում կտեղադրվեն աղբամաններ, հուշահամալիրի կանաչ գոտու խնամքի համար արդեն ձեռք են բերվել  համապատասխան գործիքներ:

«Հիշողության Պուրակը», որտեղ տնկվեցին  Արևմտյան Հայաստանից բերված ծառերը, սերունդների գիտակցության մեջ միշտ կենդանի կպահեն վաղեմության ժամկետ չունեցող Ցեղասպանության հիշողությունը: Միևնույն ժամանակ ծառատունկը մարմնավորում է անցյալի վերաիմաստավորումն ու առաջ շարժվելու կամքը: Հողի մեջ այս մշտադալար ծառերը տնկելով` մենք հաստատում ենք սեփականի, ազգայինի պահպանման հարցում հայի տեսակի դիմացկունությունն ու զարգանալու կամքը, առանց որի մշակութային ժողովուրդներից հնագույնն արդեն վաղուց հայտնված կլիներ մեռյալ ժողովուրդների շարքում: Պետք է կարողանանք ապացուցել աշխարհին և ինքներս մեզ, որ կենսունակ ենք և ինքնուրույն: Պետք է պահպանենք հայրենի բնությունը` որպես սերունդների առողջ ապագայի երաշխիքի»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի առիթով  Հիմնադրամն իր համեստ ներդրումն է ուզում ունենալ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի կայացման և վերազինման հարցում:  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար Հիմնադրամի ջանքերով  ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն, որի զգալի մասը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից,  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Գրքերի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև անհատներ և առանձին կազմակերպություններ:  Դրանք արժեքավոր գրքեր են մասնավոր հավաքածուներից` հիմնականում այլազգի հեղինակների փաստագրական արժեքավոր վկայություններ:

Նվիրաբերված գրքերը  հանձնվեցին անձամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին «Հիշողության Պուրակի» պաշտոնական բացման արարողության ժամանակ:

Ապրիլ 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր