Արմենպրես
«Կոպենհագենից դեպի Կանկուն» խորագրով կոնֆերանս էր այսօր հրավիրել «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, «Օրհուս» կենտրոնների ներկայացուցիչներ:
«Մեր կազմակերպությունը, կարեւորելով կլիմայի փոփոխության խնդիրը, որոշել է տեղեկացնել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզերին, որպեսզի համատեղ պայքարենք կլիմայի փոփոխության մեղմման եւ արտանետումների նվազեցման համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը:
Կոնֆերանսի նպատակն էր պարզաբանել մասնակիցներին հուզող հարցերը, գործողությունների միասնական ծրագիր մշակել, ուսումնասիրության արդյունքում գալ եզրակացությունների, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում Կոպենհագենյան համաձայնագրի շրջանակներում ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ու ինչ միջոցառումների անհրաժեշտություն կա: «Այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ է հասարակության ուշադրությունը գրավելու համար»,-ասաց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողի տեղակալ Դիրկ Բոբերգը` նշելով, որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդու բաժին են ընկնում 1,6 տոննա CO2-ի արտանետումներ:
«Կլիմայի փոփոխությունը տեղի կունենա, եւ Հայաստանը եւս կկրի դրա ազդեցությունը»,-ասաց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Կարել Հոֆստրան` նշելով, որ Հայաստանը պետք է անի հնարավորը, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել: ՄԱԿ-ի` արդյունաբերական զարգացման հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Սիմոնյանն ասաց, որ շատ է կարեւորում կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի համագործակցությունը, ինչը տեսնում է այսօր եւ հավաստիացրեց, որ իրենք հնարավորության սահմաններում կլինեն այդ կառույցների կողքին:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն իր ելույթում շեշտեց վտանգավոր տարերային երեւույթների ավելացումը, ջերմաստիճանի 0,7 աստիճանով բարձրացումը: Նա նշեց, որ արտանետումների մասով իր բացասական ներդրումն ունեցել է ողջ Եվրոպան, իսկ այժմ զարգացող երկրներն են իրենց ջերմոցային արտանետումներով վնասում էկոհամակարգը:
«Պահանջվում է, որ մինչեւ 2050 թվականը 80 տոկոսով կրճատվեն արտանետումները, չգիտեմ` որքանով է հնարավոր, բայց բնությունը դա է պահանջում»,-ասաց Ա. Գաբրիելյանը: Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբերին Դանիայի Կոպենհագեն քաղաքում կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիային կողմ երկրների 15-րդ համաժողովը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Կոնֆերանսի արդյունքում ընդունվեց որոշում` շարունակել հիմնահարցի քննարկումը նաեւ համաժողովից հետո` նպատակ ունենալով լուսաբանել համաժողովի արդյունքները եւ նախանշել հետագա քայլերն ու գործողությունները: Ըստ «Կոպենհագենյան համաձայնության»` մինչեւ այս տարվա դեկտեմբեր Կանկունում կկայանա հերթական` 16-րդ համաժողովը:
Մայիս 12, 2010
