ԽԱՆՈՒԹՈՒՄ ՄԵԶ ԱՆՎՃԱՐ ԹՈՒՅՆ ԵՆ ՏԱԼԻՍ

Արման Ղարիբյան, Հետք

Ամեն օր խանութից գնումներ կատարելիս վաճառողները մեզ անվճար տալիս են պոլիէթիլենային տոպրակներ, որոնք թունավորում են բնությունն ու մարդկանց: «Խոսքը միայն սնունդ գնելիս պոլիէթիլեն գործածելու մասին չէ, խաղալիքներ կամ որեւէ այլ իր գնելու դեպքում էլ դա վերջում դառնալու է աղբ, որը վերամշակման ենթակա չէ»,- ասում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի պատկան մարմինները չեն վերահսկում պոլիէթիլենի ներկրման եւ արտադրության քանակները, եւ փաստորեն` մեր երկրում շրջանառության մեջ կա անսահմանափակ քանակությամբ պոլիէթիլեն:

«Պոլիէթիլենը շատ արագ մտնում է կերակրային շղթա, իսկ հողում կամ ջրում երկար տարիների ընթացքում է քայքայվում, որի ընթացքում բավականին թունավոր նյութեր է արտադրվում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, որ պոլիէթիլենային ներթափանցումը շրջակա միջավայր եւ սննդում նաեւ քաղցկեղի առաջացման պատճառ է:

Խնդրի լուծման միջոց է թղթե տոպրակների գործածումը, որը մեկ այլ էկոլոգիական խնդիր է առաջացնում` ծառերի հատումը: Որպեսզի սրանից խուսափենք, պետք է վերամշակել թուղթը: Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ թղթի վերամշակումը շահավետ բիզնես է: «Հայաստանում կան մի քանի թղթի վերամշակման ընկերություններ, բայց դրանք չեն խրախուսվում, օժանդակություն չեն ստանում պետության կողմից»:

Ռուբեն Խաչատրյանը խանութից գնում է միայն ապակե տարաներով հեղուկներ եւ թղթե տոպրակներ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը «Սթար», «Ֆրեշ» եւ «Զովք» սուպերմարկետների հետ համատեղ թղթե տոպրակների վաճառք է սկսել, որը, հիմնադրամի տնօրենի խոսքով` ինքնարժեքից էլ ցածր գնով է վաճառվում` 50 դրամ:

Հուլիս 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր