Հանրային լսումներ Կապանում և Քաջարանում ԶՊՄԿ-ի հայտերի վերաբերյալ

Հանրային լսումներ Կապանում և Քաջարանում ԶՊՄԿ-ի հայտերի վերաբերյալ

2021թ. ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Քաջարան համայնքում տեղի կունենա «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (երկրորդ փուլ): Ընկերությունը նախատեսում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում կառուցել պայթուցիկ նյութերի նոր պահեստ և դիզելային ավտոհավաքակայան, նորացնել ավտոպարկի կազմը, միևնույն ժամանակ՝ տեղակայել  թիվ 1, 2 և 4 դյուկերների համար հակավթարային և սպասարկման ավազաններ: 

Նույն օրը Կապանում՝ ժամը 10:00-ին, ընկերությունը ևս մեկ հանրային քննարկում (երկրորդ փուլ) է նախատեսել անցկացնել Կապանում անտառատնկման և անտառավերականգնման աշխատանքների վերաբերյալ՝ որպես անտառային տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցում: 

Ծառատունկ Կապանում և Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ

Անտառվերականգնման աշխատանքները կընդրկգեն 20 հա տարածք: Կտնկվի ավելի քան 72 հազար ծառ: Ծառատունկի մի փոքր մասը նախատեսվում է իրականացնել Կապանում՝ Ողջի գետի ափին, մեծ մասը՝ Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ: Արծվանիկի պոչամբարի շրջակայքում գտնվող 4,5 և 13,5 հա տարածքներում «ԶՊՄԿ»-ն ծառատունկը նախատեսում է իրականացնել այս տարի, իսկ 2022թ.՝ Ողջի գետի ձախ ափին՝ 1,5 և 0,5 հա տարածքներում: 

Որպես ծառատեսակ են ընտրվել հիմնականում կաղնու ենթատեսակները, ինչպես նաև՝ գիհի, նռնենի, պայթակենի, ցախակեռաս, շլորենի, հոնի և այլն, որոնց շուրջը փշալարով ցանկապատ կտեղադրվի: Անտառվերականգնման ամբողջ աշխատանքների իրականացման համար ընկերությունը կհատկացնի ավելի քան 50 միլիոն դրամ: 

Փոփոխություններ արդյունահանման նախագծում

Ըստ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի դիզելային ավտոհավաքակայանի արտադրական հրապարակի և պայթուցիկ նյութերի նոր պահեստի տեղակայումը նախատեսված է իրականացնել բացահանքի հրապարակում՝ կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքում։ 

Դիզելային ավտոհավաքակայանի և պայթուցիկ նյութերի նոր պահեստի հրապարակների միջև հեռավորությունը կազմելու է մոտ 700մ։ Հրապարակների հեռավորությունը Ողջի գետի հունից և Քաջարանի միջհամայնքային ճանապարհից կլինի համապատասպանաբար՝ 700 և 1100մ։ Դիզելային ավտոհավաքակայանի արտադրական հրապարակի կազմակերպման համար հանքավայրի տարածքում հատկացվել է 40823.7 քառ.մ ընդհանուր մակերեսով տարածք: Ըստ ՇՄԱԳ հայտի՝ ներհրապարակային տարածքում նախատեսվում է տեղադրել հանքում աշխատող տրանսպորտային տեխնիկան սպասարկելու համար թվով 14 շենք ու կառույցներ՝ վերանորոգման և սպասարկող նշանակության: 

Մինչև 600տ ընդհանուր տարողությամբ պայթուցիկ նյութերի նոր պահեստի համար ընկերությունը կհատկացնի 4.68 հա տարածք: Իսկ դյուկերների հակավթարային և սպասարկման ավազանների կառուցումը նախատեսում է պահուստային խողովակաշարերի և դրանց սպասարկման տարածքների կառուցում: 

Ապրիլ 20, 2021 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր