«Քաղաքապետերի դաշնագրին» միացած Հայաստանի 28 համայնքներից 12-ն ունեն ակտիվ, իսկ 16-ը՝ կասեցված կարգավիճակ

«Քաղաքապետերի դաշնագրին» միացած Հայաստանի 28 համայնքներից 12-ն ունեն ակտիվ, իսկ 16-ը՝ կասեցված կարգավիճակ

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» խոշոր էներգետիկ նախաձեռնությանը Հայաստանից միացել է 28 համայնք, սակայն դրանցից 16-ի անդամակցությունը ներկայում կասեցված է:

Դաշնագրին միանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, համայնքները պետք է մշակեին կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր: Այդ ծրագիրը չմշակած համայնքների անդամակցությունը կասեցվել է:

«Կասեցված կարգավիճակը չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Ցանկացած ժամանակ համայնքները կարող են ակտիվացնել իրենց մասնակցությունը՝ ներկայացնելով համայնքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը, և մեր նպատակն է աջակցել նրանց», - ասաց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը Հայաստանի համայնքների միության կազմակերպած մեդիա հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ Եվրոպական միությունը «Քաղաքապետերի դաշնագիրը» համարում է կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու իր կարևոր գործիքներից մեկը, քանի որ հենց քաղաքներում է տեղի ունենում ջերմոցային գազերի արտանետումների 60-80 տոկոսը:

Հայաստանում ԵՄ «Քաղաքապետերի դաշնագրում» ակտիվ կարգավիճակ ունեցող համայնքներն են՝ Ծաղկաձոր, Արթիկ, Էջմիածին, Հրազդան, Ապարան, Գյումրի, Վանաձոր, Երևան, Սպիտակ, Վայք, Ստեփանավան և Տաշիր։

Կասեցվել է հետևյալ համայնքների անդամակցությունը՝ Սևան, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Սիսիան, Աբովյան, Իջևան, Ալավերդի, Քասախ, Ախթալա, Մասիս, Աշտարակ, Գավառ, Փարաքար:

ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած համայնքները պետք է գնահատեն էներգիայի հասանելիության և էներգետիկ աղքատության մակարդակը, ձեռնարկեն միջոցառումներ համայնքի բնակչության համար անվտանգ, կայուն և մատչելի էներգիայի հասանելիության ապահովման և էներգետիկ աղքատության նվազեցման համար, հանձն առնեն բարձրացնել էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:

Դաշնագիրը ստորագրող կողմերը նախկինում ունեին հանձնառություն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 20%-ով, այնուհետև այս ցուցանիշը հասցվեց 30%-ի: Ներկայում քաղաքներն ավելի հավակնոտ նպատակներ են դրել իրենց առջև և հանձն են առել մինչև 2030 թվականը կրճատել արտանետումները 35%-ով:

Թե որքանով են էներգաարդյունավետ և խնայող ծրագրերի արդյունքում կրճատվել համայնքներում ջերմոցային գազերի արտանետումները, պարզ չէ, քանի որ համայնքների կողմից չի իրականացվում մշտադիտարկում:

«Դա ամենամեծ խնդիրն է, ըստ իս: Համայնքներում պետք է իրականացվի մոնիթորինգ: Այստեղ մենք ունենք մեծ թերություն, և դրա լուծումն այն է, որ պետությունը պարտադրի համայնքներին առնվազն տարին մեկ անգամ ներակայացնել հաշվետվություն՝ ինչ ծրագրեր են իրականացվել և այդ ծրագրերի կլիմայական բաղադրիչը», - ասաց  Արտեմ Խարազյանը:

«Քաղաքապետերի դաշնագիրը» համայնքներին ուղիղ ֆինանսավորում չի տրամադրում, տրվում է փորձագիտական աջակցություն՝ մասնագիտական կարողություններ ձևավորելու և հզորացնելու:

«Մենք աջակցում ենք ստորագրող կողմերին հայթայթել ֆինանսներ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ համայնքները ցանկանում են, որ մենք իրենց տանք ձուկ, կամ տանք փող, որպեսզի նրանք գնեն այդ ձուկը։ Բայց մեր ծրագրի նպատակն է սովորեցնել նրանց՝ ինչպես ձուկ բռնել։ Որովհետև եթե մենք դա չսովորեցնենք նրանց, նրանք միշտ սպասելու են ֆինանսական աջակցության», - ասաց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը: Նա նշեց, որ համայնքները յուրաքանչյուր երկու տարին մեկ պետք է հաշվետվություններ ներկայացնեն կատարված աշխատանքների և առաջընթացի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նշվեց «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում»:  Համաժողովի շրջանակներում Հայաստանի համայնքները ներկայացրին իրենց փորձն ու կատարված աշխատանքները: 

Լուսանկարը՝ Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 19, 2022 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր