

2023թ. ապրիլի 11-ին Գյումրիում տեղի ունեցավ «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում-Գյումրի» թեմայով կլոր սեղանը: Այն կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրի գործողությունների ու առնչվող փաստաթղթերի վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքները:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 3 ծրագիր: «2016թ. «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի համար ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 14,6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21.9 միլիոն եվրո: 2017թ. «ՀԷՑ-Բաշխիչ ցանցի արդիականացում» ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 80 միլիոն դոլար վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը 200 միլիոն դոլար է: 2021թ. «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի ներդրումային ծրագրի համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 60 միլիոն դոլար վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը 148,400,000.00 ԱՄՆ դոլար է, ներառյալ մինչև 20,000,000 ԱՄՆ դոլար սինդիկացված»,- ասաց նա:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրի համաձայն Գյումրիում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան 325.6 մկգ/խմ է, իսկ ածխաթթու գազին համարժեք տարեկան արտանետումները մեկ շնչի հաշվով կազմել են 3.36 տոննա: «Մինչև 2025թ. միջնաժամկետ թիրախով նպատակ է դրված հասնել 0.15 մկգ/խմ փոշու միջին տարեկան կոնցենտրացիայի, իսկ CO2-ի՝ մեկ շնչին համարժեք տարեկան արտանետումները պետք է կազմեն 3 տոննա»,- նշեց Վիկտորյա Բուռնազյանը: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ փոշու նվազում չի եղել: 2022թ. բոլոր 4 եռամսյակներում Գյումրիում արձանագրվել են փոշու ՍԹԿ-ի գերազանցումներ:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնդրին՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Գյումրիում բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը յուրաքանչյուր բնակչի հաշվով կազմել է 3.91 մ2, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող նվազագույն արժեքը 9 մ2 է: «2025թ. միջնաժամկետ թիրախով նախատեսվում է ավելացնել մեկ բնակչի հաշվով կանաչ տարածքը՝ դարձնելով այն մինչև 6 մ2: 2020թ. Գյումրի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (2017-2021թթ.) իրականացման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ համայնքի կանաչ տարածքների համար նախատեսվել է 1.1% աճ, ինչը չի ապահովվել: 2021թ. նախատեսվել է 1,4 % աճ, սակայն իրականացվել է միայն 1%-ի չափով: 2022թ. համար նախատեսվել է կանաչ տարածքներն ավելացնել 1 %-ով: Սակայն 2022թ. արդյունքները չեն հրապարակվել»,- ասաց նա:
Անդրադառնալով հողին և թափոններին՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Գյումրու հողի որակին առնչվող տվյալները սուղ են, չկա պարբերական մշտադիտարկում: «Որոշ գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ 22 մանկապարտեզների հարակից տարածքներում առկա է չափավոր և միջին մակարդակների աղտոտվածություն: Որոշ բնակելի հատվածներում առկա է բարձր աղտոտվածություն: Հաստատվել է չլիազորված աղբավայրերի գոյություն: Գյումրու համայնքապետարանի 2020-2021թթ. զարգացման ծրագրերի իրականացման հաշվետվությունների համաձայն՝ համայնքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել 95-96% աղբ, որքան որ պլանավորված է եղել նախապես: Նախատեսված 5%-ի փոխարեն միայն 2021թ. մաքրվել է 2.2% տարածք»,- նշեց նա:
Ըստ կատարված ուսումնասիրության՝ ջրային ռեսուրսների խնդիրները կապված են գետերի աղտոտվածության, ջրային կորուստների, ջրի որակի հետ: «Ըստ «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրի՝ Ախուրյան գետում թթվածնի կենսաքիմիական պահանջարկը կազմել է 3.44 մգ/լ, ամոնիումի (NH4) կոնցենտրացիան՝ 1.78 մգ/լ, ինչը բացասական ներգործություն կարող է ունենալ ծածանազգի ձկների և սաղմոնազգիների պոպուլյացիաների առողջության և կենսական գործառույթների համար: Նախատեսվել են թիրախներ ջրի որակը բարելավելու վերաբերյալ: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022թ. 4-րդ եռամսյակի տվյալների համաձայն՝ Ախուրյան գետի ջրի որակը Գյումրի քաղաքից ներքև գնահատվել է «վատ» (5-րդ դաս)։ 2021թ. Ախուրյան գետում հայտնաբերվել է Ֆոսֆատ իոն, արսեն, մանգան, ընդհանուր ֆոսֆոր, կախույթային չոր նյութեր, ամոնիում իոն, նիտրիտ իոն, երկաթ, մոլիբդեն: Գետն ունեցել է անբավարար որակ (4-րդ դաս)», - նշեց նա: Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ խնդիրներ են արձանագրվել նաև ջրամատակարարման համակարգում՝ կապված չհաշվառված ջրի չափազանց բարձր մակարդակի հետ՝ 85-87%: Մինչև 2025թ. միջնաժամկետ թիրախով սահմանվել է չհաշվառված ջուրը հասցնել 25-35%-ի:
Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ Գյումրու տրանսպորտային ոլորտում նախատեսված են եղել ծրագրեր, որով պետք է ավարտին հասցվեր հետիոտնի համար նախատեսված ճանապարհային կողմնորոշիչ նշանների համաքաղաքային ցանցի տեղադրումը, պետք է իրականացվեին քայլելուն և հեծանվավազքին նվիրված գովազդային արշավներ:
Լուսանկարում հետիոտնային անցումի վրա հետիոտնի համար նախատեսված լուսացույց չկա
Արդյունաբերության ոլորտում նախատեսված է եղել հետազոտել ու նվազեցնել աղտոտված արդյունաբերական տարածքների ռիսկերը:Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ նշեց, որ Գյումրիում իրականացվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ »ծրագիրը, որի շրջանակներում արդիականացվել է Գյումրու փողոցային լուսավորության համակարգը, նորոգվել են մի շարք փողոցներ:
Գյումրու հին ու արդիականացված լուսային համակարգը մի նկարում
Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ, ըստ էության, Գյումրու բնակիչների՝ առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանված չէ: Համայնքի մթնոլորտային օդն աղտոտված է: Կանաչ տարածքները բավարար չեն: Չկա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր: Փաստացի Գյումրին «Կանաչ քաղաք» ծրագրով նախատեսված գլխավոր նպատակներին դեռևս չի հասել:
Ապրիլ 14, 2023 at 16:04