

Վանաձորի և Գյումրիի համայնքապետարանները պոլիէթիլենային թափոններ վերամշակող և շինարարական արտադրանք թողարկող հոսքագծեր կստանան «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում։
«Հոսքագծերից յուրաքանչյուրն ապահովելու է կայուն աշխատատեղեր և քաղաքային ենթակառուցվածքներում մեծ պահանջարկ ունեցող շինարարական սալիկների արտադրություն՝ վերամշակված պլաստիկ թափոնների կիրառմամբ։ Փորձագետների իրականացրած շուկայի հետազոտությունը, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան փորձը ցույց են տվել, որ նման սալիկներն ունեն բարձր որակ և երկարակեցություն, իսկ ինքնարժեքը 20-30% ցածր է ցեմենտի խառնուրդից պատրաստված համանման արտադրանքից»,- ԷկոԼուրին հայտնեց «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ծրագրի տեսանելիության մասնագետ Տաթևիկ Բաղրամյանը։
Հոսքագծերից յուրաքանչյուրը կարող է օրական արտադրել մեկ տոննայից ավելի շինարարական սալիկ։ Ըստ տեխնոլոգիական բաղադրության՝ սալիկների հիմնական բաղադրիչը մանր ավազն է, որը կազմում է սալիկի կշռի 75-80%-ը, իսկ մնացած 20-25%-ի գերակշիռ մասը կազմում է վերամշակված պոլիէթիլենը։ Հոսքագծի մաքսիմալ ավտոմատացման արդյունքում արտադրական գործընթացն անընդմեջ է, և հոսքագիծը սպասարկում են ընդամենը 2-3 բանվոր։
«Հոսքագծի դրական հատկանիշներից է անթափոն աշխատանքը, ինչը պլաստիկ թափոնի վերամշակման հետ մեկտեղ սույն արտադրությունը դարձնում է օրինակելի և չափազանց կարևոր՝ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից»,- ասաց Տաթևիկ Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ծրագրի շրջանակներում 2022 թվականին մշակվել են Վանաձոր և Գյումրի համայնքների Կոշտ կենցաղային թափոնների կառավարման քառամյա ռազմավարությունները։ Դրանք հաստատվել են համայնքների ավագանիների կողմից։ Ծրագրի շրջանակներում Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններին արդեն հանձնվել է 1260 աղբաման, որոնցից 630-ը նախատեսված է կենցաղային աղբի, 630-ը՝ պլաստիկ թափոնների համար: Վանաձորի համար նախատեսված է 600, Գյումրի համայնքի համար՝ 660 աղբաման:
Նոյեմբեր 02, 2023 at 18:10