

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփել է 2023թ. իրականացված աշխատանքները: Կազմակերպությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է եղել բոլոր տարիքի հնարավորինս շատ մարդկանց ներգրավել մաքուր շրջակա միջավայրի համար պայքարում՝ բարձրացնելով շրջակա միջավայրի աղտոտման լուրջ հետևանքների մասին իրազեկվածությունը։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է բնապահպանական ճամբար, որի ընթացքում մասնաճյուղի աշխատակիցներն ու կամավորները «Գուգարք» երիտասարդական բնապահպանական ճամբարում անց են կացրել միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների էկոկրթական մակարդակի բարձրացմանը: Բացվել է բնապահպանական ակումբ, որի շրջանակներում օգոստոսից դեկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր շաբաթ իրականացվել են բնապահպանական թեմաներով դասընթացներ տարբեր տարիքային խմբերի հետ: Քաղաքային և գյուղական բնակչության շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով վերաբերմունքի և գիտակցված սպառման պրակտիկան խթանելու նպատակով ստեղծվել են տեղական կամավորական խմբեր, որոնք իրականացրել են մաքրման արշավներ:
Ծրագրի շրջանակում նկարահանվել է ֆիլմ, ստեղծվել են վերամշակման մասին տեղեկատվական թերթիկներ, 10 վայրերում տեղադրվել են աղբի տեսակավորմանն տարաներ։ Բերքի փառատոնին, որի համատեղ կազմակերպիչն էր նաև NABU հայաստանյան մասնաճյուղը, ծրագրի կողմից ներկայացված է եղել հարթակ, որտեղ 2 օր շարունակ իրականացվել են բնապահպանակն թեմայով դասընթացներ։ Ծրագրի թիմը Գերմանիայում այցելել է նաև NABU տարածքային գրասենյակներ և հանդիպել ինչպես տեղի աշխատակիցների, այնպես էլ կամավորական խմբերի հետ՝ փորձի փոխանակման նպատակով։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղ
Հունվար 09, 2024 at 17:28