Հայաստանյան ՀԿ-ները միանում են վրացի գործընկերների՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը չընդունելու պահանջին

Հայաստանյան ՀԿ-ները միանում են վրացի գործընկերների՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը չընդունելու պահանջին

Ապրիլի 15-ից սկսած ամեն օր Վրաստանի հասարակությունը դուրս է գալիս փողոց՝ պահանջելով իշխանություններից չընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ 3 օր շարունակ ցուցարարները փակում են Թբիլիսիի Շոթա Ռուստավելու փողոցը, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը: Ցույցերն ընթանում են բախումներով, բայց ամեն նոր օրվա հետ ցուցարարների թիվն ավելանում է: Մեծանում են նաև ճնշումները նրանց նկատմամբ:

Օրինագիծն օրակարգ է բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաստիացնելով, որ նպատակը Վրաստանի ժողովրդավարության ամրապնդումն է, թափանցիկության և հաշվետվողականության  բարձրացումը: Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը:

«Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին ու արժեքներին»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այս մասին հաղորդում է Vedomosti-ին:

«Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ։ Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին»,- նշված է Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ:

Վրացիներն այս օրինագիծը համարում են ռուսական օրինագծի կրկնօրինակ: «Այո՝ Եվրոպային, ոչ՝ Ռուսաստանին», սա ցուցարարների կարգախոսներից է: Ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները:

Վիճահարույց օրինագծի համաձայն՝ այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, պետք է ամեն տարի հունվարին եկամուտների պաշտոնական հայտարարագիր ներկայացնեն և պետք է պարտադիր կարգով գրանցվեն որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ: Դա չանելու դեպքում նրանք ստիպված են լինելու 25 հազար լարի (մոտ 10 հազար ամերիկյան դոլար) տուգանք վճարել։

Ընդդիմախոսները վստահ են, որ օրենքի ընդունման դեպքում ինչպես Ռուսաստանում է, այնպես էլ Վրաստանում ընդդիմադիր կամ չեզոք հանրային կազմակերպությունների գործունեությունը կսահմանափակվի կամ կդադարեցվի:
 
Օրինագծի վերաբերյալ վրացական «Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Մանանա Կոչիլաձեն ասում է. «Սա շատ վատ օրինագիծ է: Մեր կառավարությունը մեզ խոստացել էր, որ այլևս այս օրինագիծը օրակարգ չի բերի, բայց չկատարեց խոսումը: Այս օրինագծի ընդունմամբ ցանկանում են լռեցնել հասարակական կազմակերպություններին»:

«ԷկոԼուր», «Կանաչ Հայաստան», «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպություններն  իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և միանում նրանց պահանջին:



Ապրիլ 18, 2024 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր