Սույն թվականի սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի» մեկնարկային միջոցառումը։
Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի՝ մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի պատասխանատվության կազմակերպության հիմնադրումը, որը կհամակարգի երկրում գոյացող փաթեթավորման թափոնների կայուն կառավարումը։ Արտադրողի պատասխանատվության կազմակերպության հիմնադրման գործընթացի շրջանակում իրականացվում է պիլոտային ծրագիր, որը մեծապես կօժանդակի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրության մշակումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով պիլոտային ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում։
Միևնույն ժամանակ, Ամերիկայի առևտրի պալատի Կայուն զարգացման հանձնաժողովը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, որի շրջանակում միջազգային փորձագետն աջակցություն կտրամադրի պիլոտային ծրագրի հիմնադիր անդամ-կազմակերպություններին ծրագրի իրականացման ընթացքում։
Պիլոտային ծրագրի մեկնարկային միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը, Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Էլինա Մարկարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Պիլոտային ծրագրի խորհրդատու, Գրանթ Թորնթոն Կիպրոսի կայունության գծով ղեկավար և Պարպունաս Կայունության խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Կիրակոս Պարպունասը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Հաշվի առնելով, որ համակարգի ներդրումը ամբողջությամբ նոր մեխանիզմ է լինելու մեր երկրի համար, պիլոտային ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ընտրված համայնքի շրջանակներում վերհանել ինստիտուցիոնալ բացերը և արձանագրել հիմնական խնդիրները՝ զուգահեռաբար ստացված արդյունքներն ինտեգրելով մշակվող իրավական նախագծերում՝ խուսափելով իրավակիրարկման փուլում որոշակի բարդություններից։ Ուզում եմ վերահաստատել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ է համագործակցել պիլոտային ծրագրի շրջանակում և միախմբել շահագրգիռ բոլոր կողմերին՝ լավագույն արդյունքի հասնելու նպատակով», - ասել է Արա Մկրտչյանը։
Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագիրը ֆինանասավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՊԲԸ-ի, «Երևանի կոնյակի գործարան» ՊԲԸ-ի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի կողմից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Սեպտեմբեր 05, 2024 at 12:30