

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում տեղի ունեցավ իրազեկող քննարկում՝ նվիրված Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանը։ Քննարկումը նախաձեռնել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հրազդանի համայնքապետարանի աջակցությամբ։
Հանդիպմանը մասնակցեցին համայնքապետարանի պատասխանատուներ, տեղական հասարակական կազմակերպություններ, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի, «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և բնակիչներ։ Մինչ քննարկման մեկնարկը մասնակիցներին տրամադրվեցին ԱԸՊ համակարգի և թափոնների տեսակավորման վերաբերյալ իրազեկող նյութեր։

Մասնակիցներին ողջունեց Հրազդանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանը՝ ընդգծելով համայնք–քաղաքացիական հասարակություն համագործակցության կարևորությունը․

Վանուհի Բարեղամյան
«Նման հանդիպումները կարևոր դեր ունեն մեր համայնքի կայուն զարգացման և համագործակցության ամրապնդման գործում։ Վերջերս գործարկված Հրազդանի սանիտարական աղբավայրը, ինչպես նաև Միկրոշրջան թաղամասում «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի և այլ գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվող տեսակավորման ու վերամշակման պիլոտային ծրագիրը մեր համար կարևոր առաջընթաց են։ Լիահույս ենք, որ այս ծրագիրը կդառնա ամբողջ համայնքը ընդգրկող և երկարաժամկետ լուծում»։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման համակարգը։

Վիկտորյա Բուռնազյան
ԱԸՊ համակարգը կոնկրետ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների տեսակավորված հավաքման, վերամշակման, վնասազերծման համար: Այս գործառույթն արտադրողներն ու ներմուծողները կպատվիրակեն իրենց կողմից ստեղծված Արտադրողի պատասխանատվության կազմակերպությանը (ԱՊԿ)։
Ներկայում Հայաստանի բնակավայրերում առաջանում է միջինում օրական 1,887 տոննա կամ տարեկան 688,937 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Դրանց մոտ կեսը վերամշակելի են, սակայն վերամշակվում է ընդամենը 5 տոկոսը։ Թափոնների զգալի մասը՝ մոտ 20 տոկոսը, կազմում են փաթեթավորման թափոնները, որոնք հիմնականում ուղարկվում են գործող աղբավայրեր։ 2020 թվականին քարտեզագրված է եղել 297 աղբանոց, որոնք շարունակաբար բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա։ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրինագծի մշակմանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Օրինագծում նախատեսված են դրույթներ նաև համայնքների համար։ Ըստ այդմ, համայնքը պետք է պարտադիր տեսակավորի հատուկ թափոնները։ Այս գործառույթը համայնքը կարող է կատարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ պատվիրակելով օպերատորի կամ պայմանագիր կնքելով ԱՊԿ-ի հետ։ Համայնքն իրավասու է սահմանել իր կողմից տեսակավորված հատուկ թափոնների ԱՊԿ-ին վաճառքի դրույքաչափերը։ Համայնքը նաև պետք է ապահովի բնակիչների իրազեկումը թափոնների տեսակավորված հավաքման վերաբերյալ։
ԱԸՊ ապրանքների ցանկը և ըստ տարիների հատուկ թափոնների հավաքագրման թիրախները կսահմանվեն ՀՀ կառավարության որոշումներով, որոնք կընդունվեն ԱԸՊ մասին օրենքի ընդունումից հետո։

Հրազդանի նոր սանիտարական աղբավայր
ԱԸՊ համակարգի հաջող գործարկման արդյունքում․
- կնվազի առաջացող և աղբավայր տեղափոխվող թափոնների ծավալը
- կապահովեն հատուկ թափոնների կառավարման և էկոլոգիապես անվտանգ գործածության համար ինստիտուցիոնալ և ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ
- ՏԻՄ-երը օժանդակություն կստանան բարելավելու թափոնների կառավարումը և բեռնաթափելու աղբահանության տեղական համակարգերի աշխատանքները
- կզարգանան թափոններ վերամշակող ձեռնարկությունները
- կխթանվի շրջանաձև տնտեսությունը
- կխթանվի թափոնների կառավարման ոլորտում զբաղվածության բարձրացումը
- կնվազեցեն հանրային առողջության ռիսկերը
- կբարձրանա հանրային իրազեկվածությունը և կխթանվի թափոնների տեսակավորումը
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ արդեն իսկ Հայաստանում իրականացվում են ԱԸՊ համակարգի ներդրման պիլոտային ծրագրեր։ Դրանցից մեկն իրականացվում է հենց Հրազդանում, ինչի մասին նշեց նաև Հրազդանի համայնքապետարանի ներկայացուցիչը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-Ի կողմից և ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ համագործակցությամբ ստեղծվել է «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամը, որը Հրազդանի համայնքապետարանի հետ կնքած հուշագրի շրջանակում «Միկրոշրջան» թաղամասում՝ 35 հասցեում, տեղադրել է 70 տեսակավորման թափոնաման։ «ԷԿՈՓԱԿ»-ը պատվիրակել է «Մաքրություն» ՍՊԸ-ին հավաքելու Հրազդանի տեսակավորված թափոնները։ Ադյունքում Հրազդան քաղաքն առանց ծախս անելու ձերբազատվում է աղբի որոշակի ծավալից։
Պիլոտային ծրագրեր են իրականացվում նաև Սևանում, Ստեփանավանում և Տաշիրում։ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում Սևան համայնքում տեղադրվել է 1680 տեսակավորման թափոնաման և տրամադրվել է 1 թափոնատար մեքենա։ Համայնքը պայմանագրով թափոնամաններն ու թափոնատարը հանձնել է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ին, որն իրականացնում է թափոնների հավաքում և ուղարկում վերամշակման։ Իսկ Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր համայնքներում ՏԻՄ-երը նախաձեռնել են ստվարաթղթի հավաքում և վերամշակման հանձնում։

Հրազդանի նոր սանիտարական աղբավայր
Այնուհետև, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի գործունեությունը, Հրազդանի սանիտարական աղբավայրի առավելություններն ու խնդիրները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի աղբահանության բաժնի ղեկավար Էմիլ Հակոբյանը։ «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի տնօրեն Մհեր Սահակյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը։ Հիմնադրամը կարող է համարվել Հայաստանում գործող առաջին արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը։
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել շրջայց Հրազդանի սանիտարական աղբավայրում՝ համայնքապետարանի, շահագրգիռ ՀԿ-ների և բնակիչների մասնակցությամբ։
ՀԿ-ների ներկայացուցիչները «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի տնօրենի հետ փոխանակվեցին կոնտատներով՝ համագործակցելու թափոնների տեսակավորման իրազեկման աշխատանքներում։
Իրազեկման հանդիպումը կազմակերպվել էր Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» ենթածրագրի շրջանակներում։ Ենթածրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Շարունակելի
Նոյեմբեր 24, 2025 at 16:32
