

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հետաքրքրվելով, թե վերջին 5 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանն առանձին և համագործակցելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ Երևանում ջրամատակարարման, ջրահեռացման, հեղեղատար համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր է իրականացրել և ինչ արդյունքներ են արձանագրվել։
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության
վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները կատարող Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ 2021-2025թթ․ ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կառուցվել/վերակառուցվել են թվով 2 հասցեների ջրամատակարարման, թվով 109 հասցեների կոյուղատար (թվով 22 հասցեների շինարարարական աշխատանքները ընթացքի մեջ են) և թվով 6 հասցեների հեղեղատար (թվով 1 հասցեի շինարարարական աշխատանքները ընթացքի մեջ է) համակարգեր:

Էկոլուրը նաև հետաքրքրվել է, թե ո՞ր ջրաղբյուրներից է ջուր վերցվում Երևանի կանաչ տարածքների, ծառուղիների ջրման և շատրվանների շահագործման համար և ի՞նչ ծավալով։ Նարեկ Գրիգորյանը հայտնել է․ «Մայրաքաղաքի կանաչ տարածքների և ծառուղիների ջրման համար ջուրը մատակարարվում է Ջրային կոմիտեի «Երևան» և «Կոտայք» ՋՕ ընկերությունների կողմից, ինչպես նաև խորքային հորերից: 2024թ. տվյալներով (2025թ-ի տվյալները դեռ չեն ամփոփվել) «Երևան» ՋՕԸ-ն մատակարարել է 4.517.500 խմ, իսկ «Կոտայք» ՋՕԸ-ն՝ 559.116 խմ: Խորքային հորերի ջուրն օգտագործվում է ըստ նորմատիվ թույլատրելի քանակի՝ յուրաքանչյուրն իր տրված թույլտվությամբ: Շատրվանները սնվում են հիմնականում խորքային հորերից, մի քանիսն էլ՝ ոռոգման ջրով: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից շահագործվող շատրվաններն ու ջրավազանները ջրով լիցքավորվում են շաբաթական 1 անգամ»:
Նոյեմբեր 04, 2025 at 18:39
